Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բարրոկոյից մինչեւ մոդեռն

Նոյեմբեր 14,2006 00:00

\"\"«Նարեկացի» արվեստի միությունում նոյեմբերի 14-17-ը կկայանա դասական երաժշտության փառատոն՝ «Ժամանակի գույնը» խորագրով:

Միջոցառման կազմակերպիչները երիտասարդ արվեստագետներ՝ թավջութակահար Սամսոն Թաթոսյանը, ջութակահար Ռուբեն Կոսեմյանը եւ կոմպոզիտոր, դաշնակահար Հովհաննես Մանուկյանն են: Ընդ որում, փառատոնի խորագիրը Հովհաննեսի մտահղացումն է. «Յուրաքանչյուր ժամանակ իր ուրույն երանգն ունի, չնայած հավիտենական ասված ժամանակի գույնը անփոփոխ է: Փորձել ենք ժամանակը ներկայացնել երաժշտության տեսքով»:

Ռ. Կոսեմյանը պատմեց, որ փառատոնի կազմակերպման միտքը հանկարծակի է հղացել. «Երբ Մոսկվայում 7 տարի ապրելուց հետո Սամսոնը վերադարձավ Հայաստան, միանալով իրեն, համերգներով հանդես եկանք Երեւանում եւ մարզերում»: Սամսոնն էլ հիշեց. «Ժամանակին, երբ Հայաստանում էի ու ինձ քչերն էին ճանաչում, դարձյալ համերգներ էի կազմակերպում, բայց կարծես հանդիսատեսին այդքան էլ չէին հետաքրքրում դրանք: Իսկ հիմա, Կապանում ու Չարենցավանում համերգներ կազմակերպելուց հետո նկատեցինք, որ ի տարբերություն 90-ականների, հանդիսատեսի թիվը անհամեմատ ավելացել է: Ուրախալի է, որ այսօր դասական երաժշտության երեկոներին հաճախում են նաեւ երիտասարդները: Սակայն մի բայց կա: Օրինակ, համերգներին սպորտային հագուստով հաճախողները, չգիտես ինչու, դիմելով մեզ՝ կարծես արդարանում էին. «Ախպերս, կներես, մենք էս երաժշտությունը սիրում ենք ու հասկանում: Գիտենք, որ էս տեսքով չպիտի ներկայանանք, բայց ժամանակ չունեինք փոխվելու»: Շարունակելով միտքը՝ նա ավելացրեց. «Հայ հանդիսատեսի ընդունելությունը ինձ համար այլ արժեք ունի: Չեմ կարող ասել, որ ռուսները հայերից պակաս են սիրում կամ ընկալում դասական երաժշտությունը, բայց հայկական դահլիճներում այլ ջերմության եմ հանդիպում, չի բացառվում, որ առաջին հերթին դա կապվում է արյան կանչի հետ: Բացի այդ, Ռուսաստանում, եթե ռուս չես՝ բարձունքի հասնելն էլ ավելի է դժվարանում: Ինչը չեմ նկատել Հայաստանում: Մենք իրոք հյուրընկալ ազգ ենք: Դրսից եկած շարքային արվեստագետին անգամ գրկաբաց ենք ընդունում»: Ընկերոջ ասածին հակադրվեց Ռուբենը. «Մեզ մոտ հյուրերին շատ ավելի ենք տեղ տալիս, քան մեր տաղանդավորներին: Դրանից հաստատ տուժում ենք, թեպետ դրսում վաղուց արդեն հյուրընկալի դրական պիտակն ունենք»: Հովհաննեսն էլ փաստեց, որ դասական երաժշտությունը ի զորու է 20 տոկոսով զարգացնել մարդու ինտելեկտը. «Հավանաբար նախկինում հենց դա էին հաշվի առնում կոմունիստները, որ մարդկանց ստիպում ու պարտադրում էին հաճախել դասական երաժշտության համերգների»:

Երիտասարդները մտադիր են փառատոնի հաջողության դեպքում այն դարձնել միջազգային: «Ծրագրել էինք, որ նմանատիպ մի փառատոն էլ կարելի է Մոսկվայում կազմակերպել, բայց հաշվի առնելով, որ կրիմինալը ակտիվացել է ՌԴ-ում՝ մեծ թվով երիտասարդների Մոսկվայում հավաքելը իրոք պատասխանատվության առաջ կարող էր մեզ կանգնեցնել»: Սամսոնն էլ պլաններ ունի՝ կապված Հայաստանում դասական երաժշտության մենեջերական կենտրոն հիմնելու հետ, սական դրա համար մեծ գումար է պետք. «Շատ լավ կլիներ, որ գտնվեր մեկը, ով համերգներ կազմակերպեր, օգներ CD-ներ թողարկել, իրացնել եւ այլն»: Ռուբենի կարծիքով էլ՝ Հայաստանում հիմա յուրաքանչյուր արվեստագետ ինքն է իր մենեջերը, թեեւ «Մոսկվայում էլ դեռ բաց է մնում այս խնդիրը, ի տարբերություն քաղաքակիրթ երկրների, որտեղ ոչ մի արվեստագետ կազմակերպչական հարցերով չի մտահոգվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել