Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԵՎ ՕՐՀՆԵՐԳԻ ՀԱՐՑՆ ԱՆՈՐՈՇ Է

Նոյեմբեր 14,2006 00:00

Թեեւ Ազգային ժողովում շրջանառության մեջ են դրվել այս երկու խնդիրները կարգավորող օրենսդրական նախաձեռնություններ:

Վարչապետը բազմիցս հայտարարել էր, թե Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստի եւ երաժշտության ընտրության նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի ընդունած որոշումը հիմք կդառնա խորհրդարան օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար: Հայտնի է, որ այդ հանձնաժողովը հաղթող էր ճանաչել Սովետական Հայաստանի հիմնի երաժշտությունը, որ հեղինակել է Արամ Խաչատրյանը: Եվ նոյեմբերի 9-ից խորհրդարանում շրջանառության մեջ է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքի նախագիծը: Այստեղ, ասենք, նշված է, թե մեր օրենքը «երաժշտաբանաստեղծական ստեղծագործություն է», որը կատարվում է այս օրենքով սահմանված կարգով։ Նաեւ այն, որ ՀՀ օրհներգը կարող է կատարվել վոկալ, գործիքային, նվագախմբային, երգչախմբային, նվագախմբային եւ երգչախմբային տարբերակներով։ Սահմանված են նաեւ պահանջներ, որոնք վերաբերում են օրհներգի կատարմանը. «Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ բոլորը հոտնկայս են եւ դեմքով շրջված դեպի դրոշը, տղամարդիկ՝ առանց գլխարկի»։ Անգամ նշված է, թե այս օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։ Բայց չկա մի գլխավոր հարցի պատասխան, թե ո՞րն է մեր օրհներգը: Համենայնդեպս, նախագծում բառ անգամ չկա Արամ Խաչատրյանի երաժշտության մասին: Եվ միայն 11-րդ հոդվածով՝ անցումային դրույթով սահմանվում է. «Հայաստանի Հանրապետության գործող օրհներգն ուժի մեջ է մինչեւ Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստն ու երաժշտությունն օրենքով սահմանելը, բայց ոչ ավելի, քան 1 տարի ժամկետում»։

Փոփոխված Սահմանադրության համաձայն՝ մինչեւ դեկտեմբերի 5-ը խորհրդարանը պիտի ընդունի այս օրենքը: Հաջորդ քառօրյան արդեն դեկտեմբերի 4-ին է: Այս հանգամանքը նկատի առնելով՝ երեկ, օրակարգի հաստատման ժամանակ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանը ԱԺ նախագահին հարցրեց, թե ինչպե՞ս է լուծվելու այս խնդիրը: «Կարծում եմ՝ արտահերթ նիստ գումարելով,- պատասխանեց Տիգրան Թորոսյանը:- Որ չստացվի այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանը չի ունենա օրհներգ»:

Ընդդիմությունը շրջանառության մեջ է դրել «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նոր նախաձեռնություն, որում մասնավորապես նշված է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը եւ տեղակալն ու քարտուղարը չեն կարող լինել միայն կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների նշանակած անդամների թվից կամ միայն կառավարության կազմում չընդգրկված կուսակցությունների նշանակած անդամների թվից: Հանձնաժողովի նախագահի, տեղակալի եւ քարտուղարի ընտրություններից առաջ վիճակահանությամբ որոշվում է, թե որ կուսակցությունների խմբի կողմից նշանակած անդամների թվից պետք է ընտրվի հանձնաժողովի նախագահը, եւ որ կուսակցությունների խմբի կողմից նշանակած անդամների թվից՝ տեղակալն ու քարտուղարը»։ Բացի այդ՝ «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները համարակալվում են եւ բաժանվում, ըստ կենտ եւ զույգ թվերի։ Կենտ համար ունեցող ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահն ընտրվում է կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված հանձնաժողովի անդամներից, իսկ քարտուղարն ու տեղակալը՝ կառավարության կազմում չընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված անդամների թվից։

Զույգ համար ունեցող ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահը ընտրվում է կառավարության կազմում չընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված հանձնաժողովի անդամներից, իսկ քարտուղարն ու տեղակալը՝ կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված անդամներից»։

ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն ընտրական հանձնաժողովների ձեւավորման՝ ընդդիմության առաջարկած կարգի մասին «Առավոտի» հարցին պատասխանեց. «Ցանկացած առաջարկով կազմավորված հանձնաժողով կարող է աշխատել, բացի մի դեպքից՝ եթե հաշվի չի առնվում ընտրական վարչարարություն իրականացնելու խնդիրը: Եվ կխնդրեի բոլոր այն ուժերին, որոնք ներկայացնելու են օրենքի նախագիծ կամ մասնակցություն են ունենալու հանձնաժողովների կազմի փոփոխմանը՝ առաջին հերթին հաշվի առնել այդ վարչարարությունն իրականացնելու հնարավորությունը: Քանի որ ընտրությունների կազմակերպման գործում առաջնայինը ոչ թե այս կամ այն կուսակցության կամ իշխանության որեւէ մարմնի կողմից հանձնաժողովի անդամ նշանակելու խնդիրը պիտի լինի, այլ՝ ինչպես ձեւավորել հանձնաժողով, որն ունակ լինի կազմակերպել եւ անցկացնել ընտրություն»:

Հ. Գ. Անդրանիկ Մարգարյանն «Առավոտի» հարցին, թե ո՞րն է ՀՀԿ-ի դիրքորոշումը՝ ո՞ւմ է հատկացվելու ՍԴ որոշումից հետո թափուր դարձած՝ ընտրական հանձնաժողովների այն տեղը, որ տրված էր դատավորներին, գուցե «Գործարար» խմբի՞ն՝ պատասխանեց. «Խմբերը ժամանակավոր են»: Սակայն նրա համար ընդունելի չէր նաեւ հանձնաժողովները ԱԺ կուսակցությունների 2-ական ներկայացուցիչներով ձեւավորելու տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել