Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՈՒՄ Է ՓՈՂՈՑՈՒՄ

Նոյեմբեր 20,2006 00:00

\"\"Լուսանկարում պատկերված 72-ամյա Մերի Հայրապետյանը այս տարվա ապրիլի 23-ից ապրում է Ամիրյան փողոցում: Նա գնալու տեղ չունի: Աշխատում է տներում, մաքրում բնակարաններ, վաստակում օրվա հացը: «Ես բոմժ չեմ,- հավատացնում է նա,- պարզապես բնակվելու տեղ չունեմ»: Տիկին Մերին մինչ փողոցում հայտնվելը ապրել է Ամիրյան փողոցի շենքերից մեկում, հետո վաճառել է իր բնակարանը, ծայրամասում տուն գնելու, փողը տնտեսելու համար: Թոշակառուի՝ Մասիսում բնակվող հորաքրոջ թոռը խոստացել է նրան, թե կօգնի տուն գնել Մասիսում, բայց խաբել է եւ յուրացրել նրա գումարները: Անօթեւան այս կինը ստանում է 12 500 դրամ թոշակ, 7000 դրամ նպաստ:Երեկ նա ձմեռային կոշիկ էր գնել ու դրա համար ուրախ էր: Բարի մարդիկ տաք վերմակ ու տաք հագուստ էին տվել նրան, որովհետեւ ողջ գիշեր քնում է «Սթար» սուպերմակետի աստիճանների վրա: Ոչ ոք նրան չի նկատում, որովհետեւ ժ.12-ից հետո վրան արկղեր է շարում, որպեսզի չնկատվի: Հարցրեցինք՝ ինչպես է կազմակերպում իր լողանալու հարցը: Պարզվեց, բաղնիք է գնում շաբաթը մեկ: «Չե՞ք վախենում շներից, հարբած անցորդներից, ոստիկաններից» հարցին էլ պատասխանում է՝ ոչ: Թե շները, թե անծանոթները ճանաչում են նրան: Բացառությամբ՝ նույն արյունն ունեցող հարազատների: Ծերանոց գնալու մեր առաջարկին դեմ է, ասում է, որ փնտրում է հավաքարարի տեղ. «Սովետի ժամանակ մինչեւ 90 տարեկան աշխատում էին, հիմա ասում են՝ մեծ ես, լեզուներ չգիտես»: Անօթեւան թոշակառուն իր համար հանրակացարանային ծածկ է փնտրում, գոնե մի անկողնու տեղ: Կգտնվի՞:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել