Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ ավեստագետը հեռացել է

Նոյեմբեր 13,2006 00:00

\"\"Նկարիչ Ջիվան Հովհաննիսյանի գործերը զարդարում են շեյխերի ապարանքները

Մեր զրուցակիցը մեկն է այն հայ արվեստագետներից, ով կորցնելով հավատը վաղվա օրվա հանդեպ, հուսալքված, խռոված, 2000-ին ընտանիքով մեկնել է արտերկիր՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Նկարիչը իր նկարիչ-ճարտարապետ ընկերոջ՝ Երվանդի հետ միասին ներդնելով իրենց նկարչական տաղանդը, ԱՄԷ-ի Շարժա քաղաքում հիմնել են դիզայներական արվեստանոց, որտեղ արտադրում են գեղեցիկ ձեւավորմամբ շքեղ թղթե տոպրակներ՝ արդյունաբերական խանութների համար: Այդ արտադրանքը կարճ ժամանակահատվածում շուկայում դառնալով մրցունակ, ձեռք է բերել պատվիրատուներ եւ սկսել համագործակցությունը նաեւ եվրոպական աշխարհահռչակ ֆիրմաների հետ: Այժմ ընդլայնվել է արվեստանոցի աշխատողների թիվը, միայն դիզայներական բաժնում աշխատում է 15 հոգի: Թեեւ ժամանակ քիչ է մնում ստեղծագործելու համար, բայց, միեւնույն է, Ջիվանը չի կարողանում հրաժարվել իր վրձնից ու կտավից: Երկու տարում նա այնքան ճանաչում է ձեռք բերում, որ դիմանկարների պատվերներ է ստանում անգամ ԱՄԷ-ի շեյխերից, նախարարներից եւ այլ հարուստ երեւելի գործիչներից: Այսօր Ջիվան Հովհաննիսյանի կատարած 140X80 սմ չափի դիմանկարները զարդարում են Դուբայի, Շարժայի, Աբու Դաբիի շեյխերի ապարանքները: Հիշյալ գործերի շարքը նկարչի համար եւ սիրած գործով զբաղվել է, եւ, ինչու չէ՝ նաեւ լրացուցիչ եկամտի աղբյուր, ինչը չի թաքցնում նաեւ ինքը, խոստովանելով, որ ամեն դիմանկարի համար վճարում են մոտ 300 դոլար: 2005-ին Ջիվանը Դուբայում մասնակցել է Հայկական ազգային վարչության կողմից կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ ցուցադրել է իր «Ձիերի շարք» երեք կտավները:

Բնակվելով Դուբայում, նա կարոտով է հիշում հայրենի լեռնաշխարհ Սիսիանը, գեղարվեստի դպրոցը, որտեղ տնօրեն էր աշխատում արցախյան ազատամարտից վերադառնալուց հետո: «Չկար պետական հովանավորություն (նկատի ունի հայրենիքում- Ա. Բ.),- դառնությամբ հիշում է նկարիչը,- գոյության կռիվ էր: Փոխանակ մտածելու երեխաներին առավելագույնը սովորեցնելու, գեղագիտական դաստիարակություն տալու մասին, ինձ պատեպատ էի տալիս, որ կարողանամ դպրոցը պահել: Թեեւ ընտանիքս վատ չէր ապրում, կով, խոզ էինք պահում, բանջարեղեն աճեցնում, սակայն ստեղծագործական աշխատանքով զբաղվելու համար նախադրյալներ չկային: Հայաստանում ապրելով՝ ես երբեք արվեստանոց չէի ունենա»:

Ջ. Հովհաննիսյանը համոզված է, որ Հայաստանում իրավիճակը կշտկվի, ինքը կվերադառնա, աշխատած եկամտով արվեստանոց կգնի եւ կշարունակի զբաղվել ստեղծագործ աշխատանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել