Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՂԵԿԱՎԱՐ-ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ ՉԱՆՏԵՍՎԵՑԻՆ

Նոյեմբեր 13,2006 00:00

Օրերս նշվեց հայ թատերարվեստի ճանաչված գործիչներ, պաշտոնակիցներ՝ Ռուսական դրամատիկական եւ Գ. Սունդուկյանի անվան թատրոնների գեղարվեստական ղեկավարներ Ալեքսանդր Գրիգորյանի 70 եւ Վահե Շահվերդյանի 60-ամյա հոբելյանները:

Երեւանի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը այդ պաշտոնում է 1965-ից: Նրա սկզբունքներից մեկը եղել եւ մնում է ինչպես հայ, այնպես էլ ռուսական թատերգության մատուցումը տեղացի ռուսալեզու հանդիսատեսին: Որպես գեղարվեստական ղեկավար, Ա. Գրիգորյանը իր պաշտոնավարման տարիներին «ամրացրեց» դերասանախումբը, ապա եւ խաղացանկային հետաքրքիր ծրագիր ներկայացրեց: Առաջին բեմադրություններից մեկը՝ Անկիլովի «Զինվորի այրին», պետական մրցանակ բերեց նրան, հանդիսատեսն էլ սերտորեն կապվեց թատրոնին, քանզի այնտեղ ականատեսը դարձավ մեր եւ օտար թատերգության լավագույն նմուշների: Հավանաբար ամենադժվարը դերասանախմբի կայունությունն էր. մոսկովյան եւ ռուսական մյուս թատրոնները ձգում-տանում էին լավագույններին, ինչի հետեւանքով էլ թատրոնի ղեկավարը ստիպված էր նոր արտիստներով համալրել թատերախումբը: Համենայնդեպս, տարիներ շարունակ Ա. Գրիգորյանի ստեղծագործական միտքը ավելի շատ կազմակերպչական-տեխնիկական հարցերով էր զբաղված: Թատերագետներն էլ Գրիգորյանի մասին խոսք լինելու դեպքում առաջինը նշում են, որ նա այդպես էլ չկարողացավ սովորել իր մայրենիով խոսել:

Տարիներ առաջ, եթե չենք սխալվում՝ 1960-ականներին, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյան անունը մասնագետների շրջանում սկսվեց լավ իմաստով հոլովվել՝ Մետերլինկի «Կապույտ թռչունը» պիեսի պրեմիերայից հետո: Հիշյալ ներկայացման, ինչպես նաեւ Չեխովի «Երեք քույրերի», Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդի» երեւանյան հյուրախաղերն էլ հաստատեցին ամառանոցային քաղաքի (Վանաձոր) թատրոնի պրոֆեսիոնալ մակարդակը, առաջին հերթին նկատի ունենալով Շահվերդյան ռեժիսորին: Իսկ արդեն 1972-ին Վարդան Աճեմյանի հրավերով ու ղեկավարությամբ մարզային թատրոնի ռեժիսորը մայր թատրոնում բեմադրում է Գ. Սունդուկյանի «Ամուսինները»: Հիշեցնենք, որ Շահվերդյանը 96-ից ստանձնել է մայր թատրոնի գեղարվեստական ղեկավարի ու գլխավոր ռեժիսորի աշխատանքը: Այդ թվականներին Գ. Սունդուկյանի անվան թատրոնը բավականին անմխիթար վիճակում էր, հուսալի մեկն էր փնտրվում, որ ստանձներ ղեկը: Մայրաքաղաքի առաջին թատրոնում բեմադրիչի «առաջին բեմելը» Սունդուկյանի մինչ այդ չբեմադրված «Կտակն» էր: Ստեղծագործական ճամփասկզբին ուղենիշ-փարոս ունենալով հայ ռեժիսուրայի մեծին՝ Աճեմյանին, Շահվերդյանը, համենայնդեպս, ջանաց հավատարիմ մնալ հայ թատրոնի սկզբունքներին: Այդ օրվանից շատ պիեսներ են ծնվում մայր թատրոնում, որոնց մասին, ցավոք, թատերագետները իրենց մասնագիտական վերաբերմունքը չեն արտահայտում, դեռ մի տեղ էլ լրագրողներին քննադատում են (շարունակվում է նման վերաբերմունքը), թե ինչու ենք մեզ թույլ տալիս թատերագետի աշխատանք կատարել: Իսկ նույն թատերագետները, օրինակ, վերջերս լույս տեսած թատերագետ Լեւոն Մութաֆյանի՝ Շահվերդյանին նվիրված գրքի առիթով մեզ հայտնեցին հետեւյալը. «Մի քիչ շատ չէ՞ երեք Շահվերդյան մայր թատրոնում»՝ նկատի ունենալով ռեժիսորի որդուն՝ նույնպես ռեժիսոր Սուրենին եւ դստերը՝ դերասանուհի Մետաքսյային:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել