Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու թոքախտավորները չեն բուժվում

Նոյեմբեր 17,2006 00:00

Հիվանդները տուբդիսպանսերներ չայցելելու մի շարք պատճառներ ունեն

Չնայած առողջապահության նախարարությունը տուբերկուլյոզն ընդգրկել է պետպատվերով բուժվող հիվանդությունների ցանկում, սակայն հիվանդներն անգամ անվճար բուժման պարագայում տուբդիսպանսերներ չեն գնում: Սա է պատճառը, որ թոքախտով հիվանդների թիվը մեր երկրում տարեցտարի աճում է, եւ վարակակիրները, ազատ շրջելով փողոցներում, հասարակությանն էլ ենթարկում են իրենցից վարակվելու վտանգին:

Իսկ հիվանդները բուժհիմնարկ չեն գնում մի քանի պատճառով: Խնդիրն այն է, որ այս հիվանդությունը հիմնականում առաջանում եւ զարգանում է թերսնումից, իսկ քանի որ Հայաստանում աղքատությունը բավականին բարձր մակարդակի վրա է, եւ մարդիկ միջոցներ չունեն ամեն օր վիտամիններով հագեցած սնունդ ընդունելու, բուժումն իր ցանկալի արդյունքը չի ունենում: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Վաղարշապատի հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրեն Սոֆա Մաթեւոսյանը, իրենց հիվանդները հիմնականում սոցիալապես անապահովներ են, որոնք հազիվ են գոյությունը պահպանում եւ միջոցներ չունեն նորմալ, ռեժիմով սնվելու համար: Մինչդեռ, ըստ մասնագետների, տուբերկուլյոզով հիվանդները պետք է օրական ընդունեն այնպիսի սնունդ, որի էներգետիկ արժեքը հասնի 3 հազար կալորիայի: Նրանց սննդաբաժնում պետք է ներառվեն A եւ B վիտամիններ, սպիտակուցներ, ածխաջրեր, հանքային աղեր, մսեղեն, ընդեղեն:

Թոքախտով հիվանդների՝ դիսպանսեր չգնալու եւ բուժում չստանալու մյուս պատճառը դարձյալ սոցիալական խնդիրների հետ է կապված: Հիվանդներն օրը մեջ պետք է հաճախեն հիվանդանոց եւ ստանան իրենց հասանելիք դեղաչափը, սակայն քանի որ հիվանդանոցները գյուղերից հեռու են, տրանսպորտի համար գումար չունենալով՝ հիվանդների մեծ մասը գնում է 10-15 օրը մեկ: Ըստ տիկին Մաթեւոսյանի, «բացի անվճար բուժօգնությունից, հիվանդներին դիսպանսեր հասնելու համար պետք է կառավարությունը տա նաեւ ճանապարհածախս եւ ինչ-որ սննդային տոպրակ: Միայն այս միջոցով հնարավոր կլինի նրանց բերել հիվանդանոց եւ լիարժեք բուժել»:

Բուժումից խուսափելու հաջորդ պատճառը հոգեբանական է: Տնօրենի տեղեկացմամբ՝ հատկապես աղջիկներն ամաչում են գնալ հիվանդանոց. «Եթե նույնիսկ հնարավորությունները ներում են գալու, տուբերկուլյոզ անունը լսելով՝ արդեն վատ են զգում, հիվանդների 30 տոկոսն իր հարազատներին է խնդրում, որ դեղերը հիվանդանոցից գան-տանեն, մինչդեռ միայն դեղերը բավարար չեն, այստեղ նրանք պետք է հետազոտվեն, ստուգվեն, որ բուժումը ճիշտ ընթանա»:

Այս տարվա ինը ամիսներին Վաղարշապատի դիսպանսերում գրանցվել է 82 հիվանդ: Միայն Էջմիածին քաղաքում կա յոթ վարակակիր ընտանիք: Ըստ Ս. Մաթեւոսյանի, մեկ վարակակիր հիվանդը կարող է նվազագույնը վարակել 5-10 մարդու: Մինչդեռ, եթե նույնիսկ բժիշկները հստակ տեղեկություն ունենան, որ տվյալ մարդը վարակակիր է եւ ուրիշների առողջությունն էլ է վտանգում, նրան բռնի չեն կարող տանել հիվանդանոց: Սա «Առավոտին» հաստատեց նաեւ Արտաշատի հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրեն Մարատ Մարկոսյանը: Նրա խոսքերով՝ «մեզ մոտ հարկադիր բուժումն օրենքով արգելվում է, դա պատճառաբանվում է նրանով, որ եթե հիվանդին պարտադրենք բուժվել, ապա կխախտվի նրա իրավունքը, այսօր մեր խնդիրը սա է, վարակակիրը հեշտությամբ կարող է շփվել առողջ մարդկանց հետ ու նրանց վարակել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել