Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԻԿԸ ԳՆԱՑ, ԲԱՅՑ ԽՈՍՏԱՑԱՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Նոյեմբեր 16,2006 00:00

\"\"Չեմպիոնը գնալուց առաջ այցելեց «Առավոտի» խմբագրություն

IBF-ի եւ IBO-ի վարկածներով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բազմակի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը, ով հոկտեմբերի 7-ին Լաս Վեգասում չեմպիոնական գոտիները հաջողությամբ պաշտպանեց՝ 6-րդ ռաունդում շարքից հանելով ֆիլիպինցի Գլեն Դոներին, վաղը իր հարսնացու Օլգայի եւ մտերիմ ընկերոջ՝ Ջամել Ջեյ Ֆերեսի հետ Հայաստանից վերադառնում է Ավստրալիա:

Մեկնելուց առաջ նրանք հյուրընկալվեցին «Առավոտի» խմբագրությունում: Վիկը տեղեկացրեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ ֆիլիպինցու նկատմամբ իրեն տեխնիկական հաղթանակ գրանցելու վճիռը տեխնիկական նոկաուտով փոխարինելու իր բողոքի հիման վրա ռինգի մրցավար Թոնի Ուիքսին մի քանի ամսով զրկել են մենամարտ սպասարկելու իրավունքից, իսկ վճիռը կփոխվի մի տարվա ընթացքում: Ասաց նաեւ, որ իր պրոումոթերն օրերս հեռախոսով տեղեկացրել է, որ իր հետ մենամարտելու պատրաստակամություն է հայտնել IBF-ի վարկածով մինչեւ 50,802 կգ քաշայինների տիտղոսացուցակում ներկայումս երրորդ տեղն զբաղեցնող (1-ին եւ 2-րդ տեղերը թափուր են) մեքսիկացի Խոսե Վիկտոր Ֆլորես Բուրգոսը: Նա 32 տարեկան է, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 56 մենամարտ, տարել 39 հաղթանակ, որից 23-ը՝ նոկաուտով, կրել 14 պարտություն եւ երկու մենամարտ ավարտել ոչ-ոքի: Մենամարտը, ամենայն հավանականությամբ, կկայանա 2007 թ. հունվարի 6-ին՝ ԱՄՆ ում (Երեւանով՝ հունվարի 7-ին):

«Ճիշտն ասած, արդեն մտադիր էի տեղափոխվել մեկ աստիճան բարձր քաշային կարգ, քանի որ բոլոր վարկածներով իմ քաշային կարգի չեմպիոնները հրաժարվում են ինձ հետ մենամարտել,- «Առավոտի» թղթակցին ասաց Վիկը:- Բայց տեղեկանալով այս առաջարկի մասին, որոշեցի առայժմ քաշս չփոխել եւ մեկ անգամ էլ այս քաշով մտնել ռինգ: Բուրգոսը բարձրակարգ բռնցքամարտիկ է, այսօրվա դրությամբ IBF-ի ցուցակում համարվում է առաջին համարը: Նա ժամանակին հաղթել է անգամ հանրահայտ Խորխե Արսեին, ում արդեն որքան ժամանակ է մենամարտի եմ հրավիրում ու նա համառորեն փախչում է: Արդեն մի քանի օր է, ինչ սկսել եմ ռեժիմ պահել: Դա պարտադիր է: Ճիշտ է, Հայաստանում շատերը, ովքեր ինձ հրավիրում են հանդիպման, կարծես սկզբում նեղանում են, որ չափավոր եմ օգտվում ճոխ հյուրասիրությունից, բայց հետո հասկանում են, թե ինչի համար: Ես անպայման հաղթելու եմ: Ու միայն նոկաուտով: Դրանում ոչ մի կասկած չունեմ: Դուք էլ մի կասկածեք: Մեծամտություն չհամարեք, բայց տեսնում եմ, որ իսկապես ուժեղ եմ մրցակիցներիցս, ովքեր էլ նրանք լինեն: Բայց այլեւս ռինգում նրանց հետ չեմ խաղալու, ինչպես արեցի Դոների հետ մենամարտում՝ հեռուստաընկերությունների խնդրանքով, ու արդյունքում մաքուր նոկաուտը չգրանցեցին»: Հետաքրքրվեցինք, թե հաջորդ վերադարձը Հայաստան ե՞րբ կլինի: Պատասխանեց. «Հաջորդ հաղթանակից հետո, բայց ճշգրիտ ժամկետ առայժմ չեմ կարող ասել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել