Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕՀԱՅՈՆ «ԿԱՊՏԵՑ», ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ԳՈՒՅՆ ՉՈՒՆԻ

Նոյեմբեր 15,2006 00:00

\"\"Նախընտրական կրքերը՝ ԱՄՆ-ում եւ Հայաստանում

ԱՄՆ պետդեպարտամենտի հրավերով, «Միջազգային այցելուների առաջնորդության» ծրագրով, հայաստանցի մի խումբ լրագրողներ հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 11-ը անցկացրին ԱՄՆ-ում (Վաշինգթոն, Սան Դիեգո, Սպրինգֆիլդ, Քլիվլենդ, Նյու Յորք): «Ընտրությունների լուսաբանումը տպագիր մամուլի համար» խորագրով ծրագրից, որ կազմակերպել էր Մերիդյան միջազգային կենտրոնը, հատկապես ուզում եմ առանձնացնել Քլիվլենդում (Օհայոյի նահանգ) դեմոկրատների հանդիպումը ընտրողների հետ՝ զուգահեռ անցկացնելով հայաստանյան իրողությունների հետ:

Ինձ զարմացրեց հատկապես այն, որ, ի տարբերություն հայաստանցիների, ամերիկացիների հավաքին գերակշռում էին երիտասարդները, ովքեր փող եւ հեղինակություն կորզելու համար մի կուսակցությունից մյուսի թեւի տակ չեն անցնում, ինչպես, օրինակ, հայաստանցի առաջադիմական, նախկին ՀԺԿ-ական Սարգիս Հարությունյանը կամ այժմ ՀԵԿ-ում ապաստանած, նախկինում «Հանրապետությունից»՝ Վահան Բաբայանը: Հայաստանում այս կամ այն կուսակցության կազմակերպած հանրահավաքներին մեծամասնություն են կազմում 60-ից բարձր տարիքի մարդիկ, ովքեր մի 2000 դրամով թոշակը բարձրացնելու ակնկալիք ունեն: Քլիվլենդում միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ, կերակրող մայրեր՝ երեխաներին գրկած, անգամ սայլակներով հաշմանդամներ: Դահլիճում երկու մեծ էկրան էր տեղադրված, թեկնածուների պոպուլիստական կրքոտ ելույթները սուրդոթարգմանիչների շնորհիվ մատչելի էին անգամ խուլուհամրերին: Դեմոկրատների էլեկտորատը հագել էր կապույտ շապիկներ (կապույտը՝ դեմոկրատների, իսկ կարմիրը՝ հանրապետականների գույնն է- Գ. Հ.), շատերը կրում էին կրծքանշաններ՝ «Տեղից շարժենք Օհայոն» կամ «Բուշին պետք է վռնդել» մակագրություններով, որոնք բաժանվում էին ներս մտնողներին, իսկ $8-ով շապիկներ էին վաճառում բոլոր թեկնածուների նկարներով: Պատկերացնում եմ, ինչ ռեակցիա կառաջանար հայաստանցիների մեջ, եթե որեւէ մեկը, ասենք, Արտաշես Գեղամյանի, Արշակ Սադոյանի կամ Տիգրան Թորոսյանի պատկերով շապիկ հագած շրջեր Երեւանում: «Նոյեմբերի 7-ին (ընտրությունների օրը) Օհայոն կկապտի»,- գոռում էին դեմոկրատ թեկնածուները՝ նկատի ունենալով իրենց հաղթանակը ընտրություններում: «Այո՝»,- ասես էքստազի մեջ, մեկ մարդու նման գոռում էր նրանց սատարող դահլիճը:

Ինչպես Հայաստանում, Օհայոյում եւս նախընտրական խոստումները հիմնականում նույնն էին՝ նվազագույն աշխատավարձերի բարձրացում, արտոնություններ ծերերին եւ երեխաներին, կոռուպցիայի դեմ պայքար, մշակույթին մեծ ուշադրություն, հոգեկան հիվանդներին նպաստներ, ընտրվելուց հետո ազնիվ աշխատանք եւ անպայման լուտանքներ հակառակորդների հասցեին: Սակայն, ի տարբերություն հայաստանցիների, միջին ամերիկացու համար տնտեսական ու սոցիալական առումով մեծ հաշվով էական տարբերություն չկա՝ դեմոկրատնե՞րն ավելի շատ իշխանական աթոռներ կզբաղեցնեն, թե՞ հանրապետականները: Այդ մեր երկրում է, որ ամեն ակտիվացած կուսակցության մեջ ժողովուրդը աստված է փնտրում ու նրանց խոստումներում՝ հատկապես սոցիալական խնդիրների լուծման հնարավորություն: «Լճացած վիճակ է, պետք է ծաղկեցնենք մեր երկիրը»,- գոռում էին ամերիկացի դեմոկրատ թեկնածուները՝ երեսով տալով Բուշի աշխատաոճն ու իրաքյան պատերազմը՝ իր բոլոր հետեւանքներով: «Հանրապետականներին պետք է ուղարկել գործազուրկների բանակը համալրելու»,- ամբիոնից գոռում էր մեկ ուրիշը: «Ժամը քանի՞սն է»,- հիստերիկ շարժուձեւով ու արտիստիզմով Տիգրան Կարապետիչին հիշեցնող դեմոկրատ թեկնածուներից մեկը հարցնում էր դահլիճին: «Մե՛ր ժամն է»,- գոռում էին նրա ընտրողները: Ի դեպ, մի քանի հեռուստաընկերություն լուսաբանում էր միջոցառումը, որը ոչ մի անգամ չընդմիջվեց դահլիճի միտումնավոր հոսանքազրկմամբ կամ բարձրախոսների խափանմամբ, մի բան, որ տարածված է Հայաստանում: Չմոռանամ նշել, որ TV-ներն էլ հարզազրույցներ չէին վերցնում միայն ատամնաթափ տատիկ-պապիկներից եւ չէին նկարահանում դահլիճի սակավամարդ հատվածը, ինչը հաճախ է արվում մեզանում: Չեղան նաեւ լրագրողների աշխատանքը խոչընդոտողներ: Մնացածը նույնն էր, ինչպես Հայաստանում:

Հ. Գ. Նախընտրական թոհուբոհի օրերին մեր հյուրանոցի մուտքի մոտ նարկոդիլերներն էլ իրենց «ընտրակաշառքն» էին առաջարկում՝ էժան գներով թմրամիջոցներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել