Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԱՎԱԿԱՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆԵՔ ԽՈՊԱՆ, ԹՈՂԵՔ ԳՆԱՑԵՔ…

Նոյեմբեր 14,2006 00:00

\"\"Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք, Որովհետեւ ինչ դատաստանով որ դատէք, Նրանով եք դատուելու…

Ավետարան ըստ Մատթէոսի 7.1-2

Վերջին շրջանում Ազգային ժողովի «Ազգային Միաբանություն» խմբակցության պատգամավորների հրապարակային ելույթները խիստ նյարդայնացրել են իշխանություններին: Պատճառները հասկանալի են: Մասնավորապես, հակաքրեական շարժման շրջանակում Արտաշես Գեղամյանի ունեցած ելույթում բացահայտվել էին հանրապետությունում իրականացվող հարյուրավոր միլիարդ դրամի հասնող կողոպուտի հասցեները: Իշխանություններն ամեն ինչ արեցին, որ այդ փաստերը լռեցվեն: Ավելին, Ռ. Քոչարյան-Ս.Սարգսյան զույգին ուղղված «Ազգային Միաբանության» պատգամավորների քննադատական խոսքը նրանց սպասարկու գրչակները վերահասցեագրեցին այլ ուղղությամբ: Որոշ թերթերի միջոցով փորձ արվեց հրահրել «Ազգային Միաբանություն» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների առճակատում: Զուգահեռ նաեւ խնդիր էր դրված լարվածություն ստեղծել «Ազգային Միաբանության» եւ Ռուսաստանի հայերի միության միջեւ, հաշվի առնելով այն, որ այդ կառույցի ղեկավար Արա Աբրահամյանի թերթը վաղուց ի վեր դարձել է Սերժ Սարգսյանի կողմից նյութվող դավերի կատարածուն:

Մտահոգիչ է, որ «Կրեմլի մարդ» ներկայացող Արա Աբրահամյանը բացահայտ պաշտպանում է Հայաստանի կոռումպացված իշխանություններին՝ աջակցելով Քոչարյան-Սարգսյան զույգի քաղաքականության իրագործմանը. պառակտել Հայաստան-Արցախ միասնական ժողովրդին, թշնամանք սերմանել երկրի քաղաքական ուժերի շրջանում: Տղերքը ազգը բաժան-բաժան են անում, որ շարունակեն տիրել: Զուր ջանքեր են, ժողովուրդը վաղուց գիտի, որ նրանց փեշերը արդեն վառված են:

Ստորեւ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ազգային ժողովի արտահերթ նիստում (նոյեմբերի 9-ին) Արտաշես Գեղամյանի ելույթի շարադրանքը:

Հարգելի գործընկերներ, երբ ՀՀ կառավարությունը մեծ օպերատիվությամբ «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով հարցը դարձրեց Ազգային ժողովի արտահերթ նիստի քննարկման առարկա, ճիշտն ասած՝ ուրախացա: Ինձ թվաց, որ մեր կառավարությունն արձագանքել է հակաքրեական շարժման շրջանակում իմ ունեցած զեկուցմանը, ինչու չէ, նաեւ այս ամբիոնից հնչած ելույթներիս, որոնցում առարկայորեն փաստված էին մեծածավալ թալանի մի շարք դեպքեր եւ հակաօրինական դրսեւորումներ, ըստ որում՝ ճշգրիտ հասցեներով, որոնց ականատեսն ենք մենք բոլորս: Հիշեցնեմ, թե ինչի մասին է խոսքը: 2003թ. ՀՀ պետական բյուջեին, Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց օգտին կատարողական բոլոր վարույթներով բռնագանձման ենթակա գումարներից չի վերականգնվել 47 մլրդ 705 մլն դրամ, 2004 թ.՝ 31 մլրդ 534 մլն դրամ եւ 2005 թ. չի վերականգնվել 25 մլրդ 803 մլն դրամ: Ընդհանուր առմամբ երեք տարիների ընթացքում բյուջեն եւ սոցապահովագրության հիմնադրամը չեն ստացել 105 մլրդ 42 մլն դրամ: Միայն Երեւան քաղաքում 2005 թ., այսպես կոչված՝ էլիտար շենքերի կառուցողները, որոնք, ինչպես բոլորս գիտենք, գործում են պարոններ Քոչարյան-Սարգսյան զույգի հովանավորությամբ, հարկումից թաքցրել էին նվազագույնը 55 մլրդ դրամ հավելյալ շահույթ: Եվ ցավն այն է, որ այդ շինարարությունն իրականացվել է հիմնականում Բուզանդի փողոցում, Հյուսիսային պողոտայում, որոնց բնակիչներին բռնի ուժով դուրս են շպրտել իրենց պապենական տներից՝ չնչին գումարներով փոխհատուցելով վերջիններիս կրած վնասները: Առանց անհարմար զգալու Քոչարյան-Սարգսյան զույգի ճնշմանը տեղի տալով, ՀՀ կառավարությունը նորից շուտափույթ Ազգային ժողով է բերում «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը եւ կրկին ու կրկին դարձնում քննարկման առարկա: Եվ քանի որ Բուզանդի փողոցի, Հյուսիսային պողոտայի բնակիչների դեմ կատարած այդ չարագործությունը իշխանություններն առայժմ մարսեցին, ախորժակները բացվեց եւ հիմա նույն ճակատագրին են փորձում արժանացնել, այսպես կոչված, «Ֆիրդուսանոց» թաղամասի բնակիչներին: Էլ չենք խոսում այնտեղ աշխատող հազարավոր մարդկանց գործազուրկ դառնալու վտանգի մասին: Այստեղ էլ իշխանությունները ծրագրել են գործել նույն եղանակով, նույն ոճով:

Անցած երկու տարի ութ ամիսների ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դոլար-դրամ մեքենայությունների արդյունքում ստացել էր հավելյալ շահույթ 31 մլրդ 632 մլն դրամի չափով, որը նույնպես դուրս էր մնացել հարկումից: Նույն մեքենայությունների արդյունքում 2005թ. «ԱրմենՏելը» ստացել էր 10 մլրդ հավելյալ շահույթ, որը նույնպես չէր հարկվել: Այս բոլոր փաստերը ոչ միայն հնչեցվել են հենց այս ամբիոնից, այլ նաեւ տպագրվել են «Իրավունք» թերթի վերջին երեք համարներում:

Նշված տագնապահարույց խնդիրները թողած, որոնք հարկային ծառայության տիրույթում պետք է որ լինեին, բանուգործները թողած կարեւորում են հարկային մարմինների կուսակցականացման հնարավորության հարցերը: Իսկ ես կարծում էի, որ բարձրացրածս պրոբլեմները, իրոք, անհանգստացրել են իշխանություններին, նրանք էլ դրանից ելնելով «Հարկային ծառայության մասին» օրենքում առաջարկում են իրենց տալ նոր լիազորություններ, որ այդ հանցագործներին օրինականության, օրենքի դաշտ բերեն: Այո, Սահմանադրությանը չի հակասում, որ հարկային ծառայողները դառնան կուսակցական: Հաշվարկը պարզ է, անհրաժեշտ է, որ վերջիններս Ազգային ժողովի եւ նախագահական առաջիկա ընտրություններում լուրջ դերակատարություն ունենան, գիտակցելով, որ եթե դա չունենան, ապա իշխանափոխությունից հետո, ինչն անխուսափելի է, նույն հարկային մարմինների աշխատողներին կասվի՝ չէ՞ որ Գեղամյանի մատնանշած նյութերը ոչ միայն բանավոր են եղել, այլեւ տպագրվել են, ինչպես վերն ասվեց, «Իրավունք» թերթում: Եվ, այս պարագայում, նրանց կպարտադրեն սեփական կաշիները փրկելու համար անդամագրվել, բնականաբար, իշխող կուսակցությանը: Այսինքն՝ մենք Ձեզ հետ ականատեսն ենք 2007թ. ընտրությունները կեղծելու առաջին փուլի ավարտին: Ըստ որում, փուլն այս օրինագծով չէ, որ սկսվել է: Այն սկսվել է այս տարվա ամռանը, երբ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն անդամագրվեց «Հանրապետական» կուսակցությանը: Դրա արդյունքում, բոլորս էլ հասկանում ենք, ընտրությունների ժամանակ զինվորականները սպայական կազմի ուղեկցությամբ արդեն շարքով կգնան, կքվեարկեն իշխանությունների օգտին եւ հլա թող նրանցից որեւէ մեկը համարձակվի դեմ քվեարկել: Հարց է ծագում, որտեղի՞ց է իմ այս համոզմունքը: Դա պայմանավորված է նրանով, որ դեռ 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ, երբ որդիս ծառայում էր բանակում, իր բանակային ընկերոջը ծեծուջարդի էին ենթարկել, քիչ էր մնացել հաշմանդամ դարձնեին, ինչ է թե քվեարկել էր նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի օգտին՝ չենթարկվելով սպայի հրամանին: Ահա սա է երկրում տիրող իրավիճակը: Եվ հիմա փորձում են մեզ համոզել, որ այս օրինագիծը քննարկման բերելով մարդկանց՝ հարկային ծառայողների իրավունքների պաշտպանության ջատագովներ են դարձել:

Վերը հիշատակած օրինազանցությունների՝ հարկերից խուսափելու եւ թալանի փաստերի մասին հրապարակայնորեն հնչեցրել եմ նույնիսկ Հանրային հեռուստատեսության ալիքով «Խորհրդարանական շաբաթ» ծրագրում: Կարծում էի, որ պարոն Քոչարյանը կարձագանքի ելույթներիս: Եվ, իրոք, արձագանքը երկար սպասեցնել չտվեց: Բայց, դժբախտաբար, փորձեցին հիշատակածս հանցագործությունները պարտակել եւ քննադատական խոսքս տեղափոխել մեկ այլ դաշտ: Այն է՝ սրում առաջացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ «Ազգային Միաբանություն» կուսակցության միջեւ, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի եւ իմ: Հաշվարկը շատ պարզունակ էր. դրան կհաջորդեր այն, որ հայտնի իշխանավորները ինձ ահաբեկելու համար քիլլեր կուղարկեին, ինչպես բազմիցս արել են այլոց հանդեպ (առհավատչյան Շահեն Հովասափյանի չբացահայտված սպանությունը, Հայկ Բաբուխանյանի, Աշոտ Մանուչարյանի, Սուրեն Աբրահամյանի, Հովհաննես Գալաջյանի նկատմամբ գործադրված սպանության փորձերը, հաշվեհարդարները), պատվիրատու էլ կներկայացնեին Գագիկ Ծառուկյանին, երկուսիս հարցը միանգամից կլուծեին:

Սա է ղարաբաղյան կլանի ճիզվիտական հաշվարկը: Այդ հաշվարկի ականատեսը եղել եմ 2003 թ. նախագահական ընտրություններից առաջ, երբ Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո Հանրային եւ գրեթե բոլոր հեռուստաալիքներով արտաքին գործերի նախարար Վարդան Մինասիչ Օսկանյանը եթերում հայտարարում էր, որ այդ սպանությունը տանում է այն մարդկանց ուղղությամբ, ովքեր վերջերս ռուսաստանյան մամուլում հանդես են եկել հոդվածներով: Իսկ ինչպես բոլորին հայտնի էր, այդ ես էի ռուսաստանյան մամուլում հանդես եկել հայաստանյան իրական վիճակը բնութագրող հոդվածներով: Այսինքն՝ մատնացույց էր արվում Արտաշես Գեղամյանին որպես Տիգրան Նաղդալյանի ահաբեկման կազմակերպիչ: Տղերքը գիտեին, թե ինչ են անում. կրքեր էին բորբոքում, որին կհետեւեր ինձ ահաբեկելը: Դրանից հետո մեղքը կբարդեին Նաղդալյանի հարազատների վրա, որոնք, իբր, վրեժխնդիր են եղել «սպանության կազմակերպչի» նկատմամբ: Այն օրերին, շնորհիվ այս սցենարի բացահայտմանը «Հայկական ժամանակ» թերթում, հրաշք տեղի ունեցավ եւ երկրորդ ահաբեկչությանը նրանք չգնացին: Հիմա էլ պրն Քոչարյանի շահերը սպասարկող «Փակագիծ» թերթը հեգնանքով է հիշում այդ դեպքերից հետո «բրոնեժիլետ» հագնելուս փաստը: Սրա իմաստն է՝ մարդկանց ուշադրությունը շեղել երկրում տիրող ալան-թալանից, ահաբեկչություններից, հետն էլ ամեն ինչ անել, որ խառնվի քաղաքական ներկա դաշտը:

Պարոններ Ռ. Քոչարյան եւ Ս. Սարգսյան, բավական է մեր ժողովրդին դնեք անհասկացողի տեղ, բավական է Հայաստանը դարձնեք խոպան: Եկել, անօրեն վաստակած միլիարդների տեր եք դարձել, վերջապես կանգ առեք, թողեք գնացեք: Չեմ էլ ասում՝ պատասխանատվության կենթարկենք, թողեք գնացեք, որովհետեւ, ավա՜ղ, ձեզ հետ էլ է կապվում բոլորիս համար նվիրական Արցախի ազատագրական պայքարը: Շնորհակալություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել