Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լավատեսության հիմքեր չկան

Նոյեմբեր 15,2006 00:00

Ասում է ԼՂՀ նախագահի խորհրդականը

Երեկ ԼՂՀ նախկին արտգործնախարար, իսկ այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Արման Մելիքյանը հյուրընկալվելով «Ուրբաթ» ակումբում եւ գնահատելով ԼՂ հակամարտության բանակցությունները՝ կարծիք է հայտնել, թե հակամարտող կողմերի միջեւ համաձայնության հասնելու գլխավոր խոչընդոտը ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի անզիջում դիրքորոշումն է: «Մեզ համար սկզբունքային է Ղարաբաղի ինքնիշխանության ու անկախության ճանաչումը: Ի՞նչ ձեւով դա տեղի կունենա՝ բանակցելու խնդիր է, բայց սկզբունքորեն այդ համաձայնությունը պետք է լինի»,- ասել է Ա. Մելիքյանը՝ որպես խոչընդոտ մատնանշելով նաեւ ոչ միայն ԼՂ կարգավիճակի, այլեւ «գրավյալ» տարածքների վերադարձի, փախստականների խնդիրները, որոնցից յուրաքանչյուրը, ըստ նրա, ունակ է վիժեցնելու բանակցային գործընթացը:

Բանակցությունների առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարի լավատեսությունը ԼՂՀ նախագահի խորհրդականը բացատրել է բանակցությունից առաջ հոգեբանական մթնոլորտով: «Դժվար է հոռետեսությամբ գնալ բանակցության»,- նկատել է Ա. Մելիքյանը՝ չբացառելով, որ գուցե կան բաներ, որոնց ինքը տեղյակ չէ: Այդուամենայնիվ, նա մաղթել է, որ «նույն լավատեսությամբ հանդիպումից հետո նախարարները կարողանան ելույթ ունենալ եւ ասել, որ ինչ-որ փոխընդունելի համաձայնության եկել են, այնպիսի համաձայնության, որը նաեւ ԼՂ-ի համար ընդունելի կլինի»:

Իսկ ընդհանրապես, 2006 թ. ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ճեղքման բացակայությունը Ա. Մելիքյանն անակնկալ չի համարել Լեռնային Ղարաբաղի համար: «Ավելի շուտ անակնկալ էր նրանց համար, ովքեր խոսում էին պատուհանի բաց լինելու մասին: Նույնիսկ այստեղ էլ վստահ չեմ, որ անակնկալ է, որովհետեւ իրականում կողմերի մոտեցումները այնքան տարբեր են, որ դրանց մերձեցումը եթե չի հաջողվել մեկ տասնյակ տարուց ավելի ժամանակաշրջանում, դժվար էր ակնկալել, որ այսքան կարճ ժամանակահատվածում հնարավոր կլիներ այդ մոտեցումները մոտեցնել իրար: Ուստի՝ ես կարծում եմ, որ այս ավելորդ լավատեսությունը չպիտի պսակվեր հաջողությամբ, որովհետեւ հիմքերը չկային դրա համար»,- հայտարարել է նա:

Ղարաբաղի կարգավիճակի հստակ ձեւակերպում չներառող ցանկացած լուծում Ա. Մելիքյանը Ղարաբաղի համար անընդունելի է համարել՝ ասելով. «Մենք դա կհամարենք լուծման բացակայություն»:

Իսկ ի՞նչ կլինի, եթե հանկարծ Ադրբեջանը համաձայնի ԼՂ կարգավիճակի դիմաց վերադարձնել «գրավյալ» տարածքները: «Ես չեմ կարող հիմա այդ հարցին հստակ պատասխան տալ: Նախ՝ Ադրբեջանը նման համաձայնություն չի տվել, երկրորդը՝ խոսքը միայն Լաչինի մասին չէ այսօր»,- ասել է նախագահի խորհրդականն ու կարծիք հայտնել, որ այդ հարցում առաջիկայում փոխհամաձայնության հասնելը դյուրին չի լինի կամ ընդհանրապես տեղի չի ունենա: Բոլոր դեպքերում, ըստ նրա, «այդ ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է»:

Անդրադառնալով ԼՂ հարցում պաշտոնական Երեւանի եւ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումներում հնարավոր տարաձայնություններին՝ նա ասել է. «Բանակցության հարցում ավելի ճիշտ կլինի, որ մենք ձեռնպահ մնանք տեսակետներ արտահայտելուց կամ տարաձայնությունների մասին խոսելուց, որովհետեւ ամեն դեպքում այդ բանակցություններն ընթանում են նաեւ Ստեփանակերտի համաձայնությամբ: Այլ խնդիր է, որ այդ բանակցությունները դեռեւս որեւէ տեսանելի արդյունք չեն տվել, եւ այդ առումով կարող ենք արձանագրել, որ դրանք բավարար չեն: Երբ արդյունք կլինի, այն ժամանակ էլ կասենք մեր հստակ դիրքորոշումը դրա վերաբերյալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել