Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես զգում եմ իմ ամուսնուն»

Նոյեմբեր 13,2006 00:00

\"\"Ասում է հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոյի կինը՝ Սոֆիա Պետրոսյանը

Մոսկվայի շախմատիստի կենտրոնական տանը շարունակվում է աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի ծննդյան 70-ամյակին նվիրված շախմատի 20-րդ կարգի հուշամրցաշարը: Ժամանակակից շախմատային աշխարհի տասն ուժեղագույն գրոսմայստերները պայքարում են հաղթողին որոշելու համար: Նրանցից յուրաքանչյուրը եկել է իր մարզչի կամ մտերիմ մարդու հետ:

Հունգարիայի լավագույն շախմատիստ Պետեր Լեկոյին ինչպես միշտ, այս անգամ էլ մրցավայրում ուղեկցում են հայաստանցի կինը՝ Սոֆիա Պետրոսյանը եւ կնոջ հայրը՝ Արշակ Պետրոսյանը, ով նաեւ նրա մարզիչն է:

Շախմատիստի կենտրոնական տան սրահներից մեկում գրոսմայստեր Սերգեյ Զագրեբելնին հուշամրցաշարի պաշտոնակաան կայքի համար զրուցել է Լեկոյի տիկնոջ հետ, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:

– Դուք ծնվել եք շախմատային ընտանիքում, հետո ամուսնացել էլիտար գրոսմայստերի հետ: Դրանից ձեր շախմատային վարպետությունը բարձրացե՞լ է:

– Ինչի՞ մասին եք խոսում: Ես երբեք շախմատով չեմ զբաղվել: Փոքր տարիքում ուզում էի, բայց հայրիկիս երկաթյա ձեռքը թույլ չտվեց, որի համար չեմ զղջում: Շախմատիստի, առավել եւս՝ շախմատիստուհու հանապազօրյա հացը շատ ծանր է:

– Խաղատախտակի վրա Պետերի դիրքը գնահատել կարո՞ղ եք:

– Իմ խաղամակարդակն ինքս գնահատել չեմ կարող, սակայն երբեմն ինձ թույլ եմ տալիս մոտենալ իմ տղամարդկանց ու քայլ առաջարկել: Շախմատային դիրքերի մեջ շատ չեմ խորանում, պարզապես՝ լսում եմ կանխազգացողությանս: Պատահում է, որ երբեմն ուղիղ «10»-ին եմ հարվածում: Մի անգամ հայրիկս ամբողջ երկու օր «գլուխ էր կոտրում» իմ «ռացիոնալիզատորական առաջարկի» վրա:

Այդ պահին մոտեցավ Արշակ Պետրոսյանը եւ հաստատեց դստեր ասածները. «Իրոք, Սոֆիան շատ ընդունակ մարդ է եւ շատ բաներ թեկուզ չհասկանալով հիանալի զգում է: Բայց շախմատիստուհի դառնալ ես նրան չթողեցի: Դա կնոջ գործ չէ»:

– Իսկ նայելով Պետերին՝ կարո՞ղ եք որոշել, թե ինչ վիճակում է:

– Իհարկե, դեմքից, դեմքի ամեն մի մկանի շարժումից: Ի վերջո, ես իմ ամուսնուն, պարզապես, զգում եմ:

– Չե՞ք հոգնել մրցաշարից մրցաշար մեկնելուց, միեւնույն քաղաքներից ու դեմքերից, շախմատից…

– Մի քիչ: Բայց կյանքի այս ռիթմին արդեն սովորել եմ: Բացի դա, մենք ոչ միայն մրցաշարից մրցաշար ենք մեկնում, այլեւ ճանապարհորդում ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել