Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱՎՈՐ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ»

Նոյեմբեր 15,2006 00:00

\"\"Հայաստանի սափրագլուխների «փառքը» հասել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (ՄԻՄՖ) երեկ կոչ է արել Եվրամիությանը՝ հաշվի առնել իրենց դիտողությունները մինչ Հայաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի ու Վրաստանի հետ անհատական Գործողությունների ծրագրի ստորագրումը՝ մտահոգություն հայտնելով մասնավորապես Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող անմխիթար վիճակի առնչությամբ: «Հայաստանը թղթի վրա շատ գեղեցիկ մոդել է Հարավային Կովկասում, քանի որ նա վավերացրել է գրեթե բոլոր եվրոպական օրենքները եւ բազմաթիվ օրենսդրական բարեփոխումներ է իրականացրել»,- ասված է ՄԻՄՖ-ի զեկույցում, որտեղ միաժամանակ ընդգծված է, որ թեեւ երկիրն անցած տարիների ընթացքում օրենսդրական ոլորտում որոշակի առաջընթաց է գրանցել, այդուամենայնիվ, տնտեսական եւ սոցիալական վիճակը հավասարապես շահավետ չէ մեր երկրի ողջ բնակչության համար: Ըստ զեկույցի, «ձախողված անցումը խորհրդայինից ազատական համակարգին ստեղծել է ահռելի անհավասարություն, մի կողմից՝ մեծ ռեսուրսներ մոնոպոլիզացրած մի խումբ էլիտար մարդկանց կամ կլանների, մյուս կողմից՝ բնակչության մնացած հատվածի միջեւ», իսկ միջին խավի ձեւավորումը, ՄԻՄՖ-ի մատուցմամբ, դեռեւս սաղմնային փուլում է: Բացի այդ, զեկույցի համաձայն, «այդ նոր հարուստները, որոնք կապված են քաղաքական իշխանության հետ, ստեղծել են իրենց մասնավոր զինված ուժերը՝ այդկերպ երկիրն ու քաղաքացիներին իրենց հպատակեցնելու համար, եւ նրանց ենթարկելով սպառնալիքների ու բռնությունների»: Ընդ որում, ՄԻՄՖ-ի փորձագետներն առավել մտահոգված են՝ որքան մոտենում են խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, այնքան Հայաստանում աճում են մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարման փաստերը. «Բնակչությունը անտարբեր է ներքին քաղաքականության նկատմամբ: Սփյուռքի կողմից ուժեղ աջակցությունը հիմնական գործոնն է, որը հեշտացնում է երկրի կառավարումը, բայց միաժամանակ ի չարս է օգտագործվում իշխանավորների կողմից»:

ՄԻՄՖ-ն անդրադարձել է նաեւ Բուզանդի փողոցի եւ ընդհանրապես Կենտրոնի բարեկարգման եւ «պետական կարիքների համար» ծրագրի շրջանակներում իշխանությունների գործողությունների հետեւանքով քաղաքացիների իրավունքների ոտնահարման, սեփական տներից տեղահանման փաստերին: Ու թեեւ, ՄԻՄՖ-ի մատուցմամբ, ապրիլի 18-ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով ՀՀ կառավարության քայլերը համարել է հակասահմանադրական, այդուհանդերձ, քանի որ այդ որոշման կիրառումը հետաձգվել էր մինչեւ հոկտեմբերի 1-ը, կառավարությունը շարունակում է կիրառել այդ օրենքները, եւ քանի դեռ ՀՀ խորհրդարանն առայժմ այդ ոլորտը կարգավորող նոր օրենք դեռեւս չի ընդունել, եւ հստակ չէ, թե՝ ինչ ասել է «պետական կարիք», մտահոգություն կա, որ նման իրավիճակները կարող են կրկնվել:

ՄԻՄՖ-ն արձանագրել է, որ 2005-2006-ականներին իրավապաշտպանների ու փաստաբանների դեմ սպառնալիքներ ու հետապնդումներ են եղել, եւ իբրեւ օրինակ բերել է Բուզանդի փողոցի բնակիչների շահերը պաշտպանող փաստաբան Վահե Գրիգորյանի կալանավորման եւ ցմահ ազատազրկման դատապարտված երեք զինծառայողների գործով երեք այլ փաստաբանների՝ Զարուհի Փոստանջյանի, Աշոտ Աթոյանի եւ Ստեփան Ոսկանյանի նկատմամբ քրգործերի հարուցման փաստերը: Ընդ որում, կազմակերպությունը վերը նշված փաստերին, այդ թվում՝ զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալիյանի դատաքննությանն անդրադարձել է բավականին մանրակրկիտ կերպով՝ մատնանշելով մեղադրական կողմի թույլ տված ապօրինությունները:

Անշուշտ, ՄԻՄՖ-ը չի շրջանցել նաեւ Հայաստանում մամուլի ու խոսքի ազատության ոլորտում տիրող անմխիթար վիճակն ու լրագրողների նկատմամբ տեղի ունեցած հետապնդումները՝ այդ համատեքստում շեշտելով «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի կալանավորումը, «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի արտահաստիքային թղթակից Գագիկ Շամշյանի, նաեւ «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի դեմ տեղի ունեցած բռնարարքները, որոնք համարժեք գնահատականի չեն արժանացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել