Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայկական կողմն իր փոխզիջումն արել է»

Նոյեմբեր 16,2006 00:00

«Բաքու չենք մտել»՝ այդպիսի դիրքորոշում են երեկ արտահայտել ազատամարտի վետերանները

Երեկ «Հայելի» ակումբում Ղարաբաղի «Երկրապահ» միության նախագահ, Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի նախկին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ «Ագոն», ով այսօր ներկայացնում է արցախյան ազատամարտի հրամանատարներին համախմբող «Ազատամարտի եղբայրություն» կազմակերպության խորհուրդը, հայտարարեց, որ այսօր վտանգված են վերջին 15 տարիների միակ հաղթանակի պտուղները՝ ազատագրված տարածքները: Նա արցախյան ազատամարտի մասնակցած մի քանի տասնյակ նախկին հրամանատարների անունից նախկին ազատամարտիկներին, հասարակության բոլոր խավերին եւ բոլոր կուսակցություններին խնդրեց մի կողմ թողնել նեղացկոտությունը, գաղափարական տարաձայնություններն ու փրկել անդունդի եզրին կանգնած հայրենիքը՝ միանալով «Քաղաքացիական անհնազանդություն» շարժմանը: Նա հավաստիացրեց, որ այսօր Ղարաբաղի ժողովուրդն էլ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը չի վստահում ո՛չ ԼՂՀ, ո՛չ ՀՀ իշխանություններին: Ա. Կարապետյանի ասելով, Ղարաբաղի բնակչությունը չի ընդունում տարածքների հանձնման որեւէ մոտեցում, թեեւ փորձում են այնտեղ էլ համապատասխան մթնոլորտ ձեւավորել: Ի պատասխան այն դիտարկման, թե հենց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն էր մի առիթով հայտարարել, թե՝ դեռ 1994թ.-ին, երբ մենք գրավում էինք այսօր վիճելի դարձած տարածքները, գիտեինք, որ դրանք հետագայում փոխանակելու համար են, նախկին հրամանատարը նետեց. «Սերժ Սարգսյանը շատ փոքր մարդ է նման բաներ հայտարարելու համար: Ե՞րբ է ասել: Թող Սերժ Սարգսյանն այդ մասին համարձակվեր հայտարարել 1992-ին կամ 94-ին: Պատերազմի ընթացքում որեւէ զինվոր չէր կռվի, եթե մտածեր, որ հետո ինչ-որ մեկը որոշելու է հանձնել իր ազատագրած տարածքը»: Նախկին հրամանատարի ասելով, հայ զինվորն այս տարածքների համար կռվել է հենց այն մտայնությամբ, որ դրանք մերն են: Արձագանքելով այն հարցադրմանը, թե՝ գուցե Ս. Սարգսյանի այդ հայտարարությունն ընդամենը դիվանագիտական «տրյուկ» է եղել, նախկին հրամանատարը հակադարձեց. «Էդքա՞ն է խելքը, որ թուրքերի վրա է աշխատում, մեզ էլ՝ վախեցնո՞ւմ»:

Ասուլիսին ներկա մեկ այլ նախկին հրամանատար էլ՝ Միքայել Ապրեսյանը, հավելեց, որ ազատագրված տարածքները հանձնելը եւ այնտեղ խաղաղարարների մուտք ապահովելը Հայաստանի իշխանության համար շատ գայթակղիչ է, որովհետեւ դրա դիմաց ամերիկացիները 9 միլիարդ դոլար են խոստացել այս իշխանություններին: Ա. Կարապետյանը վստահ էր, որ Ղարաբաղի հարցում հայկական կողմն արդեն փոխզիջում արել է՝ չի հասել Բաքու, ու հիմա տարածքներ չպետք է զիջի:

Ըստ նրա, տարածքները վերադարձնելու փորձի դեպքում կարող են շատ վատ բաներ լինել, ընդհուպ՝ կրակոցներ: Արդյոք դա նշանակո՞ւմ է քաղաքացիական պատերազմ: «Ի՞նչ քաղաքացիական պատերազմ: Մի քանի հոգու հարց է լուծվելու»,- հանգստացրեց Ա. Կարապետյանը:

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական անհնազանդություն» շարժմանը, ապա դրան միանալու կոչը պայմանավորված է ոչ միայն տարածքները հանձնելու մտահոգությամբ, այլեւ երկրի ընդհանուր՝ սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակով: Արդեն մի քանի օր է, ինչ «Ազատամարտի եղբայրություն» հ/կ-ն կանգնած է «պետական կարիքների զոհերի» կողքին ու մասնակցում է խորհրդարանի առջեւ անցած մի քանի օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերին, ու այսօր էլ պատրաստ է նրանց հետ միասին մասնակցել ՀՀ կառավարության շենքի մոտ նախատեսվող բողոքի ակցիային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել