Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կյանք՝ պարտքի դիմա՞ց

Նոյեմբեր 20,2006 00:00

ՀՀ իշխանություններին այսպիսի պաստառով դիմեցին մի խումբ երիտասարդներ

Նոյեմբերի 12-ին Ռուսաստանի ֆաշիստական խմբավորումների կողմից ազգայնական հողի վրա կատարված 15-ամյա հայազգի Նարեկ Քոչարյանի սպանությունը դատապարտելու նպատակով, երեկ մերձմոսկովյան Իվանետեւկա քաղաքում մի խումբ երիտասարդներ, որոնք հավաստիացնում էին, որ իրենք որեւէ կուսակցության չեն պատկանում եւ պատվիրված չէ իրենց նախաձեռնությունը, բողոքի ալիք էին բարձրացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի առաջ: Նախարար Վարդան Օսկանյանին հղված նամակում մասնավորապես ասվում է. «Վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանի Դաշնությունում սպանվել է ավելի քան երեք հազար հայ: Հայաստանի տարին Ռուսաստանում ուղեկցվում է հայազգի պատանիների վայրագ սպանություններով»: Ցուցարարները վերջին շրջանում Ռուսաստանում սպանված հայ երիտասարդների անունները (Արթուր Սարդարյան, Սամվել Թադեւոսյան, Վիգեն Աբրահամյանց, Նարեկ Քոչարյան), ի նշան բողոքի, փակցրել էին պաստառների վրա՝ «Լռությունը մահ է», «Ո՞վ է պատժվել», «Քանի՞սն են բացահայտվել», «Ո՞վ է հաջորդը», «Սպանվել է, քանզի հայ է», «Մահվան պատճառը հայ լինելն է» եւ այլ մակագրություններով ՀՀ իշխանություններից պահանջում էին զգաստանալ եւ զոհ չգնալ ռուսասիրությանը, հետամուտ լինել անմեղ զոհերի ոճրագործությունն իրականացնողների հայտնաբերմանը եւ դատապարտմանը: «Խելապակաս ռուսասիրություն» պաստառի հեղինակ, գրող Մարինե Պետրոսյանը հանգել էր նրան, որ հայերս մեր ռուսասիրության պատճառով ծուղակում ենք հայտնվել, պատանդի կարգավիճակում գտնվող մարդիկ ենք. «Մեր իշխանությունները մեր ողջ տնտեսությունը տվել են ռուսներին, հանգամանք, որն օգտագործում են ռուսները եւ չեն կանխում ոտնձգությունները հայերի նկատմամբ: Մեր իշխանությունները պետք է սթափվեն՝ հասարակության ճնշման ներքո»,- եզրակացրեց նա: Քաղաքացի Արմեն Օհանյանը «Կյանք՝ պարտքի դիմաց» պաստառով փորձում է բարոյական ապտակ հասցնել ՀՀ իշխանություններին, քանի որ «Գույք պարտքի դիմաց» քաղաքականության արդյունքում Հայաստանի քաղաքացիների կյանքն իսպառ ոտնահարվել է Ռուսաստանում՝ «Այս իշխանությունները ի վիճակի չեն քաղաքական կտրուկ կամք դրսեւորել: Հաշվի չեն առնում Հայաստանի շահը, հայ մարդու, նրա արժանապատվության շահը, հանգամանք, որով էլ պայմանավորված է մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց նա: Իսկ Իզաբելա Սարգսյանի՝ ցուցարարներին միանալու հիմնական ցանկությունն այն էր, որ ՀՀ իշխանությունները հավասարակշռված քաղաքականություն կառուցեն ՌԴ-ի հետ: Նրա խոսքերով՝ «Մեր պետական այրերը հետաքննություն չեն անցկացնում, թե ինչո՞ւ են հայերն այնտեղ սպանվում: Մեր ձգտումն է, որ մեր իշխանությունները կոշտ քաղաքականություն վարեն ռուսների հետ: Մենք չենք զգում մեր պետության պատասխանատվությունը իր քաղաքացիների նկատմամբ»:

Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ Մուրմանսկում գլխին հասցված հրազենային կրակոցից սպանվել է տեղի հայ համայնքի ղեկավար, հայտնի գործարար Արթուր Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել