Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՈԼԵԿՏԻՎԸ «ԲՈՒՆՏ Է ԱՆՈՒՄ»

Նոյեմբեր 16,2006 00:00

\"\"Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում կրքերը չեն հանդարտվում

Ուրբաթ օրը ԳԱԱ նախագահությունը մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատեց նախկին փոխտնօրեն Աննա Բոյաջյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ գիտխորհրդի մեծամասնությունն ապագա տնօրենի պաշտոնում տեսնում էր Միջբջջային փոխազդեցությունների լաբորատորիայի վարիչ Աստղիկ Փեփոյանին, եւ դա հաստատել էր փակ քվեարկությամբ: Ընտրություններից առաջ կոլեկտիվի 90 անդամներից 60-ը, մտավախություն ունենալով, որ նախագահությունն իրենց կարծիքը հաշվի չի առնի, նամակով դիմել էր ԳԱԱ՝ խնդրելով անցկացնել արդար ընտրություններ: Ինչպես տեսանք, կոլեկտիվի մեծամասնության մտավախությունը տեղին էր. ԳԱԱ նախագահությունն արհամարհեց նրանց կարծիքը: Մինչդեռ, դեռեւս նախորդ ինստիտուտների ընտրությունների ժամանակ, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ իրենք, խախտելով ՊՈԱԿ-ի մասին օրենքի պահանջը (ինչը ենթադրում է, որ լիազորված պետական մարմինը նշանակո՛ւմ է ՊՈԱԿ-ի ղեկավարին), ընտրել են դեմոկրատական մոտեցում, որպեսզի հաշվի առնեն նաեւ ինստիտուտների, բաժանմունքների կարծիքները: Բայց ստացվում է, որ այս ամենը փուչ դեմոկրատիա է, իրականում ում ուզում, նրան էլ նշանակում են. այս կարծիքին են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի՝ Ա. Փեփոյանին պաշտպանող գիտաշխատողները: Նրանք կարծում են, որ ընտրություններն արդարացի չեն անցկացվել. «Եթե ՊՈԱԿ է, ուրեմն թող նշանակեին տնօրեն, եւ այսքան պատմություն չլիներ, թե՛ Աստղիկ Փեփոյանը, թե՛ նրան պաշտպանող գիտաշխատողները բարոյական վնաս կրեցին. նախագահության նիստի ժամանակ մտածված վարկաբեկեցին մեր նախընտրած թեկնածուին»,- ասում էին կոլեկտիվի անդամները մեզ հետ զրույցում՝ նկատի ունենալով մյուս թիմի ներկայացուցիչ Ժաննա Կծոյանի ելույթը, որում Կծոյանն արդեն որերորդ անգամ կրկնում էր, թե Ա. Փեփոյանն ինչ-որ ծրագիր է տապալել:

Մի խոսքով, հիմա կոլեկտիվի մեծամասնությունն իր համատեղ աշխատանքը նոր տնօրեն Աննա Բոյաջյանի հետ՝ չի պատկերացնում: Իհարկե, նրանցից շատերը հիմա չեն համարձակվում բարձրաձայն բողոքել, որովհետեւ կարող են զրկվել իրենց մի քանի կոպեկից, իսկ այլ ինստիտուտներ չեն կարող տեղափոխվել, որովհետեւ, նրանց իսկ խոսքերով, լաբորատոր սարքավորումները տեղափոխելը, մոնտաժելը մեծ ծախսերի հետ է կապված: Մեր զրուցակից Էժենի Քաջվորյանը, ով ինստիտուտում թեմայի ղեկավար է, զարմացած է, որ նոր տնօրենի գալով ինստիտուտում ոստիկանական ռեժիմ է սահմանվել. «Ես աշխատել եմ նաեւ շաբաթ, կիրակի, նույնիսկ մինչեւ երեկոյան ժ. 9-10-ը, որովհետեւ փորձեր կան, որ հետաձգել չես կարող: Իսկ այս սահմանափակումը իմ աշխատանքին խանգարում է»: Իհարկե, կոլեկտիվի անդամներն ասում են, որ գրավոր հրաման տնօրենի կողմից չի եղել, եւ իրենք չեն կարող ապացուցել, որ հենց տիկին Բոյաջյանն է նման ռեժիմ սահմանել, բայց մյուս կողմից էլ ուրիշ ո՞ւմ հրահանգը պետք է կատարի պահակը, եթե ոչ՝ տնօրենի:

Մեր հարցին, թե ի՞նչը կարող է գիտաշխատողին խանգարել՝ գլուխը կախ զբաղվել իր գիտական գործերով եւ ուսումնասիրություններով, բոլորը միաբերան կրկնում էին՝ «ստեղծված մթնոլորտը»:

«Ճանաչելով Աննա Սուրենովնային, վախենում ենք, որ գիտական համագործակցություն նրա հետ չի կարող լինել, որովհետեւ նա մոտ 10 տարի գիտական գծով փոխտնօրեն է եղել, եւ ամեն ինչ արել է միայն իր լաբորատորիայի համար: Նա բարձրից է նայում բոլորին: Նույնը եւ՝ նրա լաբորատորիայի աշխատակիցները»,- ասում է Է. Քաջվորյանը: Հիշենք, որ դեռեւս նախագահության հայտնի նիստում նախկին տնօրեն Կոնստանտին Ղարագյոզյանն էլ դժգոհեց Ա. Բոյաջյանի 10 տարիների աշխատանքից՝ իբրեւ գիտական գծով փոխտնօրեն:

«Աննա Սուրենովնան իր լաբորատորիայում 13 հաստիք ունի, իմը՝ 6-ն է, նրա աշխատողների միջին աշխատավարձը 30 հազար է, այն դեպքում, երբ ես գիտությունների դոկտոր եմ, լաբորատորիայի վարիչ եւ նույնքան եմ ստանում, իսկ իմ լաբորատորիայի աշխատանքների արդյունքները միշտ միջազգային ասպարեզ ենք հանել: Եթե հիմա պետք է լինի տնօրեն ու ամեն ինչ նորից գնա իրեն, մենք այդպես չենք աշխատի»,- ասում է Ա. Փեփոյանը: Նրա տպավորությամբ, իրեն չընտրելու պատճառը հետեւյալն է. «Տեսան, որ աշխատող մարդ եմ, ենթարկվող չեմ, ունեմ իմ մտքերը… եթե իրենց պետք է քանդել ինստիտուտը, ինձ հետ դա հնարավոր չի լինի անել: Իսկ Աննա Բոյաջյանը Ռ. Մարտիրոսյանի հարցին, թե ո՞ր ինստիտուտի հետ է պատկերացնում միացումը, ասաց՝ ինֆորմատիկայի: Դրանք այնքա՜ն հեռու են: Պարզ է, թե ինչու այդպես ասաց. որովհետեւ այնտեղ նախագահության անդամ Յուրի Շուքուրյանն է. եթե այդ տրամաբանությամբ պետք է առաջնորդվեն… ես միայն գաղափարի շուրջ եմ պատկերացնում միավորումը»:

Մեզ չհաջողվեց իրավիճակի մասին պարզաբանումներ ստանալ նաեւ Աննա Բոյաջյանից: Նրա աշխատասենյակից մեզ հայտնեցին, որ նա գործուղման է մեկնել եւ կգա երկուշաբթի: Պատրաստ ենք լսել նաեւ նրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել