Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կապանի զորամասում Մարքսի «Կապիտալն» են կարդում

Նոյեմբեր 17,2006 00:00

Երեկ «Մարդու իրավունքներ, պայմանագրային զինծառայության հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկում էին հրավիրել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն ու «Հակաստվեր» հասարակական կազմակերպությունը:

«Հակաստվեր» կազմակերպության նախագահ Վագա Ամիրխանյանի կարծիքով, պայմանագրային ծառայության մասին քննարկումները արդիական են նաեւ այն պատճառով, որ առկա են կոռուպցիոն ռիսկեր զինծառայության բնագավառում: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինի կարծիքով, պայմանագրային զինվորական ծառայությունը պրոֆեսիոնալ բանակի հիմքն է:

ՊՆ կադրերի վարչության համալրման բաժնի պետ, փոխգնդապետ Հարություն Մուխսի-Հովեյանի ելույթը նվիրված էր այդ խնդրի հեռանկարներին: Նա տեղեկացրեց, որ 2002թ. հուլիսից ՀՀ-ում գործում է զինծառայության անցնելու մասին օրենքը, ուր մի ամբողջ գլուխ նվիրված է պայմանագրային ծառայությանը: Սպաները ծառայում են 3-5 տարի, շարքայինները՝ 2-3 տարի: Պայմանագրային ծառայության կարող են դիմել մինչեւ 40 տարեկան քաղաքացիները, ովքեր դատված չեն եղել: 18-40 տարեկան կանայք նույնպես կարող են ծառայել պայմանագրային հիմունքներով: Ըստ պրն Մուխսի-Հովեյանի, Կոսովոյում գտնվող մեր գումարտակը «ծայրեծայր պայմանագրային» է: «Հեռանկարի մասին չեմ կարող ասել, բայց լավ կլինի»,- ամփոփելով խոսքն ասաց բանակի ներկայացուցիչը:

Ըստ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանի, 2006թ. 1-ին կիսամյակում 221 զինծառայող դատապարտվել է զինվորական կարգի հանցագործությունների համար: Նրանց 6,6 տոկոսը պայմանագրային հիմունքներով էր ծառայում: 33 տոկոսն ազատազրկվել է: Զինդատախազը խոսեց կայազորային զինվորական մեկուսարանների եւ հանրապետությունում առկա մեկ կարգապահական գումարտակի մասին: Նա տեղեկացրեց, որ գումարտակը քրեակատարողական հիմնարկների պես ունի իր ներքին կանոնակարգը: Գումարտակում կարգազանցները պահվում են մինչեւ 2 տարի, սակայն կառավարություն առաջարկություն է եղել ժամկետն ավելացնել եւս մեկ տարով:

ՀՀ զինվորական եւ քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր, իրավունքի դոկտոր Սերժիկ Ավետիսյանի կարծիքով՝ բավարար չեն զինծառայողներին պաշտպանելու իրավական մեխանիզմները: Նա ասաց, որ ՌԴ-ում դատական գործերի 70-80 տոկոսը վերաբերում է հրամանատարների եւ նրանց արձակած հրամաններին: «Լուրջ դատական վերահսկողություն կա այնտեղ: Ցավոք, մեզանում բողոքել ուժայինների դեմ՝ չեն համարձակվում»,- նշեց դատավոր Ս. Ավետիսյանը: Ըստ նրա, չունենք զինվորական դատարաններ, զինվորական գործերով մասնագիտացված փաստաբաններ, որոնք կարողանային լիարժեք օգտագործել իրենց իրավապաշտպան գործառույթները, մասնակցեին քննչական գործողությունների: Դատավորը նաեւ անհրաժեշտ համարեց, որ իր գործընկերները ծանոթանան զինվորական օրենսդրությանը:

«Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը տեղեկացրեց, որ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում բացվել է «զինվորական հոգեբանություն» բաժին: Նա անդրադարձավ զինվորական գործերով դատական պաշտպանության խնդրին, նշեց զինակոչիկների իրավագիտակցության ցածր մակարդակը: Մի խոսուն օրինակ էլ բերեց, տեղեկացնելով, թե Կապանի զորամասի գրադարանում միայն մեկ գիրք է եղել՝ Մարքսի «կապիտալը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել