Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՃԱՇԱԿՆԵՐԻ ԲԱԽՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է»

Նոյեմբեր 16,2006 00:00

\"\"Հարցազրույց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ

– Պետությունը պե՞տք է վարի մշակութային քաղաքականություն: Եթե այո, ապա կարո՞ղ եք մեկ նախադասությամբ դրա ձեւակերպումը տալ:

– Կարող եմ մեկ բառով ձեւակերպել՝ անշուշտ:

– Դուք հետամո՞ւտ եք, որ մեր առանցքային պետական մշակութային հիմնարկները (Օպերային թատրոն, Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոն եւ այլն) քարոզեն ժամանակակից հայ արվեստ:

– Իհարկե: Պետական մշակութային հիմնարկների առաքելությունը հենց ժամանակակից հայ արվեստ ներկայացնելն է: Բայց դա պետք է իրականացվի մեզ հասած ժառանգության հետ համատեղ: Ավանդականի ու ժամանակակցի տարանջատումը անթույլատրելի է: Մշակույթի օջախի ղեկավարը պետք է, պետպատվերին զուգահեռ, ինքը պրպտի, գտնի այն տարբերակը, որը կհետաքրքրի ու կգրավի հանդիսատեսին:

– Շուկայական եւ ազատական տնտեսության պայմաններում պետությունը կարո՞ղ է եւ պե՞տք է վերահսկի, թե ովքեր են մասնակցում արտերկրում անցկացվող մրցույթներին կամ ովքեր են Հայաստանում մրցույթներ, փառատոներ կազմակերպում:

– Պետությունը չի կարող այդ ամենը վերահսկել եւ, կարծում եմ, պետք էլ չէ: Պետության խնդիրը ազգային մշակութային գաղափարախոսության տարածումն է: Միայն այդ դեպքում այլընտրանքային բոլոր ձեւերի ու եղանակների կենսունակությունը կնվազի եւ դրանք դուրս կսպրդեն դաշտից: Մենք ինչո՞ւ ենք եվրոպական հասարակությունը պատկերացնում միատարր: Այնտեղ էլ տարբեր է հանդիսատեսը: Իսկ պետական մշակութային ծրագրեր ընտրելիս եւ իրականացնելիս պետք է խիստ լինել: Միայն այդ դեպքում արդյունքում կունենանք բարձրակարգ արվեստ:

– Մշակույթի նախարարությունը համագործակցո՞ւմ է պետական ԶԼՄ-ների, մասնավորապես՝ Հ1-ի հետ որոշակի մակարդակի եւ ուղղվածության մշակութային ծրագրեր պատրաստելիս:

– Այսօր, ցավոք, մենք միայն մշակութային իրադարձությունների արձանագրողն ենք, մինչդեռ շատ կարեւոր է դրանց վերլուծությունը: Ընդգծում եմ՝ վերլուծությունը, ոչ թե չար քննադատությունը: Հաջորդ գործին ձեռնամուխ լինելիս միշտ պետք է լսել տեղին արված դիտողությունն ու քննադատությունը: Այս ամենը մտադիր ենք ներկայացնել նախարարության «Մշակույթ» շաբաթաթերթում: Ինչ վերաբերում է Հ1-ի հետ համագործակցությանը, նախատեսել ենք համատեղ ծրագրերի առաջարկով դիմել Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահին:

– Ձեր ծրագրերում կա՞ն կինոարվեստին վերաբերող կետեր, այն դեպքում, երբ «Հայֆիլմ» կինոստուդիան սեփականաշնորհվել է եւ հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիան՝ փակվել:

– Այս տարի պետբյուջեի նախագծում ամրապնդվեց այդ օղակի պահպանման ծախսերը եւ, միեւնույն ժամանակ, շարունակվելու է որոշակի ֆինանսավորում հայրենի ֆիլմարտադրությանը: Մեզ մնում է հստակեցնել՝ ի՞նչ կինո ենք ուզում ունենալ: Ամենակարեւորն այստեղ սցենարների ճիշտ ընտրությունն է: «Երեւան» ստուդիայի հարցը մտահոգում է մեզ: Ծանոթ եմ ու գիտեմ անցած տարիներին այդ օջախի արած աշխատանքն ու թողած ժառանգությունը: Պատրաստ եմ որոշակի նախաձեռնությամբ հանդես գալ՝ միայն խնդրի ամբողջական էությունը հասկանալուց հետո:

– Ո՞րն է մշակույթի նախարարության դերը այս կամ այն երկրի տարին Հայաստանում եւ մեր երկրի տարին այդ երկրներում անցկացնելու գործում:

– Այդ ուղղությամբ արվածի առումով դեռ կայացման փուլում ենք, իսկ այս պարագայում անխուսափելի են ճաշակների բախումը, աշխարհայացքների տարբերությունը, մտածելակերպի բազմազանությունը: Հասկանում եմ, որ ձեր հարցը տանում է դեպի ՌԴ-ում Հայաստանի տարվա բացման միջոցառում: Անշուշտ, 1-2 ելույթ չպետք է ընդգրկվեր համերգային ծրագրում, բայց դա չի նշանակում, որ ողջ միջոցառումը պետք է համարել չհաջողված: Նախապես ասեմ, որ ՌԴ-ում Հայաստանի տարվա փակման միջոցառումը, որը կկայանա դեկտեմբերի 2-ին՝ Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատի Եկատերինյան դահլիճում, մանրակրկիտ պատրաստված է: Անշուշտ, կհնչի Կոմիտաս, հետո մեր մյուս անվանիների՝ Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի երկերը: Մոցարտի ծննդյան 250 եւ Շոստակովիչի 100-ամյակների առիթներով նրանց գործերն էլ են ընդգրկված: Կհնչեն նաեւ Ռախմանինով, Շնիտկե եւ այլն:

– Արդյոք պետությո՞ւնը պետք է որոշի, թե որ երգիչն է լավ երգում կամ որ նկարիչն է լավ նկարում եւ արդյոք նախագահական պարգեւները, շքանշանները, ժողովրդականի, վաստակավորի կոչումները կոմունիստական դարաշրջանի վերաբերմունք չե՞ն:

– Լավ արվեստագետին պետք է խրախուսել: Դրա ձեւերից մեկը պետական պարգեւ շնորհելն է: Ի վերջո, արվեստագետները զգայուն, նուրբ մարդիկ են եւ գնահատված են զգում նման վերաբերմունքից: Լավ կամ շատ լավ, բարձրակարգ թե բարձրարվեստ ստեղծագործողին, իհարկե, ձեւավորում է հասարակությունը, սակայն այստեղ իրենց դերն ունեն ստեղծագործական միությունները, որոնք պետք է արժանվույնս ներկայացնեն իրենց գործիչներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել