Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ 2007-ԻՆ՝ $1500

Նոյեմբեր 17,2006 00:00

Խորհրդարանը երեկ քննարկեց բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ 2007-ի հուլիսի 1-ից նախատեսվում է պաշտոնային գործող դրույքաչափերի 40%-ով բարձրացում:

Այսպիսով, Հայաստանի նախագահի աշխատավարձը կսահմանվի 28 նվազագույն աշխատավարձի չափով՝ 560 000 դրամ: ԱԺ խոսնակի, վարչապետի, Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների նախագահների դրույքաչափը 24 նվազագույն աշխատավարձ է՝ 480 000 դրամ, ԱԺ փոխխոսնակները ստանալու են 22-ապատիկը: Իսկ ԱԺ պատգամավորների, նախարարների, ԱԺ վերահսկիչ պալատի նախագահի, ՍԴ անդամների, գլխավոր դատախազի, ոստիկանության պետի, ԱԱԾ տնօրենի, ԿԸՀ նախագահի, կառավարության, ԱԺ-ի, ՍԴ-ի եւ նախագահի աշխատակազմերի ղեկավարների, Ազգային վիճակագրական ծառայության ղեկավարի եւ Երեւանի քաղաքապետի աշխատավարձերը կկազմեն 21 դրույքաչափ եւ հաջորդ տարի հավասար կլինեն 420 000 դրամի:

Ըստ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի 1-ին տեղակալ Պավել Սաֆարյանի՝ այս օրենսդրական փաթեթի ընդունումը կառաջացնի շուրջ 710 մլն դրամի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն, ինչն արդեն իսկ նախատեսված է 2007-ի պետբյուջեով:

Ընդդիմադիր պատգամավորները դեմ արտահայտվեցին կառավարության այս նախաձեռնությանը: Վիկտոր Դալլաքյանը հարցրեց՝ ինչո՞ւ եք բարձրացնում մաքսային կոմիտեի ղեկավարի աշխատավարձը, եթե նա մամուլում հայտարարում է, որ քշում է 9 հազար դոլարանոց բուրան եւ ունի 5 հազար դոլարանոց կոստյում. «Դրա աշխատավարձը դուք ինչի՞ եք բարձրացնում»: Հարցին ծիծաղելով արձագանքեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը. «Կարող ա՝ ինքն էդ մի կոստյումն ունի, հասկանո՞ւմ եք»: Իսկ Պավել Սաֆարյանը քիչ անց որպես աքսիոմատիկ ճշմարտություն նշեց. «Որեւէ երկիր գոյություն չունի, որտեղ աշխատավարձը չբարձրացնելով՝ փորձում են պայքարել կոռուպցիայի դեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել