Հաշված օրեր են մնացել դեկտեմբերին, եւ ԿԳՆ-ն արդեն պետք է հայտարարի՝ ի վերջո 2006-2007 ուստարվա ավարտին ներդրվո՞ւմ է քննական նոր՝ թեստային համակարգը հայոց լեզու, գրականություն առարկայից, թե՞ ոչ:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) մինչեւ նոյեմբերի 15-ը պետք է ավարտեր քննությունների փորձարկման արդյունքների ամփոփումը եւ իր եզրակացությունները ներկայացներ ԿԳՆ: ԳԹԿ տնօրեն Վանյա Բարսեղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քննությունների արդյունքներն ուղարկված են դպրոցներ, եւ մնում է, որ խմբագրական որոշ աշխատանքներից հետո վերջնական փաստաթուղթ ներկայացվի ԿԳՆ: Որից հետո էլ նախարարությունը կասի իր տղամարդու խոսքը: Իսկ մինչ այդ, պրն Բարսեղյանն իրավունք չի վերապահում իրեն՝ վերջնական հայտարարություններ անել նոր համակարգի ներդրման կապակցությամբ: Նա միայն ամփոփելով մասնագիտական քննարկումներն ու զրույցները, ասաց. «Կա այն պոտենցիալը, որ համակարգն այս տարեվերջին ներդրվի»:
Հայտնի է, որ բացի բովանդակային հարցերից, փորձարկումը նպատակ ուներ քննական գործընթացի կանոնակարգային եւ ընթացակարգային հարցերի, կազմակերպչական աշխատանքների հստակեցում: Եվ, ըստ պրն Բարսեղյանի, այստեղ խնդիրները հիմնականում հարթված են: Ըստ տնօրենի, կարեւորը աշակերտներին ժամանակին քննասենյակներում տեղավորելն է, որ հանկարծ անձրեւի տակ չմնան: Բայց, օրինակ, թե ինչպես պետք է բացառել ամենացավոտ հարցերից մեկը՝ հուշումը, պրն Բարսեղյանը լավ չի պատկերացնում: Քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ նստարանները հեռու-հեռու դրվեն, որպեսզի երեխաները չկարողանան միմյանց հետ շփվել, բայց փորձարկումների ժամանակ մեր այցելությունները դպրոցներ՝ ցույց տվեցին, որ շատերը այնքան մեծ քննասենյակներ չունեն, որ նման ճոխություն թույլ տան իրենց: Իսկ լիազոր ներկայացուցիչների հուշումնե՞րը: Ասում են, որ մասնագետներն իրավունք չունեն գտնվել քննասենյակներում, բայց թեստային համակարգով քննության դեպքում՝ բոլորովին էլ պարտադիր չէ մասնագետ լինել, որպեսզի արագ սերտել ճիշտ տարբերակները եւ հուշել, թե որ վանդակում պետք է նշում կատարել: Կա մի խնդիր եւս: Պրն Բարսեղյանը, այլ երկրների փորձը հաշվի առնելով, չի բացառում, որ տեխնիկական որեւէ անճշտության պատճառով աշխատանքները հնարավոր չլինի վերծանել գծիկավոր կոդի միջոցով: Բայց դա չի նշանակում, որ տվյալ երեխան կզրկվի քննության արդյունքից. ընթացակարգով նախատեսված է, որ այդ երեխայի համար լրացուցիչ օր կնշանակվի: «Սա նաեւ տասնյակ տարիների փորձ ունեցող երկրների փորձագետների կարծիքն է: Տեսականորեն ամեն հարց լուծելով՝ չի բացառվում, որ եզակի դեպքեր կարող են լինել»: Պարզվում է, նաեւ կազմակերպչական գործընթացում կարող է ընթացակարգային «թույլատրելի» խախտում լինել: Օրինակ՝ եթե որեւէ գյուղ քննական նյութերը ուշ են հասել տրանսպորտի կամ որեւէ այլ պատճառով, նշանակում է քննությունն այդտեղ չի կայանա, եւ այս երեխաները եւս ստիպված կլինեն լարված վիճակում սպասել, թե երբ լրացուցիչ քննության օր կնշանակվի:
Ինչ վերաբերում է թեստերի բովանդակությանը, ապա ԿԳ նախարարն էլ մեր թերթին օրերս հայտնել էր, որ, ըստ ամենայնի, թեստերի եւ՛ Ա, ե՛ւ Բ տարբերակները կգնան միայն մեքենայական ստուգման, որովհետեւ «շարադրության հատվածը եւ երկրորդ տարբերակի ներկայիս ձեւը, իմ կարծիքով, օբյեկտիվ քննությունը դնում է կասկածի տակ»: Ստացվում է, որ Բ տարբերակը, որով քննություն պետք է հանձնեն բուհ դիմող շրջանավարտները, ամբողջությամբ կփոխվի, որովհետեւ այնտեղ բոլոր հարցերը ենթադրում են երկար պատասխաններ, ինչը հնարավոր չէ ստուգել՝ առանց մարդկային միջամտության: Իսկ մարդկային միջամտությունն էլ կնշանակի, որ իրականում թեստային համակարգն ամբողջությամբ չի ներդրվում եւ իր հիմնական նպատակին չի ծառայում: Բայց մյուս կողմից էլ այս թեստերի վրա մի մեծ խումբ է աշխատել, աշխատավարձ է ստացել, եւ ԳԹԿ-ի համար հիմա դժվար է խոստովանել, որ արված աշխատանքը զուր է, պետք է ջնջել, սկսել սկզբից: Չէ՞ որ ժամանակին էլ ԳԹԿ-ն ԿԳՆ ԾԻԳ-ի կազմած թեստերը «սխալ» հանեց: Հիմա ստացվում է, որ իրենք է՞լ չկարողացան գլուխ հանել: Պրն Բարսեղյանը, սակայն, ասում է, որ նույնիսկ շարադրության առկայության պարագայում հնարավոր է կատարյալ օբյեկտիվ ստուգում իրականացնել, որ ստուգման չափորոշիչներն այնքան են հստակեցված, որ նույնիսկ կրկնակի ստուգման պարագայում գնահատականների միայն 5 տոկոս տարբերություն է գրանցվել:
Բացի այդ, դպրոցներից եկած արձագանքները, ըստ Վ. Բարսեղյանի, վկայում են, որ այս թեստերը այս ձեւով լիովին արտացոլում են աշակերտի գիտելիքների ճիշտ պատկերը. աշակերտների տարեկան գնահատականները համապատասխանել են քննության արդյունքներին: Կոնկրետ թվեր եւ փաստեր, սակայն, մեզ չտրամադրվեցին:
Այսպիսով, ամեն ինչ գնում է նրան, որ թեստերի Բ տարբերակից կհանվի շարադրության կետը, եւ բոլոր երկար պատասխան ենթադրող հարցերը կփոխարինվեն կարճերով: Իսկ այս փոփոխությունները ժամանակին իրականացնելու հնարավորություն ԳԹԿ-ն, համենայնդեպս տնօրենի հավաստմամբ, ունի: Ի վերջո, ՀԲ վարկային ծրագրի կատարման ժամկետների խնդիր էլ կա եւ այլեւս ձգձգելու տեղ չի մնացել: