Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԱՇԻՆԳԹՈՆՅԱՆ ՆԵՐԿԱՊՆԱԿ

Նոյեմբեր 17,2006 00:00

\"\"ԱՄՆ մայրաքաղաքի մասին երկար կարելի է խոսել, ինչը չեմ պատրաստվում անել, քանի որ ընդամենը 5 օր եմ անցկացրել այնտեղ ու շատ բան չեմ հասցրել ուսումնասիրել:

Առաջին տպավորությունը, որ ստացա Վաշինգթոնի Դալաս միջազգային օդանավակայանից՝ այն էր, որ այստեղ ճամպրուկները տշելով էին տանում, իսկ մի երիտասարդ կին շղթայել էր իր բալիկի թեւից, որպեսզի չկորչի: Վաշինգթոնում տաքսիների վարորդները հիմնականում Եթովպիայից ու Սոմալիից են: Նրանցից շատերը քրիստոնյա են ներկայանում (կամ գուցե իսկապես այդպիսին են) ու անգամ ցույց տալիս իրենց վզի խաչով շղթան՝ հավանաբար սեպտեմբերի 11-ի հայտնի ողբերգությունից հետո մուսուլմանների հանդեպ եղած անվստահությունից ու անբարյացակամ մտայնությունից ապահովագրվելու համար:

Ինչ վերաբերում է հետիոտնին, Վաշինգթոնում այն նպաստավոր պայմաններում է: Եթե Երեւանում որեւէ հաստավիզ օլիգարխ կարող է ոստիկանի աչքի առաջ, հակառակ լուսաֆորի ցուցման, կտրել ճանապարհդ ու անցնել, ապա Վաշինգթոնում բավական է հետիոտնը ոտքը դնի փողոց, բոլոր մեքենաները միանգամից կանգնում են՝ անկախ դրանց վարորդների պաշտոններից ու գրպանի պարունակությունից:

Մոտ 600 հազար բնակիչ ունեցող Վաշինգթոնը մի քանի համալսարան ունի (Ջորջթաունի, Ջորջ Վաշինգթոնի, Հաուվարդի, Ամերիկյան համալսարաններ, Ջոն Հոփկինսի անվան միջազգային ուսումնասիրությունների դպրոց): Մեր ավտոբուսի վարորդ սեւամորթ Ֆրեդին չզլացավ իր աշխատանքային ժամն ավարտվելուց հետո էլ մեզ տանել Ջորջթաունի համալսարան ու իր իմացածը պատմել այդ հաստատության մասին: Ընդհանրապես, Վաշինգթոնում գերակշռում են սեւամորթները (70%), այդպիսին է նաեւ քաղաքապետը:

Լրագրողներիս բախտ վիճակվեց այցելել ոչ միայն Վաշինգթոնում գտնվող ՀՀ դեսպանատուն, Ամերիկայի հայ դատի գրասենյակ, այլեւ Կոնգրեսի գրադարան, որտեղ մի «կտոր» Հայաստան կար: Գրադարանի՝ Հայաստանի, Հարավային Կովկասի ու Արեւելքի բաժնի ղեկավարն է մեր հայրենակից դոկտոր Լեւոն Ավդոյանը: Նա տեղեկացրեց, որ գրադարանն ունի 37 լեզվով 130 մլն գիրք, պարբերական ու ֆիլմ, որից 30000-ը՝ հայերեն: Բացի Կոնգրեսի գրադարանից, որ շքեղ շինություն է, Վաշինգթոնի հիմնական տեսարժան վայրերն են Սմիթսոնյան ինստիտուտը, Լինքոլնի եւ Ջեֆերսոնի հուշարձանները, Ջորջթաունը, Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը, Ազգային արխիվները, Գերագույն դատարանը եւ Ազգային մայր տաճարը: Այցելեցինք թերթերի խմբագրություններ: Օրինակ, «Վաշինգթոն Թայմզի» գրասենյակն այնքան մեծ էր, որ կտեղավորվեին Հայաստանի բոլոր թերթերի խմբագրությունները:

Վաշինգթոնը մաքուր ու կոկիկ քաղաք է, բայց նրա կենտրոնում, ինչպես մեր մայրաքաղաք Երեւանում, որոշ փողոցներ քանդված էին՝ առանձնացված մյուս հատվածներից՝ ասֆալտապատելու կամ շինարարություն անելու համար: Նույնպիսի պատկերների հանդիպեցինք Իլինոյ եւ Օհայո նահանգներում եւս: Ինտենսիվ ասֆալտապատման աշխատանքներ էին ընթանում, եւ տեղացիներից ոմանք ասում էին, թե նման բաներ հաճախ են պատահում հատկապես նախընտրական շրջանում:

Հենց Սպիտակ տան դիմաց փոքրիկ վրան խփել ու արդեն քանի տարի նստացույց էր անում Կոնսուելա անունով մի կին՝ իր բոյֆրենդի հետ: Նրանք բողոքում էին ատոմային ռումբի դեմ: Նստացույց անողներին քաղաքային իշխանությունները չէին անհանգստացնում, ուստի հայտնի չէր, թե նրանք դեռ ինչքան «կբողոքեն»: Կոնսուելան սիրով լուսանկարվում էր զբոսաշրջիկների հետ ու ասում, թե ինչպես կարելի է իր մասին հավելյալ ինֆորմացիա ստանալ իր վեբ-կայքից: ԽՍՀՄ-ի ժամանակ եւս դարձյալ Սպիտակ տան առաջ, ընդդեմ նեյտրոնային ռումբի, բողոքել ու հացադուլ է արել ոմն դոկտոր Հայդեր, որից խորհրդային երկրի թղթակիցն ամեն աստծո օր հարցազրույց էր վերցնում: Ու ռեպորտաժն այն մասին, թե ինչքան վատն է Ամերիկան, ցուցադրվում էր «Վրեմյայով»: Հետո պարզվեց, որ իրականում Հայդերը հացադուլի էր նստում ավելորդ քաշից ազատվելու համար, ինչպես իմ ռեպորտաժի հերոսները՝ բնակության մշտական վայր չունենալու պատճառով:

\"\"Կոնսուելայի բոյֆրենդը, որ այդպես էլ չներկայացավ, եւս դեմ է մահաբեր ռումբին:

 

\"\"Վաշինգթոնում երիտասարդները զբոսնում են այս «փոխադրամիջոցով»:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել