Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳԻՏԱԿՑՈ՞ՒՄ ԵՔ, ԹԵ ԻՆՉ ՕՐԵՆՔ ԵՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Նոյեմբեր 16,2006 00:00

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը մեր թերթի միջոցով փոխանցեց իր այս կոչը. «Մինչեւ նոյեմբերի 16-ը, երբ կգա «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու պահը՝ ուզում եմ ուղղակիորեն դիմել այն պատգամավորներին, որոնք կարծես չեն հասկանում, թե ինչ նախագիծ է ընդունվում: Առաջին հերթին՝ ուզում եմ հստակեցնել, որ այդ նախագիծը չի իրականացրել Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 18-ին ընդունած որոշման եւ ոչ մի կետը, չի որոշակիացնում «գերակա հանրային շահ» հասկացությունը, չի նշում, թե նման շահ բավարարելու անհրաժեշտությունը երբ կարող է դիտվել որպես բացառիկ դեպք: Եվ այս օրինագիծը կարելի է ուղղակի գնահատել որպես հակաժողովրդավարական եւ հակասահմանադրական: Եթե օրենքի այս նախագծի ընդունման օգտին այսօր եւս մեկ անգամ սեղմվեն քվեարկության կոճակները՝ համոզված եմ, որ հանրապետականները կդավաճանեն ե՛ւ Նժդեհի գաղափարներին, ե՛ւ Աշոտ Նավասարդյանի բոլոր պատգամներին: Նույնը կարող եմ ասել նաեւ ՀՅԴ-ի մասին: Արդյոք Հովհաննես Քաջազնունին ու Ավետիս Ահարոնյանը, Սիմոն Վրացյանն ու Արամ Մանուկյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը կարո՞ղ էին հանդես բերել նման նախաձեռնություն կամ քվեարկել դրա օգտին: Դիմում եմ այդ կուսակցություններին ու նաեւ՝ «Ժողպատգամավոր» խմբի անդամներին՝ արդյոք իրենք լա՞վ են մտածել, թե ի՞նչ օրինագիծ են ուզում այսօր ընդունել»:

Այս կոչի կապակցությամբ ընդամենը կարող ենք ասել՝ երանելի է նա, ով հավատում է, թե Նժդեհի կամ Քաջազնունու անունների հիշատակմամբ կարելի է ազդել պատգամավորների վրա, որ չքվեարկեն նախապես որոշվածի պես:

Մեջբերենք նաեւ ՀՀԿ ղեկավար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պատասխանը, որն արձագանքելով լրագրողի միջոցով իրենց սեփականությունից զրկված ցուցարարների հարցին՝ «կհրաժարվե՞ք ձեր սեփականությունից, եթե դա պահանջի պետության շահը»՝ հպարտորեն ասաց. «Այո: Ժամանակ է եղել, երբ ես կյանքիցս էլ եմ հրաժարվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել