Լրահոս
Օրվա լրահոսը

Շարժումը մեծ թափ է ստանում

Նոյեմբեր 20,2006 00:00

Համոզված է Ալեքսանդր Արզումանյանը

Հայտնի է, որ վերջին շրջանում ձեւավորվել է «Քաղաքացիական անհնազանդություն» շարժումը, որի ստեղծման անմիջական նախաձեռնողներից են Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի նախկին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ «Ագոն», եւ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Երեկ Մամուլի ազգային ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ Ա. Արզումանյանը հայտարարեց, որ իրենց նախաձեռնած շարժմանն արդեն միացել են «Հայոց մայրեր», «Ազատամարտիկների եղբայրություն» հ/կ-ները, Պահպանողական կուսակցությունը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը, Մտավորականների ֆորումի համակարգող խորհուրդը եւ այլ հասարակական կազմակերպություններ ու նույնիսկ մի քանի ազդեցիկ կուսակցություններ, որոնց անունները առայժմ հրաժարվեց հրապարակել: Մանրամասնելով իրենց սկսած շարժման գաղափարական ուղղվածությունը, նպատակն ու պահանջատիրությունը՝ պրն Արզումանյանն ասաց. «Քաղաքացիական կամք պետք է դրսեւորվի: Անհնազանդություն պետք է լինի, մարդիկ ինչ-ինչ մեթոդներով պետք է միավորվեն: Երկրում պետք է քաղաքացու կամքը լինի, ընդհանուր շարժում սկսվի, ապա՝ պետք է լայն ճակատով պահանջել նախագահի հրաժարականը, որը տարբերակներից մեկն է»: Ա. Արզումանյանը բացատրեց, որ իրենք «Քաղաքացիական անհնազանդություն» շարժումը սկսել են, որովհետեւ իրենց համար անընդունելի է այն հակաօրինական դրվածքը, որ գոյություն ունի ՀՀ-ում: «Բոլորս էլ գիտենք, թե ո՛վ ինչ բիզնես ունի, ո՛վ ինչպես է սերտաճել եւ ինչքան է քրեականացված իշխանությունը: Այս կարգերին ենք մենք հրաժարվում հնազանդվել»,- նշեց նախկին նախարարը:

Ըստ նրա, պետք է փոխել երկրի քաղաքական համակարգը. «Ներկա իշխանությունները պետք է գնան եւ թույլ տան նորմալ հասարակություն ձեւավորվի: Իսկ թե ուր կգնան, դա արդեն երկրորդ հարցն է, ծանր հարց: Այս համակարգի փիլիսոփայությունը պետք է ջարդել, ուրիշ բան գոյություն չունի»: Վերջինիս դիտարկմամբ՝ ընդդիմության առայսօր կիրառվող մեթոդներն արդեն իրենց չեն արդարացնում, հետեւաբար իրենց շարժման նպատակն է նոր մեթոդներ առաջ քաշել՝ ապօրինի իշխանությունից ազատվելու եւ երկրում կարգ ու կանոն հաստատելու համար:

Ա. Արզումանյանն անդրադարձավ նաեւ Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացին եւ երկրի վարած արտաքին քաղաքականությանը: Վերջինիս դիտարկմամբ՝ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը հարմարեցվում է իշխանության վերարտադրության գերխնդրին: Ինչ վերաբերում է Ղարաբաղի կարգավորմանը, ապա՝ «Հայաստանն այսօր ծնկաչոք իրավիճակում է գտնվում, Հայաստանի հետ հաշվի չեն նստում: Այսօր մեզ չի առաջարկվում մի բան, որի շուրջ կարելի է բանակցությունները վերսկսել: Սեղանին դրված առաջարկներն անընդունելի են Հայաստանի համար: Լուրջ առաջխաղացում ես չեմ ակնկալում: Սեղանին դրված առաջարկություններն էլ հակասում են Հայաստանի ազգային շահերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել