Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՆՏԱՌԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է»

Նոյեմբեր 20,2006 00:00

\"\"Ասում է «Հայանտառ» պետական տնտեսության տնօրեն, ՀՅԴ անդամ Մարտուն Մաթեւոսյանը

– Պարոն Մաթեւոսյան, վերջերս մեր թերթում տեղեկություն ստացանք, որ Գուգարքի տարածաշրջանում անտառները ապօրինի հատվում են եւ դա աղետալի չափերի է հասնում:

– Ինքս լոռեցի եմ եւ հատկապես այդ տարածքին քաջածանոթ: Գաղտնիք չէ, որ Լոռու անտառներին հասցված վնասը բավականին մեծ է եղել հատկապես 90-ականներին, երբ Հայաստան բացարձակապես վառելանյութ չէր մտնում, եւ շատ բնական էր, որ բնակչությունն իր ձմռան հարցերը պետք է լուծեր անտառի հաշվին: Այդ տարիներին անտառը մեծ չափով վնասվեց հատկապես խոշոր բնակավայրերի մերձակա տարածքներում, բայց ասել, որ անտառը 90 տոկոսով վերացված է, առնվազն կույր պետք է լինել, քանի որ նման բան չկա եւ այդ կարգի հայտարարությունները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում:

– Գաղտնիք չէ, որ անտառը շահագործվում է ոչ միայն որպես վառելանյութ, այլեւ որպես արտադրության հումք, եւ այս հումքի հաշվին են բարգավաճում, իսկ դուք ուզում եք ասել, որ անտառը չի՞ հատվում:

– Ես չասացի անտառը չի հատվում, ես ասացի, որ ապօրինի հատումների քանակը զգալիորեն նվազել է: Իսկ ապօրինի հատումներն այսօր համաշխարհային անտառային համակարգի թիվ մեկ պրոբլեմն են: Այսօր էլ Հայաստանում աշխատում են էքսպորտներ, ովքեր աշխատել են տարբեր երկրներում, եւ նրանց աշխատանքի արդյունքում արդեն իսկ ստեղծված է անտառային մոնիթորինգի կենտրոն, որի աշխատանքը նպաստում է եւ առաջիկայում ավելի կնպաստի անտառային ապօրինի անտառահատումների նվազեցմանը: Ապօրինի հատումների ծավալի կրճատումը գործընթաց է, եւ 2004-ին մեր կառավարությունը ընդունել է ապօրինի հատումների դեմ պայքարի ծրագիր, որի մոտավոր արժեքը 60 միլիոն դոլար ներդրում է, եւ դրանք պետք է կատարվեն ոչ թե անտառներում, այլ ուղղված լինեն բնակչության սոցիալական խնդիրներին, այսինքն՝ վառելիքի եւ այլ հարցերի լուծմանը, որ մարդիկ աչք չունենան անտառի վրա: Բացի սրանից, անտառը նաեւ բնական հատման կարիք ունի: Այս տարի 36,6 խորանարդ մետր հատատեղային ֆոնդ ունենք, հիմնականում սանիտարական խնամքի, նոսրացման հատումների տեսքով, որի նպատակը ոչ թե բնակչությանը վառելանյութով ապահովելն է, այլ, առաջին հերթին, անտառի շահից բխող գործողություն է: Դրանից առաջացած անտառանյութը մեր տնտեսությունները վաճառում են, բնականաբար առաջանում է նաեւ շինափայտ, որը մեր անտառտնտեսությունները իրացնում են: Շինափայտի մի մասը մենք նաեւ արտահանում ենք:

– Դուք հայտնի եք որպես քաղաքական գործիչ, հիմա զբաղվում եք անտառի հարցերով, ինչպե՞ս եք համատեղում քաղաքական գործչի ձեր իմիջը անտառի հետ:

– Անտառի պահպանման խնդիրը ոչ միայն բնապահպանական, այլեւ մեր երկրի համար քաղաքական խնդիր է: Մեզ վրա երկրի ամենաբարձր մակարդակով դրված են անտառի խնդիրները կանոնակարգելու եւ ապօրինի անտառահատումները նվազեցնելու գործառույթները: «Հայանտառը» գյուղնախարարության կազմ տեղափոխումից հետո՝ այս օղակները վերջին երեք տարիների ընթացքում բավականին լուրջ առաջընթաց ունեցան: Եվ դա ոչ թե ես եմ ասում, այլ՝ շահագրգիռ բոլոր միջազգային կառույցները: Ընդունվեցին անտառային օրենսգիրքը, բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր, որոնք անտառի կայուն կառավարման համար լուրջ նշանակություն ունեն: Աննախադեպ մեծ ծավալի անտառվերականգնման աշխատանքներ են իրականացվել եւ իրականացվում են: Եկող տարի արդեն մենք վերականգնած կլինենք ավելի քան 15 հազար հա անտառային տարածք: Վերջին տարիներին շուրջ 5-6 անգամ բարձրացել է անտառի աշխատողների աշխատավարձը: Այս տարի լուրջ գումարներ են ներդրված անտառի աշխատողների տեխնիկական վերազինման, մեքենաների եւ ձիերի, կապի միջոցների ձեռքբերման եւ այլնի համար, անտառի բոլոր աշխատողները ապահովվել են ձմեռային եւ ամառային արտահագուստով: ԱՊՀ երկրների համեմատ՝ մեր համակարգը իրավական դաշտի առումով բավականին առաջ է գնացել, եւ դա ասում եմ ոչ միայն ես, այլեւ փաստում են միջազգային բոլոր համապատասխան կազմակերպությունները: Սակայն մենք ունենք նաեւ լուրջ պրոբլեմ կադրերի հետ կապված: Այս տեսակետից անելիքներ շատ կան, եւ արդեն որոշակի ծրագրեր ունենք ուսուցման պրոցեսն առաջ տանելու:

– Վերադառնանք Գուգարքի անտառներին: Պարոն Մաթեւոսյան, այս անտառների հատումների մասին ահազանգում են նաեւ հասարակական մի շարք կազմակերպություններ:

– Լոռիում լավագույն անտառներն են, եւ բնական է բոլորի ուշադրությունը այդ անտառներին: Ես ուզում եմ ձեր թերթի միջոցով բոլոր հ/կ-ներին, լրագրողներին եւ շահագրգիռ անձանց հրավիրել Լոռի՝ տեղում տեսնելու անտառների իրական վիճակը: Ես ձեզ վստահեցնում եմ, որ հակառակն է՝ անտառը ոչ թե 90 տոկոսով վերացել է, այլ իրականում այս տարիների ընթացքում 90 տոկոսով պակասել են ապօրինի հատումները: Բացի դրանից, այս տարի Վանաձոր քաղաքի ամբողջ տարածքում անտառվերականգնման լուրջ աշխատանքներ են կատարվում, որը ինձ ուրախացնում է, եւ ես էլ ուզում եմ ուրախացնել այդ խնդրով մտահոգ բոլորին: Չեմ կարող չշեշտել, որ հատկապես վերջին մեկ տարում մեր եւ Լոռու տարածաշրջանի իրավապահների ակտիվ համագործակցության արդյունքում ապօրինի փայտանյութի շարժը, այսինքն՝ տեղափոխումը դարձել է անհնար: Գյուղատնտեսության եւ ՆԳ նախարարների փոխադարձ պայմանավորվածության արդյունքում պայմանագիր կնքվեց հատուկ դասակի ձեւավորման մասին, որը մեր աշխատակիցների հետ զբաղված է ապօրինի հատումների դեմն առնելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել