Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ՄԻ ԲԱՆ ՍԻՐՈՒՄ ԵՍ, ՊԵՏՔ Է ԱՆԵՍ ՀԱՃՈՒՅՔՈՎ»

Նոյեմբեր 13,2006 00:00

Մինչ մարզական ֆեդերացիաները տրտնջում են բյուջեից ստացվող դրամական հատկացումների չափերից, ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանն ինքն է գրավոր հրաժարվել մարզաձեւի զարգացման նպատակով պետական աջակցությունից:

Երեւույթը, իսկապես, եզակի է, առավել եւս՝ ձիասպորտի նման թանկ մարզաձեւի պարագայում: Այդ առիթով Հ. Հայրապետյանի հետ զրույցի ընթացքում շոշափվեցին մարզաձեւի ներկայիս դրվածքին, ապագա ծրագրերին առնչվող խնդիրներ: Պարզվեց նաեւ, որ նա հաճույքով հովանավորում է նաեւ այլ մարզաձեւեր:

– Մարզական տարին ավարտվում է: Ինչպե՞ս եք գնահատում ձիասպորտի ֆեդերացիայի աշխատանքը 2006 թվականին:

– Ընդհանուր առմամբ՝ բավարար: Նախատեսված մրցումները հիմնականում անցկացրել ենք, մի քանիսն էլ դեռ պետք է կայանան: Անցնող տարում ամենանշանակալի իրադարձությունն այն է, որ մեր ֆեդերացիան, միջազգային ֆեդերացիայի որոշմամբ, ԱՊՀ երկրների խմբից տեղափոխվեց ավելի բարձրակարգ՝ եվրոպական խումբ: Դա կատարված աշխատանքի գնահատականն է եւ հույս ունեմ՝ մյուս տարի մեր մարզաձեւում շոշափելի առաջխաղացում կբերի Հայաստանում: Բացի դա, ձեւավորել ենք օլիմպիական թիմ, որը հունվար ամսից պայքարելու է ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու համար: Նոյեմբերի 25-ին մեր ձիարշավարանում անցկացվելու է Հանրային հեռուստատեսության հիմնադրման 50 եւ ռադիոյի 80-ամյակներին նվիրված «Հանրային հեռուստատեսության գավաթի» առաջնությունը: Հրավիրել ենք միջազգային ֆեդերացիայի բարձրաստիճան պաշտոնյաների, մարզիկների՝ Ֆրանսիայից եւ ԱՄԷ-ից: Նպատակը՝ նրանց փորձը Հայաստան բերելն է:

– Ձիարշավարանը համապատասխանո՞ւմ է ներկայիս միջազգային պահանջներին:

– Այո: Թե բացօթյա, թե ծածկած դաշտերում բոլոր աշխատանքները կատարելիս խորհրդակցել ենք հայտնի մասնագետների հետ: Եվ հիմա ի վիճակի ենք անցկացնել «Գրան պրիի» մրցումներ, անգամ՝ աշխարհի առաջնություն:

– Հայաստանում առայժմ արմատավորված է արգելքների հաղթահարում մրցաձեւը…

– Գարնանից զբաղվելու ենք նաեւ արագավազքով: Ուզում ենք հիմնել գեղավարգն ու պոլոն: Խնդիրը համապատասխան մասնագետների բացակայությունն է: Դրա համար դրսից մարզիչներ ենք հրավիրելու: Կաշխատեն երեխաների հետ: Արդյունքների համար մենք չենք շտապում: Գիտակցում ենք, որ դա տարիների խնդիր է:

– Մեր մարզիկները հաճա՞խ են հանրապետությունից դուրս մրցումների մասնակցել:

– Այս տարի արմատապես փոխել ենք մեր մարտավարությունը: Հիմնական ուշադրությունը դարձնում ենք աճող սերնդի վրա: Ինձ համար ամենամեծ ուրախությունն այն է, որ ֆեդերացիայում, ակումբների հետ միասին, արդեն շուրջ հարյուր կայացած պատանի նժույգորդ ունենք: Նրանց համար կազմակերպել ենք միջազգային մրցում ու, հնարավոր է, որ այդտեղ հաղթած մեր մարզիկը մասնակցի Կանադայում կազմակերպվելիք պատանեկան մրցաշարին:

– Ձիասպորտում հաղթանակը ձեռք է բեր վում հեծյալի ու նժույգի միասնական ջանքերով: Լավ նժույգներ ունե՞նք:

– Դա մեր ամենացավոտ խնդիրներից է: Հայաստանում նժույգների մեծ մասն արդեն տարիքն առել է: Իսկ նոր գնվածները կամ բուծվածները դեռ այնքան չեն մեծացել, որպեսզի պահանջվող բարձր արդյունքները ցույց տան: Մոտ տասը տարի կորցրել, ետ ենք մնացել: Ստիպված ենք առայժմ մի քանի տարի էլ սպասել:

– Նժույգը մրցավայր տանելու հետ կապված բարդությունները երբեւէ կհարթվե՞ն:

– Հարցի լուծման լավագույն տարբերակը, կարծում եմ, գտել ենք: Կենդանուն տեղափոխելու երկու տարբերակ կա. օդանավով, որ շատ թանկ հաճույք է եւ պահանջվող գումարը գրեթե մի նժույգի գին է, եւ մեքենայով, որը շատ վտանգավոր է: Նախ մեծ է ճանապարհին կենդանու վնասվածք ստանալու հավանականությունը, ապա՝ սահմաններն անցնելիս չի բացառվում, որ տվյալ երկիրը ձին երկար ժամանակ կարանտինում պահի: Նպատակահարմարը նոր նժույգներ ձեռք բերելն ու Եվրոպայում պահելն է: Դա եւ ավելի մատչելի կլինի, եւ ավելի հարմար:

– Անգամ մեկ մարզաձեւ հովանավորելը մեծ ներդրումներ է պահանջում, ու շատերը դժվարությամբ են դիմանում «ծանրաբեռնվածությանը»: Իսկ դուք նաեւ պահում եք ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Ուլիս» թիմը, օգնում եք կարտինգ մարզաձեւին: Չե՞ք դժվարանում:

– Իսկ ո՞ր գործն է հեշտ: Եթե մի բան սիրում ես ու հանձն առնում՝ պիտի անես հաճույքով ու գնաս մինչեւ վերջ, որքան էլ դժվար լինի: Ակումբի նախագահը հորեղբորս որդին է՝ Գառնիկ Հայրապետյանը: Մենք մտածելակերպով միմյանց շատ ենք նման: Նա նախկինում ֆուտբոլիստ է եղել ու հիմա էլ ամբողջովին նվիրվել է իր գործին: «Ուլիսը» այս տարի է կազմավորվել: Համալրված է տեղի կադրերով: Բայց հաջորդ տարի լեգեոներականներ էլ ենք հրավիրելու: Ակումբին կից ունենք պատանեկան խմբեր: Այ, հիմա էլ նոր հավաքագրում ենք հայտարարել: Թիմը մարզվում է նաեւ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում: Նպատակ կա տարածքում խոշոր համալիր ստեղծել, որտեղ կարելի կլինի զբաղվել տարբեր մարզաձեւերով:

– Կարտինգը Հայաստանում էկզոտիկ մարզաձեւ կարելի է համարել: Դա ինչպե՞ս հայտնվեց ձեր տեսադաշտում:

– Այն, ինչ կապված է ձիաուժի, արագության հետ, բարձրացնում է ադրենալինը, ես ներկա եմ: Շարժիչի հզորությունը ձիաուժով է չափվում: Մենք կարտինգի երկու թիմ ունենք՝ «Արարատ» հյուրանոցինը եւ «Նոկիան»: Անցած շաբաթ «Փլեյ Սիթիում», որտեղ կարտինգի բավականին որակյալ մրցուղի կա կառուցված, կազմակերպել էինք «Արարատ» հյուրանոցի գավաթի խաղարկություն երեխաների միջեւ, որին մասնակցեց ինը թիմ: Հետաքրքիր էր: Համոզված եմ, որ հաջորդ տարի թիմերի թիվը կտրուկ ավելացած կլինի: Եվ քանի որ առիթը ներկայացավ, վերջում ասեմ, որ ինքս երկար տարիներ զբաղվել եմ թենիսով: Շատ ժամանակ չի անցնի եւ ձիարշավարանում կգործի թենիսի մի քանի կորտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել