Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արոնյանը՝ առաջատարների եռյակում

Նոյեմբեր 14,2006 00:00

\"\"Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի ծննդյան 70-ամյակին նվիրված միջազգային ավանդական հուշամրցաշարը հատել է հասարակածը:

Աշխարհի 10 լավագույն գրոսմայստերները վեցերորդ տուրից հետո երեկ կրկին հանգստանում էին: Հայաստանի անցած տարվա լավագույն մարզիկ Լեւոն Արոնյանը վեցերորդ տուրում սպիտակներով պարտության մատնեց նորվեգացի Մագնուս Կարլսենին: Այս հաղթանակը հայ շախմատասերների համար առանձնակի նշանակություն ունի ոչ միայն տվյալ մրցաշարի մրցաշարային աղյուսակում այս պահին Լեւոնի զբաղեցրած դիրքի առումով, այլ այն բանի համար, որ այս երկու գրոսմայստերները եկող տարվա սկզբներին միմյանց միջեւ անմիջական պայքարում որոշելու են, թե նրանցից ո՞վ է շարունակելու հետագա պայքարը աշխարհի ներկայիս չեմպիոնի թագը վիճարկելու համար:

Հուշամրցաշարի մյուս պարտիաներում վեցերորդ տուրում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Շիրով-Պոնոմարյով՝ 1/2, Լեկո-Մորոզեւիչ՝ 1:0, Մամեդյարով-Գելֆանդ՝ 1/2, Սվիդլեր-Գրիշչուկ՝ 0:1:

Յոթերորդ տուրից առաջ Միխայիլ Տալի հուշամրցաշարի մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի. 1-3. Լեւոն Արոնյան, Պետեր Լեկո, Ռուսլան Պոնոմարյով՝ 4,0-ական միավոր, 4-6. Պյոտր Սվիդլեր, Բորիս Գելֆանդ, Շախրիյար Մամեդյարով՝ 3,0-ական, 7-8. Ալեքսեյ Շիրով, Ալեքսանդր Գրիշչուկ՝ 2,5-ական, 9-10. Մագնուս Կարլսեն, Ալեքսանդր Մորոզեւիչ՝ 2,0-ական:

«Ուլիս»-«Դինամո». ո՞վ կլինի ութերորդը

Ֆուտբոլի Հայաստանի 2006 թվականի բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունները հատեցին եզրագիծը: Բարձրագույն խմբում Երեւանի «Փյունիկը» ժամկետից շուտ իր համար ապահովել էր չեմպիոնի կոչումը: Արծաթե եւ բրոնզե մեդալների ճակատագիրը որոշվեց վերջին՝ 28-րդ տուրում: «Բանանցն» ու «Միկան» վաստակելով հավասար՝ 57-ական միավոր, նույն հերթականությամբ էլ դասավորվեցին մրցանակային եռյակում: Երեկ ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացրին, որ, ըստ գործող կանոնակարգի, առաջին խմբի հաղթողը «Լեռնային Արցախն» է, մեքենայորեն՝ եկող մրցաշրջանում ուժեղագույնների հետ հանդես գալու իրավունք է ստանում, իսկ բարձրագույն խմբում վերջին տեղն զբաղեցրած ակումբը, տվյալ դեպքում՝ 17 միավոր վաստակած Երեւանի «Ուլիսը», 2007-ին ուժեղագույնների մեջ իր տեղը պահպանելու համար պետք է անցումային հանդիպում (նոյեմբերի 18-ին) անցկացնի առաջին խմբում երկրորդ ցուցանիշն ունեցող թիմի հետ: Բայց քանի որ այնտեղ 2-4-րդ տեղերը գրավողները բարձրագույն խմբում հանդես եկող ակումբների դուստր թիմերն են (ըստ ՀՖՖ կանոնակարգի՝ արգելվում է, որ միեւնույն խմբում հանդես գան նույն ակումբի մեկից ավելի թիմեր), ուստի «Ուլիսի» մրցակիցը նոյեմբերի 18-ին լինելու է 5-րդ տեղն զբաղեցրած Երեւանի «Դինամոն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել