Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տրամաբանական» եւ «հետաքրքրական» մտքեր

Նոյեմբեր 15,2006 00:00

Նախօրեին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները Բրյուսելում ասուլիս տվեցին: ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների գլխավորությամբ անցկացված ասուլիսում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները շատ լավ էին տրամադրված միմյանց նկատմամբ, համենայնդեպս, նրանց մեկնաբանությունները խիստ տարբերվում էին նախորդ նման հանդիպումներում հրապարակված հայտարարություններից:

Իրենց նախնական խոսքում երկու նախարարներն էլ բարձր գնահատեցին Եվրամիության հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե բարեկամական թվացող մեկնաբանություններն արդյոք ինչ-որ բան նշանակո՞ւմ են երեքշաբթի օրը (երեկ- խմբ.) սկսվող ղարաբաղյան բանակցությունների համար, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Չգիտենք՝ վաղը ինչ կկատարվի: Սեղանի վրա կա տրամաբանական առաջարկություն, կան հետաքրքրական մտքեր, պետք է նորմալ նստել, բանակցել եւ կամք ցուցաբերել: Այնպես որ, դա էր արտահայտում այսօր մեր հայտարարությունը»:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի կարծիքով, «հարցը պետք է դիտել այն համատեքստում, որ ժամանակն արդեն հրում է մեզ առաջ, եւ ըմբռնումն էլ է աճել, որ պետք է շարժվել մեռյալ կետից՝ այնտեղից, որտեղ կանգ ենք առել այս հակամարտության հարցում»: «Եվ տվյալ դեպքում, ես կարծում եմ, որ լավ հնարավորություն կա»,- ամփոփեց Ադրբեջանի ԱԳ նախարարը: ԵՄ հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի առնչությամբ Վ. Օսկանյանը ասաց. «Նոր որակ է հաղորդվում մեր հարաբերություններին, բավական ծավալուն փաստաթուղթ է, մեծ հնարավորություններ են դրվում այս փաստաթղթով, ինտեգրացիոն գործընթացներ են սկսվում, այնպես որ, պետք է կենտրոնանալ եւ լավագույնս իրականացնել: Մենք ուզում ենք, որ ոչ միայն ստորագրած լինենք, այլեւ ամբողջությամբ կիրառենք, որովհետեւ դա, իսկապես, 5 տարի հետո Հայաստանին որակապես նոր մակարդակի վրա կդնի՝ եւ քաղաքականապես, եւ տնտեսապես»:

Բենիտա Ֆերերո-Վալդները «Ազատություն» ռ/կ-ի բացառիկ հարցազրույցում գործողությունների ծրագրի ստորագրումը բնութագրեց իբրեւ «նոր փուլ»: «Մենք ցանկանում ենք մեր արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերիշխանությունը, փոխադրել այս երկրներ»,- հայտարարեց տիկինը: Իսկ Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին «Ազատություն» ռ/կ-ին ասաց. «ԵՀ քաղաքականությունը, նախ եւ առաջ, որոշ փող կտրամադրի, բայց այդ փողը պետք է օգտագործվի այս հասարակությունները՝ Ադրբեջանը եւ Հայաստանը, վերափոխելու, դրանք ավելի եվրոպական դարձնելու համար»:

Երեկ Բելգիայի արտգործնախարարությունում տեղի են ունեցել նաեւ ԼՂ խնդրին առնչվող բանակցություններ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել