Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԻՆՉ ՏԵՍԵԼ ԷԻՆՔ ԲԱՔՎՈՒՄ, ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Նոյեմբեր 14,2006 00:00

Օրինագիծ՝ մարդուն սեփական տնից վտարելու մասին

Երեկ ԱԺ-ում շարունակվում էր «Պետության կարիքների համար օտարվող տարածքների մասին» օրինագծի քննարկումը, ինչի առիթով էլ նույն ժամին պետական կարիքների մի խումբ զոհեր՝ Հյուսիսային պողոտայի, Կոնդի, Կոզեռնի, Բուզանդի, Ֆիրդուսու բնակիչներն ու առեւտրականները, ինչպես նաեւ Դալմայի այգիների նախկին տերերը շուրջկալել էին խորհրդարանը:

Ցուցարարներն ասում էին, որ այս անգամ չեն բավարարվի նստացույցով ու հացադուլով. նրանք կպահանջեն նաեւ կառավարության հրաժարականը, եթե օրինագիծն ընդունվի: Մի քանի ժամ շարունակ ցուցարարները ԱԺ շենքի ճաղերի մոտ կանգնած բղավում էին՝ «թալանչիներ», «գողեր», «գող Գալուստ», «գող Դավիթ» (նկատի ունեին Գալուստ Սահակյանին ու Դավիթ Հարությունյանին, ովքեր հավանություն էին տվել այս օրինագծի ընդունմանը) եւ պահանջում էին պատգամավորներից՝ դեմ քվեարկել մի օրինագծի, որը, ըստ իրենց, հակասահմանադրական է ու մարդուն զրկում է սեփական տանն ապրելու իրավունքից: «Տնաքանդությունը մեղք է», «Օրենքը պետք է բխի ժողովրդի շահերից», «Ձեռքներդ հեռու մեր սեփականությունից», «Վե՛րջ տվեք անօրինություններին», «Քաղաքացիական անհնազանդություն» արտահայտությունները կրող պաստառները լրացնում էին բողոքավորների ասելիքը:

Պետական կարիքների զոհերը շրջապատում էին ԱԺ մուտք գործող յուրաքանչյուր պատգամավորի՝ հորդորելով դեմ քվեարկել օրինագծին: Ըստ ականատեսների, բորբոքված ցուցարարները նույնիսկ քաշքշել են պատգամավորներ Հերմինե Նաղդալյանին ու Համլետ Հարությունյանին: Իսկ Հրանտ Խաչատրյանին, Արշակ Սադոյանին, Մանուկ Գասպարյանին ու Թաթուլ Մանասերյանին նրանք դիմավորեցին ծափերով:

Հավաքվածները համոզված էին, որ զոհ են դառնում իշխանությունների վարած նենգ քաղաքականության, եւ օրինագծի ընդունման դեպքում իրենք բոմժեր են դառնալու: Լալայանց փողոցի բնակիչ Ազգուշ Մուրադյանն ասում էր. «Մեզ ասում են՝ գնացեք մի գյուղ, մի բուն առեք, մնացեք: Մեզ շան տեղ են դրել ու իրենց շահերի համար զոհ են դարձնում»: Նազիկ Սարգսյանի երկու որդին կռվել են Ղարաբաղում: Փոքր որդին զոհվել է, մեծն էլ հաշմանդամ է դարձել: Ըստ նրա, պետությունը իր ընտանիքի դժբախտությունը «փոխհատուցում է» սեփական բնակարանից վտարելով:

Բնակիչներից ոմանք համաձայն են հրաժարվել իրենց սեփական տներից, միայն թե կառավարությունն ապահովի իրենց համարժեք տներով եւ իրենց ուզած վայրում: Ֆիրդուսու փողոցի բնակիչները ուշադրություն էին հրավիրում այն փաստի վրա, որ իրենք, բացի տները կորցնելուց, նաեւ աշխատատեղերն են կորցնում. տնամերձ տարածքում նրանք նաեւ իրենց բիզնեսն են ստեղծել, ինչն ապրուստի միջոց է եղել: «Այսօր մեկ-երկու օլիգարխի բիզնեսի համար պետական կարիքների անվան տակ մեզ վռնդում են, որ իրենց պալատները շինեն»,- ասաց ֆիրդուսցի Գեւորգ Գալստյանը: Նույն թաղամասի բնակիչ Սուսաննա Կիրակոսյանն էլ հավելեց՝ «Մենք այս երկրում ստրուկ ենք, ոտնահարված ենք, սրանք (նկատի ունի պատգամավորներին- Գ. Մ.) թասիբ չունեն, մեզ գցում են փողոց, որ իրենք էլիտար շենքեր շինեն մեր արյան գնով ստեղծված տների հաշվին»: Փախստական Մարինա Սարգիսովան էլ այս ամենը Բաքվից հայերի տեղահանության հետ համեմատեց. «Ինչ Բաքվում մենք տեսանք ու ապրեցինք՝ հիմա հայրենիքում մեր թոռներն են տեսնում ու ապրում»: Դալմայի այգիների նախկին տերերն էլ «Առավոտի» հետ զրույցում պահանջում են հենց իրենց հողերը, որովհետեւ, ըստ նրանց, պատկան մարմինները մի կողմ են քաշվել՝ խորհուրդ տալով հողերի համար փոխհատուցում պահանջել տարածքների նոր սեփականատերերից:

Երեկ բողոքի ակցիային մասնակցում էր նաեւ «Համայնք եւ իրավունք» հ/կ նախագահ Սամվել Մկրտչյանը: (Հ/կ-ն պաշտպանում է տուժած բնակիչների շահերը): Նրա խոսքերով, եթե օրինագիծն ընդունվի, իրենք հարցը կփորձեն լուծել ՀՀ նախագահի մակարդակով. «Օրենքը պետք է ծառայի ժողովրդի շահերին: Իսկ եթե ոչ, ամեն ինչ անելու ենք, որ օրինագծին կողմ քվեարկող պատգամավորները հաջորդ ընտրություններին չկարողանան ընտրվել»:

Ցուցարարներին սատարելու էր եկել նաեւ «Հայոց մայրեր շարժումը», որի խորհրդի անդամ Սուսաննա Հարությունյանը մարդկանց վտարումը որակեց իբրեւ «ցեղասպանություն»: Նա վստահեցրեց, որ օրինագծի ընդունման դեպքում իրենց են միանալու նաեւ մարզերի բնակիչները, եւ պայքարն ավելի մեծ թափ է ստանալու. «Պետք է պայքարենք միասին: Մեր երկիրը պաշտպանում են ա՛յս մարդկանց երեխաները, արժե՛ այս մարդկանց գնահատել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել