Երեկ երեկոյան Իրաք կատարած այցից հետո Երեւան վերադարձած պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարեց, որ կոալիցիոն ուժերի ղեկավարությունն առայժմ որեւէ նպատակ չունի զորքերը դուրս բերել Իրաքից: «Առայժմ զորքերը հանելու մասին խոսք անգամ չկա, ու բոլոր այն երկրները, որոնք իրենց զորակազմերը հանել են Իրաքից, միեւնույն է՝ որոշակի ներկայություն այնտեղ ունեն: Հայ խաղաղապահները եւս կշարունակեն իրականացնել իրենց առաքելությունը Իրաքում, քանի որ մենք պարտավոր ենք մասնակցություն ունենալ համաշխարհային անվտանգությունն ապահովող գործընթացներին: Չենք կարող լինել միայն անվտանգության սպառող»,- նշեց Սերժ Սարգսյանը: