Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԼՎԱՆԱԼ «ԻՐԱՑՄԱՆ» ՓՈՂԵՐԸ

Նոյեմբեր 17,2006 00:00

\"\"«Ֆիրդուսնոցի» եւ Գինու գործարանին հարող տարածքներն իրացնող ընկերությունները պատկանում են միեւնույն մարդուն

«Առավոտն» արդեն առիթ ունեցել է անդրադառնալու Երեւանի Կենտրոն համայնքում «պետական կարիքների համար» օտարվող տարածքների կառուցապատման ծրագրի շրջանակներում իրացման աշխատանքներ կատարող ընկերություններից մի քանիսին: Դրանք, որ թվով վեցն են, ՀՀ կառավարության՝ ՀՀ օրենսդրությանը հակասող 2004թ. հունիսի 30-ի թիվ 909 որոշմամբ, առանց մրցույթի եւ Երեւանի քաղաքապետարանի հետ ուղիղ բանակցությունների միջոցով դարձել էին ընդհանուր առմամբ 50256 քմ տարածք իրացնող գիգանտ կազմակերպություններ: Կառավարության հիշյալ որոշման մեջ, ի թիվս այդ ընկերությունների, մատնանշված էր նաեւ «Գլենդել Հիլզ»-ի անունը, որն այսօր իրացնում է Երեւանի գլխավոր պողոտայի՝ Բուզանդի փողոցին հարող հատվածը՝ 3078.0 քմ տարածքով: Նույն ՓԲԸ-ն նաեւ Երեւանի գինու գործարանի հարակից՝ 23000 քմ տարածքն է իրացնում: Այս ընկերությունն, ըստ պետռեգիստրի, գրանցվել էր 2004թ. մայիսի 31-ին՝ 339 մլն կանոնադրական կապիտալով: Բայց դա չէր խանգարել, իհարկե, որ որոշումից ընդամենը մեկ ամիս առաջ պետռեգիստրի գրանցում ստացած այս ՓԲԸ-ն հայտնվեր կառավարության վերոնշյալ ցանկում, թերեւս այն պատճառով, որ ընկերության «տանիքը» ազդեցիկ մարդիկ են (ֆիրդուսցիները խոսում են Դավիթ Հարությունյանի եղբոր մասին): Ի դեպ, «Գլենդել Հիլզի» գործադիր մարմնի ղեկավարը Էդուարդ Մելիքյանն է, ով այս տարվա մարտի 20-ին գրանցել է եւս մեկ համանման ՓԲԸ՝ «Սիթի Սենթր դիվելըփմենթ» ճոխ անունով: Ի տարբերություն «Գլենդել Հիլզի», այս մի ընկերության կանոնադրական կապիտալն անհամեմատ համեստ է՝ ընդամենը 100 հազար դրամ: Այդ համեստ ընկերությունը, ՀՀ կառավարության այս տարվա հունիսի 16-ի թիվ 956-Ա որոշմամբ, պետք է իրացնի Երեւան քաղաքի 33-րդ թաղամասը՝ «ֆիրդուսնոցը», որն ունի 50476.55 քմ մակերես: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ պետռեգիստրում ե՛ւ «Գլենդել Հիլզը», ե՛ւ «Սիթի Սենթր դիվելըփմենթը» գրանցված են միեւնույն հասցեում՝ Սայաթ-Նովա 19:

Սրա ամենաանմեղ բացատրությունը կարող է այն լինել, որ երկու ընկերությունների ղեկավարն ու բաժնետերերը պարզապես չեն ցանկացել, որ «Գլենդել Հիլզ» անունը շատ երեւա: Բայց հարց է առաջանում՝ ընդամենը 100 հազար դրամ կանոնադրական կապիտալ ունեցող ընկերությանը որտեղի՞ց միջոցներ 50 հազար քմ-ից ավելի տարածքն իրացնելու ու կառուցապատելու, մարդկանց համարժեք փոխհատուցում տալու համար: Զարմանալի է, որ այդ հարցը կառավարությունում չի ծագել: Կարելի է ենթադրել, որ եթե անգամ այս ՓԲԸ-ն միջոցներ ներդնի, դրանք ստվերային են լինելու: Դժվար է ըմբռնել ՓԲԸ-ների տիրոջ տրամաբանությունը. ինչո՞ւ էր պետք գումարներ ծախսել նոր ընկերություն գրանցելու, կանոնադրական կապիտալ ցույց տալու համար, երբ հեշտ ու հանգիստ, առանց սահմանափակումների նույն «Գլենդել Հիլզը» կարող էր ներգրավվել նաեւ մեկ այլ տարածքի իրացման աշխատանքներում: «Ֆիրդուսնոցի» վտարման ենթակա բնակիչները վստահ են, որ իրենց թաղամասն իրացնող ընկերությունը բնակիչներին պարզապես «քցելու» մտադրություն ունի եւ հիմա այլ կազմակերպության անվան տակ հանդես գալով՝ փորձում է իրենց թյուրիմացության մեջ գցել: «Առավոտն» արդեն գրել է դրա մասին. «ֆիրդուսնոցն» իրացնողը «Սիթի Սենթր դիվելըփմենթն» է, բայց վերջինիս ներկայացուցիչները թաղամասի բնակիչներին՝ որպես փոխհատուցում, բնակարաններ են խոստանում Երեւանի գինու գործարանին հարող տարածքում կառուցվելիք շենքերում, որը կառուցում է միանգամայն այլ իրավաբանական անձ՝ «Գլենդել Հիլզը»: Ու եթե «ֆիրդուսցիները» կուտն ուտեն ու համաձայնեն այդ պայմաններին՝ նրանք մի գեղեցիկ օր կարող են հայտնվել բոմժի կարգավիճակում, որովհետեւ «Սիթի Սենթր դիվելըփմենթի» հետ կնքած իրենց պայմանագրերը ձեռքներին՝ նրանք գնալու ու բնակարան են պահանջելու մեկ այլ իրավաբանական անձից: Եթե մի օր պարզվի, որ «Սիթի Սենթր դիվելըփմենթը» սնանկ է ու չի կարող կառուցապատման աշխատանքներ անել, մարդկանց բնակարանով ապահովել, միեւնույն է՝ դրանից ընկերության տերը չի տուժի, որովհետեւ նրա շրջանառու միջոցները կարող են հայտնվել իր մյուս գրպանում՝ «Գլենդել Հիլզում»:

ՀՀ կառավարության այդ որոշման մեջ կա էլի մի հետաքրքիր կետ, որով ընկերությունը 2007թ. ընթացքում միանվագ Երեւանի քաղաքապետարանի արտաբյուջետային հաշվին պետք է վճարի 850 մլն դրամ: Հարց է առաջանում՝ «Սիթի Սենթր դիվելըփմենթը», որի կանոնադրական կապիտալը 100 հազար դրամ է, այդքան շրջանառու միջոցներ ունի՞ տարածքն իրացնելու, կառուցապատելու, բնակիչներին փոխհատուցում տրամադրելու եւ դեռ քաղաքապետարանին էլ 850 մլն դրամ փոխանցելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել