Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՓՈՔՐ ԵՄ՝ ԿՈՎԿԱՍՈ՞ՒՄ

Նոյեմբեր 14,2006 00:00

Հաղորդել ենք, որ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նոյեմբերի 17-ին մասնակցելու է ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստին, ուր քննարկվելու է ռումին Ադրիան Սեվերինի նախապատրաստած՝ Հարավային Կովկասում կայունության պակտի հաստատման հարցը: «Նախագիծը նախատեսում է Հարավային Կովկասում մի գաղափարի ներդրում, որը շատ նման է Բալկանների համար ընդունված «Կայունության պակտին,- «Առավոտին» ասաց Տիգրան Թորոսյանը:

– Առաջարկվում է ստեղծել համագործակցության մի հարթություն Հարավային Կովկասի երկրների միջեւ: Անգամ նման ձեւակերպում կա՝ Եվրամիության մի փոքր մոդելի ներդրում Հարավային Կովկասում, որ 3 երկրները կարողանան հստակորեն բացահայտել իրենց ընդհանուր շահերը, գտնել համագործակցության եզրեր եւ այլն: Այսինքն, ի վերջո՝ խնդիրների կարգավորման եւ տարածաշրջանային զարգացմանն է վերաբերում այս առաջարկը»:

Մեր հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Հարավային Կովկասում փոքրիկ Եվրամիություն ստեղծելու այս գաղափարին՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Շատ լավ: Ի վերջո՝ այս բանաձեւն ասում է, թե Հարավային Կովկասում խնդիրներ կան, ու ճիշտ կլինի լուծել դրանք, եւ եթե Հարավային Կովկասի երկրները ԵԽ անդամ են՝ կան սկզբունքներ, որոնք պիտի հարգեն նրանք»:

Հավելենք այլ մանրամասներ փաստաթղթի վերաբերյալ: Այստեղ նշվում է, թե Հարավային Կովկասի երկրները տվյալ պահին չունեն Եվրամիությանն անդամակցելու հեռանկար: Բանաձեւում նաեւ ասված է, որ Վեհաժողովը ողջունում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ընդգրկումը «Եվրոպական նոր հարեւանություն» ծրագրում: Միեւնույն ժամանակ, Վեհաժողովը մտահոգություն է հայտնում այն առնչությամբ, որ ձեռք չի բերվել Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա հակամարտությունների քաղաքական լուծում, իսկ քաղաքական, սոցիալական ու տնտեսական գործընթացները, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային համագործակցության զարգացումը, տարածաշրջանային հակամարտությունների «պատանդն» են:

Ըստ Տիգրան Թորոսյանի՝ «Եթե այս փաստաթուղթը ունենա շարունակություն, պետք է հրավիրվեն հատուկ խորհրդակցություններ, համաժողով, ստեղծվի փաստաթուղթ, որտեղ կորոշակիացվեն բոլոր հարցերը: Իսկ առայժմ սա միայն գաղափար-առաջարկություն է ԵԽ կողմից՝ Հարավային Կովկասի երկրներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել