Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍՐԲԱԶԱ՞ՆՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ

Նոյեմբեր 17,2006 00:00

Ըստ իսպանահայ համայնքի ղեկավար Ռոբերտ Եղիազարյանի, Փարիզի առաջնորդարանը խանգարում է իրենց աշխատանքներին, քանի որ Գյուտ սրբազանը չի վստահում Հայաստանից ներգաղթած հայերին:

Հայերի արտագաղթը Իսպանիա սկսվել է 1993-94թթ.-ից, սկզբում փոքր թվով՝ մոտ 15-20 ընտանիք: Իսկ 2000թ.-ին, երբ իսպանական կառավարությունը ընդունեց որոշում՝ լեգալացնել մինչեւ 1999 թ. հունիսի 1-ը Իսպանիայում ապրողների բնակությունը, հայերի ներգաղթը զգալիորեն մեծացավ: Ներգաղթում էին ոչ միայն բուն Հայաստանից, այլեւ Գերմանիայում, Հոլանդիայում եւ եվրոպական այլ երկրներում անլեգալ բնակվող հայաստանցիները: Իսպանիայի կառավարությունը նման որոշումներ ընդունեց նաեւ 2001 եւ 2005թթ.-ին: Իշխանության նման վերաբերմունքը էմիգրանտների նկատմամբ պայմանավորված է երկրում աշխատուժի մեծ պահանջարկով: Այնտեղ այսօր ապրում է մոտ 40-50 հազար հայ, որ բնակվում են հիմնականում Վալենսիա, Մադրիդ եւ Բարսելոնա քաղաքներում ու դրանց մերձակա բնակավայրերում: Ըստ իսպանահայ համայնքի ղեկավար Ռոբերտ Եղիազարյանի, վերջին տարիներին հայերը սկսում են համախմբվել, հեռավորությունը հաղթահարելով փնտրում են իրար, գտնում, կազմակերպում են հայկական համերգներ եւ այլ միջոցառումներ: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույց Ռ. Եղիազարյանի հետ:

– Պարոն Եղիազարյան, Իսպանիայում նկատելի՞ են նոր սերնդի ձուլման, օտար բարքերին տրվելու երեւույթներ:

– Ցավոք՝ այո, նկատելի է: Մեր երեխաները երեք տարեկանից գնում են իսպանական դպրոց: Շփվում են տարբեր ազգերի երեխաների հետ եւ, բնականաբար, ընդունում են նրանց բարքերը: Եթե մենք շուտ չլուծենք հայկական դպրոցների բացման հարցը, ապա մի քանի տարի հետո մեր երեխաները լրիվ օտարացած կլինեն հայկական միջավայրից եւ արդեն շատ ուշ կլինի նրանց վերադարձնելը: Դրա համար պետք է ունենանք նաեւ մեր հայկական առաքելական եկեղեցին, քանի որ այստեղ աղանդները շատ-շատ են, որոնք մեծ ֆինանսական օգնություն են ցուցաբերում մարդկանց եւ ներգրավում իրենց շարքերը: Իսկ մեր եկեղեցին եւ առաջնորդարանն ունենալու մեր բոլոր ջանքերը մեծ խոչընդոտների են հանդիպում: Մենք, չունենալով թեմ, առաջնորդարան, գտնվում ենք Փարիզի առաջնորդարանի ենթակայության տակ: Իսկ Փարիզի առաջնորդը՝ Գյուտ սրբազանը, շատ բյուրոկրատ անձնավորություն է եւ Հայաստանից գնացած հայերի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք ունի: Նա հարցն այսպես է դրել՝ վարչության ղեկավարները պետք է անպայման լինեն սիրիահայ, բեյրութահայ կամ այլ տեղերից եկած, որ իրեն վստահություն ներշնչեն: Ես, լինելով Հայաստանում, հանդիպեցի Վեհափառին եւ այդ հարցը բարձրացրի: Նա խոստացավ, որ մինչեւ դեկտեմբերի 1-ը մենք մեզ մտահոգող բոլոր հարցերի պատասխանները կստանանք:

– Իսկ ինչո՞վ է պայմանավորված Գյուտ սրբազանի այդ անվստահությունը Հայաստանից արտագաղթած հայերի նկատմամբ:

– Դա ինձ համար շատ ցավոտ ու անհասկանալի հարց է, որի պատասխանը ես չեմ կարողանում գտնել:

– Իսկ Իսպանիայում կա՞ կազմավորված հայկական համայնք:

– Արդեն կա: 2005-ին Գյուտ սրբազանի կարգադրությամբ Վալենսիայում ստեղծվեց հինգ անձից բաղկացած հանձնախումբ, որի ղեկավարը ես էի: Ինը ամիս աշխատանք կատարեցինք, անդամագրեցինք մարդկանց, հանդիպումներ կազմակերպեցինք: 2006 թ. մայիսի 13-ին հրավիրեցինք ընդհանուր ժողով, որի ընթացքում ստեղծվեց վարչություն՝ կազմված տասը անձից, տասնմեկերորդը պետք է նշանակվեր Գյուտ սրբազանի կողմից՝ եկեղեցու սպասավոր, որը, ըստ կանոնակարգի, համարվում է հանձնախմբի նախագահը: Մեր տասնմեկերորդ թեկնածուն Արգենտինայից տեղափոխված մի քահանա է՝ Մասիս Գյումջյանը, որը 2003-ից մեզ հետ աշխատում է, պատարագներ կազմակերպում, բայց սրբազանը նրան պաշտոնապես չի հաստատում, քանի որ իր առաջարկած թեկնածուն չէ:

Մենք ծրագրեր ունենք դպրոցաշինության, բիզնեսի եւ այլ հարցերով համագործակցելու եւ աշխատելու Հայաստանի կառույցների հետ, բայց հոգեւոր առաջնորդի բացակայությամբ մեր կազմակերպությունը իրավական եւ օրինական ուժ չունի:

– Որքան ես տեղյակ եմ, Իսպանիայում ապրող հայերը դժգոհ են Վալենսիայում գործող հայկական հյուպատոսությունից, որը բարդությունների եւ բյուրոկրատական քաշքշուկների մեջ է գցում մարդկանց:

– Բնականաբար, ամեն ինչի սկիզբը դժվար է՝ մինչեւ հունի մեջ գցելը: Նման բացասական երեւույթները շտկվում են, վերջին երկու տարում արդեն դժգոհություններ չեն լինում: Իսկ երբ մեր վարչությունը իրավական ուժ ստանա, մենք կարող ենք վերահսկողությունն ամեն ինչի նկատմամբ ուժեղացնել եւ մարդկանց նման քաշքշուկներից ազատել: Բացի այդ, իրավական բոլոր հիմքերն ունենալուց հետո՝ մենք կկարողանանք կապեր հաստատել նաեւ Սփյուռքում գործող բոլոր հայկական համայնքների եւ կառույցների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել