Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ՝ ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ

Նոյեմբեր 13,2006 00:00

Պատգամ էլեկտորատին

Նախ՝ եթե տվող կա, վերցնող միշտ էլ կգտնվի: Հիմա ով է ընտրակաշառք տալիս: Պարզ է՝ շատ ունեցողը: Եղածի մի ինչ-որ մասը: Վերցնողները շատ են: Ոմանք ամաչում են, բայց հետո ասում են՝ հերն էլ անիծած, ես չվերցնեմ՝ ուրիշն է վերցնելու: Եվ վերցնում է:

Վերցնում է, բայց դա նրա վրա բարոյական պատականություն է դնում՝ քվեարկի՛ր հօգուտ ինձ: Բայց սա բարոյակա՞ն է: Իսկ բարոյակա՞ն է ուռճանալ՝ մյուսներին թողնելով կարիքի մեջ:

Հիշո՞ւմ եք, ինչպես էր հին Հռոմում: Դեմոսին մերթ հաց էին բաժանում ունեւորները կամ հենց պետությունը, հարյուր եզ էին զոհաբերում, կաշառում, կամ էլ աշկարա փող էին բաժանում ժողովրդին էլ, զորքին էլ: Ու էլի ինչ-որ նվերներ՝ թուլափայ տեխնոլոգիայով:

Եվ ժողովուրդը պարտքի տակ չէր մնում: Աշկարա՝ քվեարկության էր գնում՝ սեւ-սպիտակ քարերով: Իսկ հիմա իսկական դեմոկրատիա է. մտար վարագույրի ետեւը, դու ես տեր-տիրականը քո նվաղ ձայնի: Քվեարկիր կամ մի քվեարկիր: Հօգուտ, թե անօգուտ: Դու քո քաղաքական պարտքը կատարել ես:

Գիտեմ, ընտրա… նվերը վաղուց կերել ես, ճիշտ է: Ի՞նչ է, քիչ էր: Բայց հասարակական այս ֆորմացիայում ամեն ինչ ապրանք է: Ձայնն էլ: Խելք ունեիր՝ սակարկեիր, էժան-էժան ջուրը չգցեիր քո ձայնը:

Ինչպե՞ս անել: Դա էլ շատ լավ մշակված է: Դրա համար կան կուսակցական խմբեր-խմբակցություններ: Բանակցեիր: Այստեղ կուսակցական բոնզաները մակլերի դեր են կատարում, էլի: Առիթը բաց մի թող, որովհետեւ ամեն օր քո ձայնը ուզող չկա: Ձայնն էլ հաճախ դառնում է «զալեժ ապրանք». կմնա վրադ:

Բարդ բան է քաղաքական կյանքը: Լինել, թե չլինել… Ճիշտն ասած, դու էն գլխից էլ հոգուդ մեջ լինելու կողմն էիր: Ուրեմն համարձակ մտիր մեջլիս ու ասա՝ հարգարժան հարուստ, ծախու է ձայնս, բայց կարգին վճարիր: Հիմար-հիմար դեմոկրատիայից չխոսես, քաղաքավարի բան-ման դուրս չտաս եւ նա կհասկանա, որ դու լուրջ, պոտենցիալ ծախող ես, կառնի ձայնդ: Սա դժվար չէ: Շահդ մեծ կլինի, եթե ազգ ու տակիդ համոզես, բոլորի ձայնը մեկ արած, մի, այսպես ասած, «տրանշով» նաղդես: Քեզ ավելի կհավատան, կվստահեն ու կդառնաս մշտական կլիենտ: Առաջին ձեռք: Գնորդ-մեծահարուստի համար էլ էս ձեւը ձեռնտու է: Նա էլ ստիպված ընտրությունների արդյունքները կեղծելու չի գնա, հոգու վրա մեղք չի վերցնի:

…Վերցրեք՝ բացվել են Ալադինի գանձերի դռները՝ հեռուստացույց ու պարարտանյութ, զուգարանի թուղթ, հացահատիկ ու շինանյութ ու հագուստ բոլ-բոլ՝ թեկուզ չինական: Եվ զիլ ձայնով երգեք. «Քեռին եկավ մեր բակը, ինձ ադամանդ նվիրեց, իմ պարտքերը նա փակեց»:

Քիչ մնաց մոռանայի: Չե՞ք նկատում, որ էս ընտրակաշառք տալու մեջ նշմարվում է ձեր այնքան սիրած սոցիալիզմի տարրը: Փոքր, բայց կա: Տես՝ նա ասում է՝ իմը քոնն է: Թեկուզ մի քիչ: Ուրեմն ես ընտրել եմ դեպի հավասարություն գնացող ուղին: Ու դու էլ էս իմ տապակած սագից մի պատառ ունես, ինձ չնախանձես: Հարգես անձս, հարգեմ անձդ: Թե չէ, որ նեղացա՜, իմ պալատում սագս կուտեմ, դուք էլ սագիս հոտը կառնեք…

Ամեն ինչ սկսվում է մանկուց, ընտանիքում: Փոքր էի, որ տատը ասում էր՝ կեր էս խաշիլը՝ կոնֆետ կտամ: Հետո ասում էին՝ դասդ սովորիր, գնդակ կառնեմ:

Մի խոսքով, ճիշտ որ ասենք, դուք, մենք, նրանք էն գլխից էլ կաշառքի վարժված ենք, նա մեր կաթի մեջ է: Ուստի հետայսու թողնենք ձեւականությունները եւ վստահ գործենք ընտրատարածքում, տեր կանգնենք մեր ձայնին եւ գնահատեք այդ բացառիկ բարիքը: Ծախվելիս, ներեցեք… ծախելիս պահանջեք նրա իսկական գինը՝ հաշվի առնելով իհարկե դոլարի այսօրվա տատանումները:

…Իշխանության տենդով բռնված որոշ մարդիկ կորցրել են իրականության եւ այնքան անհրաժեշտ չափի զգացումը: Նրանք ցավագարներ են, որ աղետ են դարձել մեր հասարակության գլխին: Աղետ տեսած մեր ժողովրդի:

Արդ՝ ով է տեսել, որ գահը գրավելու համար ոտքի ելնի խոսքի կակազը, մտքի կաղլիկը, շատ բան չիմացող, բայց շատերից շա՜տ համարձակ մեկը, որ փորձի զոռով, որպես նորօրյա ճարպիկ Չիչիկով, հուժկու հավաքի զառամների ու թառամների նվաղկոտ ձայները:

Նախ ո՞վ է իրավ, թագավոր-նախագահը. ըստ էության եւ ըստ պետական կարիքների տեսության, կարծես թե մեկը, որ ինչ-որ չափով բարձր է շատերից, ա՜յր է պետական, երկրին պետքական: Ում վստահում են ղեկը մեր նավի, մարդ, որ կարող է կրել ողջ բեռը մի ժողովրդի եւ լինել արթմնի, լինել խիստ խոհուն, հեռուն լավ տեսնող եւ ժամանակի մեծերի կողքին արժանի լիդեր: Ամոթ մեզ, ամոթ եւ հազար ամոթ: Հարյուր տարի հետո պատմաբանները գրելու են՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի գահին Ժ.Դ. դարում, այսինչ տարում բազմեց մի կակազ հասարակ մեկը, լոկ պատահաբա՜ր, որ հաջողությամբ ձայներ էր առնում աղքատ մարդկանցից, մեկը, որ քաղաքական այբ-բենը գիտի մի չնչին չափով, բայց անտեղյակ է մեր նավն ապահով օվկիան տանելուն: Բայց նստեց ղեկին եւ խփեց նալին, եւ խփեց մեխին: Էս ուր է քշել նավաբեկյալը, ուր է մեզ տանում:

Խորհում եմ էսպես, նայում շվարած ընդդիմությանը, որ անկեղծ ասած գումար էլ չունի, որ բանից-պիտոյից հանի, բաժանի դեմոսին լլկված:

Լավ, ինչ ենք անում: Ինչու այլեւս մենք ձայն չենք հանում, պետական այրեր, որ ինչ-որ ճարպիկ անամոթ հարուստ ահա գցում է մեզ վարկ ու բարքից, դարձնում առարկա տոտալ վաճառքի:

Մենք ունեցել ենք եւ հիմա էլ Հայաստան կան մեծ բարերարներ, որոնք ամեն օր կիսում են, տալիս իրենց բոքոնից մի կարգին պատառ՝ կարիքավորին, բայց զգուշաբար եւ հաճախ անգամ՝ հենց եղբայրաբար: Դիմացը, սակայն, ոչինչ չուզելով: Գրված՝ պահվում են էդ դավթարները տասնյակ ու տասնյակ ու բան չի ուզում էլեկտորատից: Ուզում է, սակայն, որ բարգավաճի գյուղն իր հայրենի ու ողջ երկիրը, մի ողջ Հայաստան: Ու ձայն չի մուրում, աթոռ չի՜ ուզում: Նրանք աթոռ ունեն: Իրենց սիրած գործի ամուր աթոռը:

Անունները չեմ տալիս, որ գովազդ չհամարվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել