Ռոբերտ Քոչարյանի՝ երրորդ ժամկետում որպես նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրությունը քաղաքագետ Աղասի Ենոքյանը ռեալ է համարում:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ով նաեւ «Այլընտրանք» միավորման հիմնադիր անդամ է, վերլուծելով խորհրդարանական ընտրություններից վեց ամիս առաջ հայաստանյան ներքաղաքական պրոցեսները եւ 2008թ. նախագահական ընտրությունների համար վճռորոշ համարելով հենց ԱԺ ընտրությունները՝ միաժամանակ կարծիք հայտնեց, թե հայաստանյան քաղաքական դաշտն այսօր ամայացած է, որովհետեւ այդպես է ուզել երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ու դա հենց նրա վարած քաղաքականության արդյունքն է: Քաղաքագետի ասելով, Քոչարյանը դա արել է երկու խնդիր լուծելու համար՝ քաղաքական դաշտում գործելու որեւէ ռեսուրս չունեցող «Բարգավաճ Հայաստանի» համար նպաստավոր դաշտ ապահովելու նպատակով եւ 2008-ի նախագահական ընտրություններում երրորդ ժամկետում առաջադրվելու մտադրությամբ, բայց այն բանից հետո, երբ նրան հաջողվի ԱԺ ընտրություններն անցկացնել իր սցենարով եւ գծել իր ուզած խորհրդարանը: Ա. Ենոքյանը հենց Քոչարյանի այդ մտադրություններով է բացատրում քաղաքական դաշտում գործող ուժերին ու նախագահի հավանական թեկնածուներին վարկաբեկելու քաղաքականությունը: Թվարկելով այսօր Քոչարյանի հենարանը համարվող կուսակցություններին՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, թե հենց նրա «հրամանով» է, որ, օրինակ՝ ՀՅԴ-ն դարձել է պակաս ակտիվ, իսկ ՀՀԿ-ին, որը ամռան ամիսներին համալրվելուց հետո որոշակի կարեւոր քաղաքական ուժ դարձավ Հայաստանում, սկսեցին հարվածել հենց իշխանական օղակներից: «ՀՀԿ-ի դեմ պետք էին կոնկրետ գործողություններ, եւ դրանք եղան. ձերբակալվեց հանրապետական Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտը», նրա նկատմամբ նաեւ քրեական հետապնդում սկսվեց»,- արձանագրեց Ա. Ենոքյանը՝ հավելելով, թե դա ուղղված էր ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Քաղաքագետի դիտարկմամբ, Քոչարյանին ձեռնտու է Ս. Սարգսյանին վարկաբեկելը, որովհետեւ նա հասարակության ենթագիտակցության մեջ ընկալվում է որպես Քոչարյանին համահավասար քաղաքական դեմք, որը կարող է նախագահի պաշտոնում փոխարինել Ռ. Քոչարյանին: «Քոչարյանը նպատակաուղղված ոչնչացնում է Ս. Սարգսյանի այդ իմիջը, որպեսզի Հայաստանում իրեն հավասար համարվող գործիչ չլինի, ու հասարակությունը վարկաբեկված գործիչների մեջ ստիպված լինի Քոչարյանին համարել միակ հնարավոր թեկնածուն: Հիմա, կարծում եմ, Քոչարյանն աշխատում է պայմաններ ստեղծել երրորդ ժամկետում եւս առաջադրվելու համար»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:
Ի պատասխան մեր այն դիտարկմանը, թե՝ Սահմանադրությունը երրորդ ժամկետում առաջադրվելու որեւէ հնարավորություն չի տալիս, պարոն Ենոքյանը հումորով վերաբերվեց. «Կարծում եմ, Քոչարյանի թեթեւ ձեռքով ՀՀ-ում Սահմանադրությունը երբեւէ սրբություն չի համարվել եւ սահմանադրական նորմերը երբեք չեն պահպանվել: Քոչարյանը երբեք չի համապատասխանել նախագահի թեկնածուի համար ՀՀ Սահմանադրությամբ սահմանված նորմերին, բայց դա նրա համար առաջադրվելու ու նախագահ դառնալու խոչընդոտ չի եղել: Իսկ հասարակության համար մի հերթական ինչ-որ հեքիաթ կհորինեն»:
Նրա կանխատեսմամբ, ի տարբերություն Ղարաբաղի, որտեղ «Արկադի Ղուկասյանի՝ երրորդ ժամկետում առաջադրվելու հարց է ծագել եւ որտեղ արդեն իսկ սկսել է՝ այսպես կոչված, Ղուկասյանին ազգովի խնդրելու հասարակական շարժում, ինչ-որ կուսակցություններ սկսել են ստորագրություններ հավաքել, սոցիոլոգիական հարցումներ են անցկացվում. Հայաստանում Քոչարյանի երրորդ ժամկետի համար, կարծում եմ, ավելի դաժան սցենար է սպասվում»:
Ա. Ենոքյանի համոզմամբ, ներկայումս կրիմինալի ազատ շարժը, ի վերջո, հանգեցնելու է նրան, որ «խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների նախաշեմին ստեղծվի գրեթե քաղաքացիական պատերազմին մոտ մի վիճակ, երբ կրիմինալն իրար դեմ դուրս կգա ու երկիրը կհայտնվի մղձավանջի մեջ: Հենց այդ պահին էլ բոլորին պարզ կդառնա, որ երկիրն այդ վիճակից միայն Քոչարյանը կարող է դուրս բերել»:
Քոչարյանի առաջխաղացումը կասեցնելու համար քաղաքագետը անհրաժեշտ համարեց Հայաստանում «նորմալ շարժում, իշխանություններին իսկապես այլընտրանք» ստեղծելը: «Ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանում օրինականությունը կվերականգնվի ներքին ճնշումների ճանապարհով։ Միայն համաժողովրդական շարժումը կարող է կանգնեցնել անօրինական իշխանությունների վերարտադրման պրոցեսը եւ թույլ չի տա, որ Քոչարյանն ընտրություններն անցկացնի իր սցենարով»,- վստահեցրեց Ա. Ենոքյանը՝ հավելելով, որ ճիշտ կլինի՝ համաժողովրդական շարժում ձեւավորելն իրենց նպատակը համարող ուժերն այսօր իրե՛նք միանան իրենց իրավունքների ոտնահարման դեմ բողոքի ալիք բարձրացրած «պետական կարիքների» մի քանի տասնյակ «զոհերի» բողոքի ակցիաներին: Ըստ նրա, եթե այսօր քաղաքացիական շարժում նախաձեռնողների նպատակը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունն է՝ նրանք չպետք է կորցնեն այդ հնարավորությունը: Հակառակ դեպքում, ըստ նրա՝ «կա՛մ կկորչենք, կա՛մ նորից ինչ-որ նոր նախաձեռնություններ կսկսենք, բայց դա կնշանակի մի շատ կարեւոր պրոցես հերթական անգամ ձեռքներից բաց թողնել»: