Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայե՛ր, միացե՛ք»

Նոյեմբեր 17,2006 00:00

\"\"Ղարաբաղյան շարժման, պատերազմական տարիներին համայն հայության համար հիթ դարձած այս երգի հեղինակ գուսան Գագիկ Հայկազունի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 20-ին Կոմեդիայի պետական թատրոնում կկայանա հոբելյանական երեկո:

«Առավոտը» հանդիպեց գուսան Գագիկ Հայկազունին (նույն ինքը՝ Գագիկ Նազարյան):

– Ի՞նչը ստիպեց «վերանայել» ձեր ազգանունը:

– Դեռ 19-րդ դարի վերջին մի «շարժում» սկսվեց: Հայ մտավորականները «մաքրում» էին իրենց ազգանունները օտարահունչ բառերից: Ինչպես հայտնի է, ճանաչված շատ մարդիկ իրենց ստեղծագործական կարիերայի սկզբում ներկայացել են իբրեւ Ռշտունի, Շանթ, Դուրյան եւ այլն: Այդ «շարժումը» եղեռնից հետո ընդհատվեց, տարիներ հետո էլ արդեն սովետական կարգեր էին… Իմ Նազարյան ազգանունը արեւելյան օտար՝ Նազարեթ բառից է բխում, իսկ ես արմատներով խոյեցի եմ, ծնունդով՝ Արտաշատից: Ուրեմն ինչո՞ւ չպետք է ուղղեի նախնիներիս «սխալը»:

– Մեզ հայտնի է, որ Գագիկ Նազարյանը ժամանակին եղել է շինարար-ինժեներ, աշխղեկ, հիմնարկի պետ, ճարտարապետ եւ կոմունիստական կուսակցության անդամ, իսկ ներկայումս աշխատում է մաքսային համակարգում եւ զուգահեռ՝ գուսանի գործունեություն ծավալում:

– Ղարաբաղյան պատերազմից հետո (գուսանը պատերազմի մասնակից է) ընկերներիս հրավերով աշխատանքի անցա Մաքսային կոմիտեում: 90-ականների կեսերից աշխատում եմ «Զվարթնոցի» մաքսատանը: Զարմանալի թող չթվա, բայց այդ համակարգը նպաստեց, որպես երգահան, գուսանի իմ հետագա գործունեությանը: Աշխատավայրում ստեղծվեցին արտոնյալ պայմաններ, որպեսզի չկտրվեմ ստեղծագործական աշխատանքից: Դրա արդյունքում վերջին 12 տարիների լավագույն երգերս գրել եմ մաքսատանը:

– Մաքսավորի աշխատավարձի չափով կամ եկամտով հետաքրքրվելը կոռեկտ չէ: Իսկ ձեր երգերը որքանո՞վ են շահութաբեր:

– Մաքսավորի համար էլ սահմանված է պետական աշխատավարձ, իսկ երգերից ստացվող շահույթը չնչին է, տարվա կտրվածքով՝ շուրջ 30 հազար դրամ:

– Այսօր հայրենասիրական երգերն ավելի մոդայիկ են Սփյուռքում, այնտեղից հոնորար չե՞ք ստանում, մանավանդ որ արտերկրում հանդես եկող երգիչների երգացանկում, որպես կանոն, լինում են ձեր «Գետաշենը», «Հպարտ գնացեքը», «Շուշին», «Շահումյանը» եւ մյուսները:

– Այս պահին ունեմ մոտ 15 նոր երգ, բայց հովանավոր չկա դրանք ձայնագրելու համար: Ճիշտ է, երգերս սիրված են, բայց առայսօր Սփյուռքից ոչ մի լուր չունեմ: Հրատարակված CD-ներ կան, բայց քանակով քիչ են, որոնք նվիրել եմ ընկերներիս, մտերիմներիս: Իսկ 5 երգերս ընդունվել են որպես հայոց բանակի քայլերգ: Ժամանակին շատ եմ դիմել մարդկանց եւ կազմակերպությունների՝ աջակցություն խնդրելու նպատակով, սակայն ոչ մի արձագանք: Հիմա ինչքան հնարավորություններս ներում են, այդ «քանակով» էլ երգ եմ «իրացնում»:

– Իսկ «վերեւներից» երբեւէ միջոցառումների մասնակցելու հրավեր ստացե՞լ եք որպես հանրահայտ երգերի հեղինակ ու կատարող:

– Ոչ մի նման միջոցառման չեն հրավիրել, նույնիսկ Արցախի անկախության տարեդարձին անձնական հրավեր չեմ ստացել: Սակայն չեմ դժգոհում: Սա ասում եմ որպես գուսան, մարդ, որն իր ժողովրդից ոչ մի գաղտնիք չունի, երաժիշտ, որը դեռ շատ բան ունի տալու իր ժողովրդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել