Լրահոս
Օրվա լրահոսը

ՅԻՐԻԿՅԱՆԸ ԼԱՎ ՉԻ ՀԻՇՈՒՄ

Նոյեմբեր 20,2006 00:00

\"\"Նա արդարադատության նախարարի ու նրա ընտանիքի հետ ունեցած մտերմությունն «ուրացավ»:

«Մեզ համար մրցակիցը բան չի փոխում, կարեւորը նրա աշխուժությունն է, աշխույժ մրցակից ունենալը լավ բան է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում «ՎիվաՍելլի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսպես մեկնաբանեց «ԱրմենՏելի» վաճառքը ռուսական «Վիմպելկոմին»: Պարոն Յիրիկյանի համար մեկ է՝ իր նոր մրցակիցն ով է՝ ռուս, արաբ, թե հայ, նա արդեն իսկ ուրախ է, որ մրցակից ունի, եւ, ըստ նրա, նոր մրցակիցը շուկայում նոր աշխուժություն է բերելու: «ՎիվաՍելլի» տնօրենին չի խրտնեցնում անգամ Հայաստանի կառավարության անթաքույց համակրանքը Ռուսաստանի եւ ռուսական ընկերության նկատմամբ: «Ես քաղաքական մարդ չեմ»,- Ռալֆ Յիրիկյանն այսպես խուսափեց որեւէ կանխատեսում անել, թե որքանով ՀՀ կառավարության այդ համակրանքը կվնասի «ՎիվաՍելլին» եւ արդյոք խտրական վերաբերմունք կլինի՞ այս երկու օպերատորների նկատմամբ:

Իհարկե, «ՎիվաՍելլն» էլ, կոպիտ ասած՝ «կորած» ընկերություն չէ եւ ՀՀ իշխանություններում լուրջ թեւ-թիկունք ունի: Խոսքը, մասնավորապես, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ նրա եղբոր՝ Վահան Հարությունյանի մասին է: Հարությունյանների եւ «Ղ-Տելեկոմի» («ՎիվաՍելլի» իրավաբանական անունն է) կապերի մասին, ինչպես ասում են՝ աշխարհը գիտի. բացի այն, որ «ՂարաբաղՏելեկոմին» եւ «Ղ-Տելեկոմին» սպասարկում է Վահան Հարությունյանի «Հարությունյաններ եւ Գործընկերներ» իրավաբանական գրասենյակը, Հարությունյանների ընտանիքի հետ այս ընկերության շփումները նույնիսկ անձնական դաշտում են. 3 տարի առաջ ամռանը, երբ ՀՀ կառավարությունը Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատորի համար տեղ էր բացում՝ զրկելով «ԱրմենՏելին» մենաշնորհից, Դավիթ Հարությունյանի ընտանիքը «Ղ-Տելեկոմի» տնօրենների խորհրդի նախագահ Պիեռ Ֆաթուշի՝ Լիբանանում գտնվող առանձնատանն էր հյուրընկալված: Չնայած մասնավոր ընկերության եւ ՀՀ պետական պաշտոնյայի ընտանիքի հետ նման հարաբերություններին՝ երեկ, երբ «ՎիվաՍելլի» տնօրենին հարցրինք, թե օգնո՞ւմ է արդարադատության նախարարության աջակցությունն իրենց ընկերության բիզնեսին, պարոն Յիրիկյանն այնպիսի զարմացած դեմք ընդունեց, որ ասես Դավիթ Հարությունյանի անունն առաջին անգամ էր լսում: Նրա խոսքերով՝ «շատ բաներ են ասվում, դա չի նշանակում, որ ամեն ինչ ճիշտ է»: Պարոն Յիրիկյանին հիշեցնենք, որ ընդամենը մեկուկես տարի առաջ՝ Փարաջանովի տուն-թանգարանում տեղի ունեցած «ՎիվաՍելլի» առաջին ասուլիսի ժամանակ նա հաստատել էր, որ, իսկապես, նախարարի ընտանիքը Պիեռ Ֆաթուշի տանն է եղել եւ որ «4 տարի ի վեր մենք Վահան Հարությունյանի իրավաբանական գրասենյակի հաճախորդն ենք»: Իսկ հիմա արդեն պարոն Յիրիկյանը կտրականապես հերքում է Հարությունյանների հետ ունեցած կապերը: Եվ սա այն դեպքում, երբ նախկինում նույնիսկ ընկերության www.vivacell.am պաշտոնական ինտերնետային կայքը բացվում էր ինտերնետ ծառայություններ մատուցող «Xter.net» ընկերության ինտերնետային էջով: Իսկ «Xter.net»-ը պատկանում է Հարությունյանների ընտանիքին, որի մասին մամուլը բազմիցս գրել է:

Մեկուկես տարի առաջ պարոն Յիրիկյանը հայտարարել էր, որ «ՎիվաՍելլի» բաժնետերերը Պիեռ Ֆաթուշի ընտանիքն ու ազգականներն են, որոնք ինձ դրել են գլխավոր տնօրեն ու փափագել մինչեւ տարվա վերջ ողջ շուկան գրավել»: Պարոն Ֆաթուշի փափագը, իհարկե, չի իրականացել, քանի որ ներկայիս դրությամբ ընկերությունը շուկայի լիարժեք տերը չէ, ունի մոտ 700 հազար բաժանորդ: Չնայած դրան, ըստ Ռալֆ Յիրիկյանի, պարոն Ֆաթուշը հայաստանյան բիզնեսից եւ ընկերության եկամուտներից գոհ է:

Յիրիկյանի կանխատեսմամբ՝ «2007-ը ճոխ տարի է լինելու՝ ամեն առումներով, տնտեսության աճն էլ, անշուշտ, շարունակվելու է»: 2006-ն էլ, Յիրիկյանի բնորոշմամբ՝ շատ հաջող եւ «զարգացումներով լեցուն» տարի է եղել «ՎիվաՍելլի» համար: Տարվա հաջողություններն էլ լրացրել է «ԱրմենՏելի» վաճառքը. քանի որ նոր գնորդը՝ «Վիմպելկոմը», խոստացել է հրաժարվել մենաշնորհներից, «ՎիվաՍելլը» արդեն միջազգային ելքի հնարավորություն կունենա. «Մենք էլ մի քիչ անկախ կլինենք, եւ մեր մուտքն ու ելքը կունենանք, իսկ հիմա այն անցնում է «ԱրմենՏելի» միջնորդությամբ»,- ասաց Յիրիկյանը:

Ի դեպ, բջջային կապի երկրորդ օպերատորը պատրաստվում է սակագներում փոփոխություններ մտցնել: Իջեցնելո՞ւ են, թե՞ բարձրացնելու՝ «սյուրպրիզ» է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել