Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԶԻՆՎՈՐ ԻՄ ՈՐԴԻՆ Է»

Նոյեմբեր 17,2006 00:00

\"\"Երեկ գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը

Նախարարը Գյումրի էր մեկնել հատուկ նպատակով՝ զինվորների ծնողներին հանդիպելու, նրանց հոգսերը, խնդրանքներն ու դիմումները լսելու եւ Գյումրվա երիտասարդների հետ նշելու Ուսանողների միջազգային օրը: Առաջին հանդիպումը նոր կառուցված «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքում զինվորների, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների եւ հարազատների հետ էր: «Ես ակնկալում եմ անմիջապես ձեզնից լսել այն խնդիրները, որ կան մեր բանակում, ձեր երեխաները ձեզ վստահաբար ամեն ինչ ասում են, որովհետեւ միշտ չէ, որ պաշտպանության նախարարին կարող են ասել, թե ինչ պրոբլեմներ կան: Եվ երկրորդ՝ ինձ հետաքրքրում են այն բոլոր խնդիրները, որ դուք ունեք այստեղ՝ քաղաքում: Բազմաթիվ են դեպքերը, երբ մեր զինծառայողների ծնողները ուղղակի չեն իմանում իրենց իրավունքները եւ այդ պատճառով չեն կարողանում օգտվել այն արտոնություններից, որ պետությունը տրամադրում է ժամկետային զինծառայողների ծնողներին, առաջին հերթին՝ կապված զինվորի ընտանիքի անդամների բժշկական ապահովության խնդիրների հետ: Պետությունը իր վրա է վերցրել ժամկետային զինծառայողների ընտանիքների բոլոր առողջապահական խնդիրները՝ սկսած ամենից փոքր պրոբլեմից մինչեւ ամենից մեծ վիրահատությունը: Օրինակ, անցյալ տարի 150-ից ավելի զինծառայողների ծնողների սրտի վիրահատության համար գումարներ ենք փոխհատուցել բյուջեի հաշվին»,- ասաց նախարարը:

«Զոհված ազատամարտիկների ծնողների տերը ես եմ»

Ծնողների խնդրանքները կարելի է բաժանել մի քանի խմբի. առաջին եւ ամենակարեւոր պահանջ-խնդրանքը, որ զոհված ազատամարտիկների հարազատներից էր հնչում՝ բնակարանային պահանջն էր. շատերն էին դժգոհում, որ տասից ավելի տարիներ չունեն բնակարան եւ ոչ ոք իրենց մասին չի մտածում: Այս կարգի դիմումները լսելիս Սերժ Սարգսյանը ակնհայտորեն զայրանում էր, բայց ոչ թե խնդրատուների, այլ, կարծես՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վրա, քանի որ յուրաքանչյուր կարգի հարց լսելիս շրջվում էր դեպի նա եւ բացատրություն պահանջում: Բանն այն է, որ պետական բյուջեից բավականին մեծ գումար է հատկացված զոհվածների հարազատներին բնակարանային պայմաններով ապահովելու եւ պայմանները բարելավելու համար: Զոհված ազատամարտիկի հայր Ալբերտ Գասպարյանն ասաց, որ մնացել է անտուն, թեպետ համապատասխան փաստաթղթերը նախարարություն է ներկայացրել դեռեւս երեք տարի առաջ, եւ եզրակացրեց. «Հիմա այդպես է, տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»: Նախարարը համաձայն չէր. «Բայց դու ինչո՞ւ ես անտեր: Բոլոր զոհված ազատամարտիկների ծնողների տերը ես եմ: Այսօր մենք չունենք զոհված ազատամարտիկի ընտանիք, որ բնակարան չունենա, ինձ համար ձեր պատմածը շատ զարմանալի է: Եթե իրականությունը դա է, եւ դուք իրոք բնակարան չեք ստացել, վստահ եղեք, որ մի շաբաթվա ընթացքում մենք ձեզ տրամադրելու ենք գումար, որ դուք Գյումրիում ստանաք բնակարան»: Ու երբ մարդը մի տեսակ թերահավատ նայեց նախարարին, վերջինս ասաց. «Այ, էսքան մարդ ներկա է, բա որ դու տասը օրվա ընթացքում բնակարան չստանաս, չե՞ն ասելու՝ էս նախարարը հավայի խոսող է»:

Մեկ այլ հաշմանդամ ազատամարտիկ խնդրեց. «Պարոն նախարար, չե՞ք կարող միջամտել, որ տղաներս նույն տեղում ծառայեն, մեկը ծառայում է Արարատում, մյուսը դեկտեմբերի 17-ին է մեկնելու, հնարավո՞ր է միջնորդեք՝ երկու եղբայր ծառայեն նույն զորամասում»։ «Հա, իհարկե, եղբայր, բայց ես չեմ միջնորդում, ես հրամայում եմ»,- եղավ պատասխանը: Շիրակի զինկոմը նստած էր նախարարի կողքին եւ գլխով համաձայնության նշան արեց:

«Դեդովշչինայի» մասին

Ծնողներից մեկը խնդրեց նախարարին, որ իր ունեցած լծակներով բանակում վերացնի «դեդովշչինա» ասվածը: Սերժ Սարգսյանը խոստացավ, թեպետ նաեւ ասաց, որ այն իսպառ վերացնել հնարավոր չէ, եւ աշխարհի բոլոր բանակներում էլ նման երեւույթներ կան: Սակայն որոշ վիճակագրական տվյալներ ներկայացրեց, որ փոքր-ինչ մխիթարի այսօրվա զինվորների ծնողներին. «95 թվականի 11 ամիսների ընթացքում 300 զինվոր է սպանվել, եւ դա արդեն պատերազմից հետո: 96-ին՝ 252, եւ այսպես քչանալով գալիս է, եւ այսօր, անցած 10 եւ կես ամիսներին ունեցել ենք 27 զոհ: Իհարկե, 27-ն էլ շատ է, նույնիսկ մեկ զինվորի կորուստը բոլորիս համար ցավ է: Ցավ է ոչ միայն ծնողների, այլեւ՝ պաշտպանության նախարարի համար: Բայց եթե իրականությանը նայենք, ապա քաղաքացիական կյանքում էլ լինում է հանցագործություն, լինում է վթար, լինում են սպանություններ եւ այլն: Մենք ամեն ինչ անում ենք այդ բաները վերացնելու համար, որովհետեւ դա մեզ է պետք, որովհետեւ բանակը պետք է ղեկավարի հրամանատարը: Ամեն ինչ անելու ենք, որ մեր բանակում այդ պրոցեսները հասնեն նվազագույնի»:

Երիտասարդների տոն

Երիտասարդության միջազգային օրը ՀՀԿ խորհրդի նախագահը նշեց Գյումրիում, քաղաքապետին պատկանող «Օազիս» ռեստորանում՝ ուսանողների եւ դասախոսների հետ: Միջոցառմանը հրավիրված էին Արմեն Մարտիրոսյանի պետական ջազ-նվագախումբը, Հրանտ Թոխատյանը, ուրիշներ, որոնց Գյումրիի պատվավոր քաղաքացի Սերժ Սարգսյանը ներկայացրեց որպես իր ընկերներ: Հաղորդավարը Սերժ Սարգսյանին ներկայացրեց որպես «հոգով ամենաերիտասարդ նախարար»: Վերջինս կարծես դեմ չէր այդ գնահատականին, քանի որ անմիջապես ասաց, որ երիտասարդության օրը ինքը հենց Գյումրիում պետք է նշեր, քանի որ վերջերս են գյումրեցիք իրեն պատվավոր քաղաքացու կոչում շնորհել, եւ դա պարտավորեցնող է: Հանդիպման մասնակիցները ուղիղ կապով կապվում էին Գորիսի ՀՀԿ երիտասարդական կառույցի հետ, որը եւս նույն ժամին նմանատիպ միջոցառում էր անցկացնում Գորիսում:

Հ. Գ. Գրեթե բոլոր ծնողները խնդրում էին զինվոր որդիներին տուն ուղարկել գոնե իրենց ծննդյան օրերին եւ դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի տարելիցի օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել