Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Նոյեմբեր 13,2006 00:00

\"\"«Բանանցը»՝ երկրի փոխչեմպիոն

Նոյեմբերի 9-ին կայացած 28-րդ տուրի հանդիպումներով ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 15-րդ առաջնությունը հատեց եզրագիծը: Ժամկետից շուտ երկրի չեմպիոնի կոչումը հերթական անգամ նվաճած մայրաքաղաքի «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթեց Գյումրիի Շիրակին՝ պահպանելով մոտակա հետապնդողների նկատմամբ ունեցած 16 միավորի առավելությունը: Մրցանակային հաջորդ տեղերի ճակատագիրը նույնպես նախապես որոշված էր: Արծաթե եւ բրոնզե մեդալների համար պայքարում էին հավասար միավորներ ունեցող Երեւանի «Բանանցն» ու Աշտարակի «Միկան»: Բայց թե երկրորդ եւ երրորդ տեղերն ինչպե՞ս կբաժանեն, պարզվելու էր նրանց միջեւ ընթացող հեռակա պայքարում: «Բանանցը» առաջնությունն ավարտեց մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը զբաղեցնող «Ուլիսի» նկատմամբ տարած 7:0 խոշոր հաշվով հաղթանակով ու իր համար ապահովեց 2-րդ տեղը, իսկ «Միկան» բավարարվեց մրցակցի դաշտում «Արարատի» դարպասն անցկացրած միակ գոլով: «Գանձասար» (Կապան)- «Կիլիկիա» (Երեւան) խաղում գրանցվեց 2:0 հաշիվ:

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ամփոփիչ աղյուսակն այսպիսի տեսք ստացավ:

Փյունիկ 28 23 4 1 86-23 73

Բանանց 28 18 3 7 67-26 57

Միկա 28 17 6 5 45-21 57

Արարատ 28 15 4 9 48-36 49

Կիլիկիա 28 7 5 16 40-58 26

Գանձասար 28 7 3 18 28-60 24

Շիրակ 28 4 7 17 22-64 19

Ուլիս 28 5 2 21 31-66 17

Ազգայինն սկսեց

նախապատրաստությունը

Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն սկսեց Եվրոպայի 2008թ. առաջնության որակավորման փուլի նոյեմբերի 15-ին Ֆինլանդիայի հավաքականի հետ կայանալիք պատասխան հանդիպման նախապատրաստության ընթացքը, որն այս տարվա վերջին խաղն է լինելու «Եվրո-2008»-ի շրջանակներում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իան Պորտերֆիլդն ընտրանի է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին:

Դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի («Խիմիկ», Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Փյունիկ»), Արմանդո Համբարձումյան («Սլավիա», Բուլղարիա), Ֆելիքս Հակոբյան («Միկա»), Էդել Ապուլա Էդիմա Բետե («Ռապիդ», Ռումինիա):

Պաշտպաններ. Կարեն Դոխոյան («Կռիլյա սովետով», Ռուսաստան), Եղիշե Մելիքյան («Ստալ», Ուկրաինա), Սարգիս Հովսեփյան, Վալերի Ալեքսանյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Արմեն Տիգրանյան (բոլորն էլ՝ «Փյունիկ»):

Կիսապաշտպաններ. Աղվան Մկրտչյան («Փյունիկ»), Ռոմիկ Խաչատրյան («Անորտոսիս», Կիպրոս), Կարեն Ալեքսանյան («Զիմբրու», Մոլդովա), Արտավազդ Քարամյան («Ռապիդ», Ռումինիա), Սամվել Մելքոնյան («Բանանց»), Արթուր Մինասյան («Արարատ»), Համլետ Մխիթարյան:

Հարձակվողներ. Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա), Ռոբերտ Զեբելյան («Կուբան», Ռուսաստան), Արա Հակոբյան («Ստալ», Ուկրաինա), Արման Քարամյան («Չեխլաուլ», Ռումինիա), Արմեն Շահգելդյան («Միկա»), Արամ Հակոբյան («Բանանց»), Նշան Էրզրումյան («Արարատ»):

Հիշեցնենք, որ «A» խմբում, բացի Հայաստանից ու Ֆինլանդիայից, ընդգրկված են Սերբիան, Բելգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ղազախստանը եւ Ադրբեջանը: Առաջիկա մրցակիցը 8 միավորով խմբում ընթանում է 2-րդ տեղում, իսկ մենք 1 միավորով նախավերջինն ենք: Ընդ որում, այդ միակ միավորը վաստակել ենք հոկտեմբերի 7-ին Երեւանում հենց ֆինների հետ անցկացրած հանդիպումում:

Հայաստանի ազգային հավաքականը հատուկ չվերթով Ֆինլանդիա կմեկնի նոյեմբերի 13-ին: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 21:00-ին եւ ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում:

Խաղացանկը հաստատվեց

Մոսկվայում ֆուտբոլի «Համագործակցության գավաթ 2007»-ի անցկացման կազմկոմիտեն հաստատեց մրցաշարի խաղացանկը, որտեղ Հայաստանն ամենայն հավանականությամբ կներկայացնի երկրի փոխչեմպիոնի կոչումը նվաճած «Բանանց» ակումբը:

Խմբային մրցաշարում հունվարի 20-ին «Բանանցը» կհանդիպի Ուկրաինայի, 21-ին՝ Ուզբեկստանի եւ 23-ին՝ Լատվիայի չեմպիոնների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել