Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի կտակի պատմություն

Նոյեմբեր 15,2006 00:00

Ամենեւին նպատակ չհետապնդելով մտնել Մաթեւոսյանների ներընտանեկան խնդիրների մեջ, նշենք, որ կտակային պատմություններին առնչվում են գրեթե բոլորը, եւ նոտարական կասկածելի վավերացումները կարող են խնդիր ստեղծել ցանկացած քաղաքացու համար:

2005թ. հունիսի 14-ին Այգեձորի թիվ 64 տանը 78 տարեկանում մահանում է Հերմինե Ղազարյանը։ Նա բնակվում էր որդու՝ Վարդանի ընտանիքի հետ: Անկողնային հիվանդ էր, տեղաշարժվել չէր կարող։ Մահվանից մեկ օր առաջ՝ հունիսի 13֊ին Ղազարյանը նոտարական վավերացմամբ լիազորագիր է տվել իր աղջկան՝ Անահիտին՝ բնակարանի տնօրինման մասին:

Այդ ժամանակ հայտնվում է 2004թ. ապրիլի 23-ին կազմված մեկ այլ կտակ: Մեր տրամադրության տակ գտնվող կտակի մեջ, սակայն, այն կազմելու վայրի մասին ոչինչ չկա: Որտեղ է կազմվել կտակը: Նոտարական գրասենյակո՞ւմ։ Տա՞նը։ Որտեղ է տրվել լիազորագիրը, մանավանդ հայտնի է դառնում, որ մայրը որդուն հունիսի 7-ին լիազորել էր վաճառել իրենց բնակարանը, նորը գնելու համար:

Կասկածներն ավելի խորացան, երբ 2004թ. ապրիլի 23-ի ամսաթվով այդ կտակը «Կենտրոն» նոտարական գրասենյակի ընդհանուր գրքում չհայտնաբերվեց: Փոխարենը կտակը հայտնաբերվում է նոտարի՝ Ելենա Սարգսյանի սեղանամատյանում, բայց ապրիլի 13֊ի ամսաթվով։ Վարդան Մաթեւոսյանը դիմում է Երեւան քաղաքի դատախազին՝ «Կեղծիքներ կատարելու մասին» հայտարարությամբ: Սակայն ինչպես հաճախ է պատահում, դատախազությունից «իրավական փոխօգնության» շրջանակներում տեղեկացնում են դիմողին, թե բարձրացված հարցը կրում է «քաղաքացիաիրավական բնույթ» եւ «դրանք ենթակա են լուծման դատական կարգով»: Քաղաքացին դիմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Այնտեղից էլ գրավոր պատասխանում են՝ «Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով», եւ բողոքը մի կողմ են դնում: Մաթեւոսյանին նույն բնույթի պատասխան է ուղարկում ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետը՝ Վահե Ստեփանյանը. «Շահագրգիռ անձն իրավունք ունի իր իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանության համար դիմել դատարան»: Ոչ մի խոսք այն մասին, որ փաստաթղթեր են կեղծվել:

Քանաքեռ եւ Արաբկիր-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում, երբ քննության էր դրվել Վարդան Մաթեւոսյանի հայցը, կեղծիքների մասով հարցում արվեց պատասխանող «Կենտրոն» նոտարական գրասենյակին: «Կտակների գրանցման այբբենական մատյանում թույլ է տրվել մեխանիկական սխալ, եւ կտակի հաստատման ամսաթիվը ցույց է տրվել 13»,- պատասխանել էր նոտար Ն. Սարգսյանը: Վերջինս մի հետաքրքիր արդարացում էլ էր գտել՝ «2002, 2003, 2004թ.-երին գրասենյակը չի ունեցել խորհրդատու, որի պատճառով ընդհանուր մատյան գոյություն չի ունեցել»: Ստացվում է, որ այդ թվականներին «Կենտրոնում» կատարված կտակային վավերացումները ընդհանուր մատյանում կամ տեղ չեն գտել, կամ էլ «մեխանիկական բնույթի» թերություններից զերծ չեն: Ընդսմին, «մեխանիկական» բնույթի թերություն կարելի է համարել սխալ անուններն ու ազգանունները: Դատարանում հայցվոր որդին հայտնել էր, որ նոտարը եկել է իր բնակարան, ապա այդ մասին պետք է տեղեկացված լիներ կինը: Լիազորագրի վավերացման համար անհրաժեշտ է վկա: Հայցվորի կինը վկա էլ չի եղել դրան: Թե առաջին ատյանի, թե վերաքննիչ դատարանները գտան, որ «կտակի վրիպակները, այն կազմելու, ստորագրելու աննշան խախտումները, եթե ապացուցված են, որ դրանք չեն կարող ազդել կտակարարի կամքի արտահայտության ըմբռնման վրա, չեն կարող կտակն անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել