Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծանրորդները դոպինգային խնդիրներ չեն ունեցել

Նոյեմբեր 13,2006 00:00

Երեկ «Առավոտին» հերթական անգամ հավաստիացրեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո-Դոմինգոյում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցանակակիր դարձած մեր երեք մարզիկներից երկուսի արյան մեջ արգելված խթանիչների հայտնաբերման մասին շշուկները ժամանակ առ ժամանակ հայտնվում են մամուլում: Նման զրույցներ մեր ականջին էլ են հասել: Բայց հետաքրքիրն այն է, որ այդ լուրերը տարածողները ոչ միայն կտրականապես հրաժարվում են իրենց անունը հրապարակելու՝ լրատվամիջոցների առաջարկներից, այլեւ իրենց ասածը հիմնավորող ոչ մի փաստարկ չեն բերում: Դրա համար էլ առայժմ որպես միակ հավաստի աղբյուր մնում են մարզաձեւի ֆեդերացիան եւ այն մարդիկ, ովքեր եղել են Սանտո-Դոմինգոյում:

Խնդրո առարկայի շուրջ վերջնական պատասխան ստանալու նպատակով կրկին դիմեցինք ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանին: «Անկեղծ ասած, արդեն հոգնել եմ նույն բանի մասին խոսելուց,- պատասխանեց նա:- Աշխարհի առաջնության ժամանակ մարզաձեւի միջազգային ֆեդերացիան մասնակիցների մոտ երեսուն տոկոսին դոպինգ-ստուգում է անցկացրել, բոլոր հաղթողներին ու մրցանակակիրներին՝ պարտադիր: Արդյունքները պետք է հրապարակվեին արդեն հոկտեմբերի վերջին: Այդ մասին, որքան տեղյակ եմ, ժամանակին լրատվամիջոցներին հայտարարել է նաեւ միջազգային ֆեդերացիայի նախագահի՝ իրավական հարցերով խորհրդական Մոնիկա Ունգարը: Այս ընթացքում շատ ծանրորդներ արդեն իսկ պատժվել են: Նրանց մեջ հայաստանցիների անուն կա՞: Եթե դոպինգ օգտագործածներ լինեին, կարծում եմ, նրանց անուններն էլ հրապարակած կլինեին, ինչպես ծանրամարտի մի շարք գերտերությունների ներկայացուցիչներինը: Փոխանակ ուրախանան հաջողություններով, ոմանք փորձում են մուր շպրտել մեր մարզիկների, մարզաձեւի վրա: Ինչո՞ւ, չեմ հասկանում: Ես նույնիսկ ստիպված եմ եղել զանգահարել միջազգային ֆեդերացիա եւ խնդրել, որպեսզի մերոնց ստուգման պաշտոնական արդյունքները մեզ շուտ ուղարկեն: Հենց ստացանք, խոստանում եմ՝ առաջինը լրատվամիջոցները կծանոթանան: Ո՞վ չգիտի, թե հիմա ամբողջ աշխարհում դոպինգի դեմ ինչ անխնա պայքար է մղվում:

Ոչ ես, ոչ էլ հավաքականի որեւէ մարզիչ, ինչպես ասում են, խելքը հացի հետ չի կերել, որ իր սաներին դոպինգ տա եւ մրցումների գործուղի՝ հույս փայփայելով, թե չեն բռնվի: Սանտո-Դոմինգոյում ՄՕԿ-ի հատուկ ժողով էլ կազմակերպվեց ազգային ֆեդերացիաների ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ բոլորիս ամենայն լրջությամբ զգուշացրին՝ դոպինգ հայտնաբերելու դեպքում ոչ մի ներում չի լինելու:

2007 թվականը նախաօլիմպիական, վարկանիշային մրցումների տարի է: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան իր առջեւ Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերին պատշաճ ներկայանալու եւ մեդալների համար պայքարելու լուրջ ծրագրեր է դրել: Իսկ հիմա մեզ աջակցելու, մարզիկներին ոգեւորելու փոխարեն, ինչ-ինչ ասեկոսեներ են տարածում՝ դրանով ազդելով առաջիկա մեկնարկներին նախապատրաստվող ծանրորդների հոգեբանության վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել