Ասում է միայնակ մայր Թամարա Գրիգորյանը
Նա իր չորս անչափահաս երեխաների հետ ապրում է Վարդաշեն թաղամասում գտնվող Երեւանի նախկին կանաչապատման տրեստի հանրակացարանում, ինչպես Թ. Գրիգորյանն է ասում՝ մարդկությունից կտրված: Վարդաշենը գտնվում է մայրաքաղաքում՝ Էրեբունի համայնքում, սակայն Թամարայի չորս երեխաներից եւ ոչ մեկը ծննդյան օրվանից ի վեր առիթ չի ունեցել Երեւանում շրջելու եւ այն տեսնելու:
«Երբեք մի քանի դրամ ավել փող չեմ ունենում, որ երեխաներիս տանեմ գոնե Հանրապետության հրապարակը տեսնեն: Արդեն 4-5 տարի է՝ ես էլ այնտեղ չեմ եղել, ասում են՝ հրապարակը շատ է փոխվել, լույսերի մեջ ողողված է, իսկ մենք այստեղ ապրում ենք մթի ու խավարի մեջ»: Թ. Գրիգորյանի ընտանիքն ապրում է հանրակացարանի մեկ սենյակում՝ ծայրահեղ աղքատ պայմաններում: Կնոջ խոսքերով, երեխաները դեռ թարմ, տաք հաց չեն կերել. «Ուտում են միայն 50 դրամանոց հին հաց: Երեխեքս սննդի բացակայության պատճառով դիմադրողականություն չունեն: Մի քանի հազար դրամ փող ենք ստանում, դրանով ինչպե՞ս կարող ենք ապրել: Օրեր են լինում, որ երեխաներս սոված են անկողին մտնում»: Նրա ավագ որդին՝ 16-ամյա Դավիթն արդեն մի քանի տարի դպրոց չի գնում, չորս տարեկան զույգ քույրերին կաթով ապահովելու համար ուրիշների կովերն է պահում, ինչի դիմաց տղային օրը մեկ լիտր կաթ են տալիս: Թ. Գրիգորյանի խոսքերով, մի քանի ամիս առաջ կովը հարվածել է եւ Դավիթի որովայնը պատռել: Տղան դարձել է հաշմանդամ եւ այլեւս ի վիճակի չէ ընտանիքին օգնել. «Երբ դիմում եմ մեր իշխանություններին, որ ինչ-որ բանով աջակցեն, ասում են՝ երեխեքիդ հո՛ մեզ համար չես բերել, քո համար ես բերել, ոնց ուզում ես պահի: Բայց հենց տղերքս մեծանան՝ բանակի ենթակա դառնան, կասեն, որ հայրենիքի համար եմ նրանց բերել»: Թ. Գրիգորյանի պատմելով, վերջերս էլ ուտելու բան չեն ունեցել եւ մի քանի օր շարունակ դաշտի սունկ են կերել, որից նրա բոլոր երեխաներն էլ թունավորվել են. «Նրանց մի կերպ բժիշկների օգնությամբ փրկեցինք»: Ընտանիքն ահուսարսափով սպասում է ձմռան գալուն. «Ողջ ձմեռ մեր տունը չի ջեռուցվում: Մանուկները ցրտից սառչում են, նրանց ոտքերն ու ձեռքերը ցրտահարվել են»,- ասում է Թ. Գրիգորյանը: