Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյուղերը հեռախոսի կարոտ են

Նոյեմբեր 16,2006 00:00

«ԱրմենՏելի» չարած գործերը «Վիմպելկոմի» վրա կմնան

«ԱրմենՏել» ընկերությունը թիվ 60 լիցենզիայով պարտավորվել էր մինչեւ այս տարվա վերջը Հայաստանի 800 գյուղական համայնքներում ապահովել թվային հեռախոսակապ, սակայն ընկերությունը մինչ օրս հազիվ 300 գյուղերի է հեռախոսակապ տրամադրել: Թեեւ օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը հավաստիացրեց, որ իրենք կհասցնեն տեղավորվել խոստացած ժամկետում, բայց հաշվի առնելով, որ 300 համայնքների հեռախոսիֆիկացումը մի քանի տարի տեւեց եւ մինչեւ դեկտեմբերի 31-ն էլ մնացել է մեկուկես ամիս, շատ հնարավոր է, որ հույները մեր երկրին հրաժեշտ տան այդպես էլ խոստումները չկատարած: Ընկերության պարտավորությունների թե վերահսկողը, թե պատժողը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է: Երեկ «Առավոտի» հետ զրույցում հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը չցանկացավ ժամանակից շուտ կանխատեսումներ անել ու մասնավորեցնել, թե ինչ պատժամիջոցներ կկիրառեն, եթե «ԱրմենՏելը» կամ նրա պարտավորությունները ստանձնած «Վիմպելկոմը» խախտի լիցենզիայի պահանջները: Միայն ասաց, որ ժամկետը լրանալուց հետո հանձնաժողովի մասնագետները մոնիթորինգ կանեն եւ ըստ այդմ որոշում կկայացնեն:

Օրինակ՝ Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիր աղբյուր գյուղը 2050 բնակիչ ունի, սակայն գյուղում ընդամենը տասը տուն հեռախոս ունի, այն էլ մալուխներն այնպիսի վթարային եւ քայքայված վիճակում են, որ այդ հեռախոսներով ոչ զանգել, ոչ էլ զանգ ընդունել է լինում: Հեռախոսի ապարատներն արդեն 10-15 տարի է՝ գյուղացիների համար որպես կահույքի մաս են ծառայում: Գյուղն արտաքին աշխարհից կտրված է:

Շտապօգնության, հրշեջ ծառայության կամ այլ արտակարգ իրավիճակի դեպքում գյուղացիները չեն կարող որեւէ մեկին օգնության կանչել: «Առավոտի» հետ զրույցում Վերին Կարմիր աղբյուրի գյուղապետ Գեւորգ Չոբանյանն ասաց, որ մոտ 300 բնակիչ արդեն գյուղը լքել է: Վերին Կարմիր աղբյուրը գազիֆիկացված էլ չէ, մինչդեռ գյուղապետի խոսքերով՝ «կոմունիստների ժամանակ ամբողջ մարզում մեր գյուղն առաջինն է գազ ունեցել»: Երեկ արդեն Տավուշի մարզում առաջին ձյունն է տեղացել եւ գյուղացիները լուրջ մտահոգություն ունեն, որ ձմեռը չեն կարող հաղթահարել, քանի որ ոչ մի կերպ ի վիճակի չեն տների ջեռուցման հարցը լուծել: Գյուղապետը հույս ունի, որ բնակիչները Տավուշի անտառների սանիտարական հատումներից ստացված փայտով մի կերպ յոլա կգնան: Նկատենք, որ թեեւ անունն է սանիտարական հատում, բայց իրականում գյուղացիները ճարահատյալ ապօրինի անտառհատումներ են անում, որ ձմռանը տաքանան:

Այս գյուղը նաեւ ոռոգման եւ խմելու ջրի խնդիր ունի. «Երբեմն ամբողջ ձմեռ ջուր չենք ունենում, գյուղացիներն այդ ընթացքում ստիպված են լինում ջուրը կրել գյուղի մերձակա աղբյուրներից»,- ասաց գյուղապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել