Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉԻ՞ ԵՔ ԵԿԵԼ ԱԺ

Նոյեմբեր 15,2006 00:00

\"\"Երեկ ընդդիմությանը սրտնեղած նետեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը, որն հարկադրված է լինելու այսօր էլ պատգամավորներին կանչել ԱԺ՝ դարձյալ քվեարկելու «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» բազմաչարչար օրինագիծը:

Իսկ ամեն ինչ այնքա՜ն սովորական էր սկսվում: Օտարված տարածքների բնակիչներն էլի առավոտից պաշարել էին խորհրդարանի մուտքը եւ ամեն պատգամավորի դիմավորում էին ըստ իր քվեարկության: Ասենք, ծափահարեցին Խաչատուր Սուքիասյանին, որը կողմ չի քվեարկել նախագծին եւ դեռ առաջարկներ է արել (դրանք, ինչպես եւ ընդդիմության ու հասարակական կազմակերպությունների առաջարկներն ուղղակի անտեսվել են), Ալվարդ Պետրոսյանին, որը քվեարկում է ձեռնպահ՝ «անգելոչեկ» անվանեցին: Ամոթանք տվեցին Հերմինե Նաղդալյանին, որը նախորդ օրը ցուցարարներին խոստացել էր դեմ քվեարկել, իսկ հետո «Ազատությանը» խոստովանել, որ քվեարկելու է իր կուսակցության նման՝ «կողմ»:

Նիստերի դահլիճում էլ էր ամեն ինչ նույնը՝ ընդդիմությունն առավոտից դարձյալ փորձեց գործադրել 20 րոպեանոց ընդմիջումներով մեծամասնության շարքերը նոսրացնելու՝ նախորդ օրը հաջողած տարբերակը: Սակայն այս անգամ դա նրանց հաջողվեց միայն մեկ անգամ: Երկրորդ ընդմիջումը վերցնելու փորձը ձախողվեց՝ նիստը վարողներն անմիջապես հայտարարեցին քվեարկություն: Եվ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու այս մի փորձը եզրափակվեց 69 «կողմ» եւ 4 «ձեռնպահ» արդյունքով: Ձեռնպահը ՀՅԴ խմբակցության անդամներ Ալվարդ Պետրոսյանը, Ռուբեն Հովսեփյանը, Միքայել Վարդանյանը եւ Աշոտ Ափոյանն էին: Խմբակցության մյուս անդամներն 1-ին ընթերցումից հետո փոխել էին իրենց դիրքորոշումը եւ քվեարկեցին «կողմ»: Այդպես քվեարկածների մեջ, սովորականի պես, նաեւ կային իրականում բացակա պատգամավորներ՝ Հարություն Փամբուկյանը, Երեւանից ընտրված Հակոբ Հակոբյանը, Սամվել Ալեքսանյանը, Հրանտ Գրիգորյանը, Մարտին Սուքիասյանը, Արծրունի Ղալումյանը, Աշոտ Արսենյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Աբրահամ Մանուկյանը, Արեգ Ղուկասյանը եւ Աշոտ Բաղդասարյանը: Ըստ այդմ, որոշում ընդունելու համար անհրաժեշտ՝ 66 ձայն քվորումն ապահովված չէր, քանի որ իրականում քվեարկությանը մասնակցել էին 62 հոգի: Կեղծված քվեարկության մասին գոռգոռացող Արշակ Սադոյանին հանրապետականներն այսպես փորձեցին զսպել. «Կարո՞ղ ա գիտես քո համար օպերայի հրապարակն ա»: Աղասի Արշակյանը՝ մատնանշելով ՀՀԿ այն շարքերը, ուր նստած պատգամավորների քանակն ավելի պակաս էր, քան սեղմված կոճակները՝ նետեց. «Հերի՛ք է աչքակապություն անեք: Պարոն Վլադ (հասցեատերը ՀՀԿ-ական Գեւորգ Հակոբյանն էր.- Ա. Ի.), սենց հարցերում համը մի՛ հանեք: Ես քեզ ասում եմ՝ դու համը հանո՛ւմ ես»: Թվում էր՝ հիմա գործը կհասնի ձեռնամարտի, քանի որ հանրապետականն ընդվզեց. «Դո՛ւ ես համը հանում»: «Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը հեգնեց. «Դեռ արդար ընտրությունների՜ց եք խոսում… Սա էլ է, էլի, քվեարկություն, ընտրություն»: Այս ամենին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը միայն մի պատասխան ուներ. «Գործընկերային պահեր կան, որ չի կարելի խախտել նման ձեւով: Քվեարկությունն արվել է, որեւէ խախտում չի եղել, նորից քվեարկելու հիմք չկա: Իսկ փոքրամասնությունը չի էլ քվեարկում. ինչի՞ են եկել՝ ես չեմ էլ հասկանում: Տարիուկես գնացել էին՝ կարան էլի գնան»: Այս խոսքերից հետո դահլիճից հեռացավ Վազգեն Մանուկյանը, «Ամոթ է ուղղակի: Ժուլիկություն են անում: Մեր թաղի տղերքն ավելի լավն են, քան սրանք»: Էմմա Խուդաբաշյանը նկատեց, թե անհարմար վիճակում է հայտնվել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Սակայն վերջինս առարկեց. «Չէ, ես շատ հարմար վիճակում եմ»: ԱԺ նախագահը նշեց. «Այս նախագիծն անձամբ ինձ չի հետաքրքրում. ինձ հետաքրքրում է խորհրդարանի աշխատանքը, որը պիտի կանոնավոր իրականացվի եւ կանոնակարգի համաձայն»: Եվ անտեսելով ՀՀԿ խմբակցության ղեկավարի կոչերը՝ Տիգրան Թորոսյանը հայտարարեց, թե քվեարկությունը չի կայացել, եւ դադարեցրեց քվեարկությունները: Ընդդիմությունը ողջունեց ԱԺ նախագահի որոշումը, թեեւ պրն Թորոսյանն ասաց, թե ծափահարությունների կարիք չկա։ Արտաշես Գեղամյանը տեղից նետեց. «Լավին՝ լավ ենք ասում, վատին՝ վատ: Դե, համեստություն մի արեք»։

ԱԺ նախագահը երեկ մեկնեց Սանկտ Պետերբուրգ: Իսկ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, որը վարելու է այսօրվա նիստը՝ արդեն երեկ հայտարարությամբ նշեց, որ խոսքն ուղղում է այն մարդկանց, «որոնք արջի ծառայություն մատուցելով՝ անում են բաներ, որոնց արդյունքում, իմ կարծիքով՝ կայացած քվեարկությունը հայտարարվում կամ դառնում է անօրինական, եւ մենք պարտավորված ենք լինում վերաքվեարկել: Կոչս հետեւյալն է՝ եկեք գործի եւ սեղմեք միայն ու միայն ձեր կոճակը»:

Հ. Գ. «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը երեկ դիմել է գլխավոր դատախազին՝ «ԱԺ նախագահի ենթադրյալ պաշտոնեական անփութության համար» հաղորդմամբ, նշելով, թե Տիգրան Թորոսյանը պաշտոնապես արձանագրելով կատարված կոպիտ խախտումները՝ որեւէ միջոց չձեռնարկեց կարգազանց պատգամավորների հանդեպ, այսինքն՝ չկատարեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի 45 հոդվածի 1/զ կետով սահմանված իր պարտականությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել