Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռեգբին թանկ հաճույք է»

Նոյեմբեր 13,2006 00:00

\"\"«Հայաստանում ռեգբին երիտասարդ մարզաձեւ է եւ հեքիաթային հաջողություններ ակնկալել այս մարզաձեւից, կարծում եմ, սխալ կլինի»,- ասում է Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի (ՀՌՖ) նախագահ Յուրի Բեգլարյանը:

Ըստ նրա՝ վերջին երեք տարիներին հաջողություններ, այնուամենայնիվ, արձանագրվել են: Դրան հատկապես նպաստեց վերջերս Սոպոտում տեղի ունեցած Ռեգբիի Եվրոպայի գլխավոր քարտուղարների ժողովին Հայաստանի ներկայացուցիչների՝ գլխավոր քարտուղար Արմենակ Ադամյանի եւ նախագահ Յուրի Բեգլարյանի մասնակցությունը, ինչը հնարավորություն տվեց հանդիպել եվրոպական տարբեր երկրների գործընկերների հետ, կիսվել աշխատանքային փորձով եւ ձեռք բերել գործնական մի շարք պայմանավորվածություններ: Մինչեւ 2008 թվականը Հայաստանի 30-60 մարզիկ-մարզիչներ հնարավորություն կունենան ուսանելու եւ վերապատրաստվելու Ռումինիայում, Բելգիայում, Ֆրանսիայում ու եվրոպական այլ երկրներում գործող ռեգբիի ակադեմիաներում: Այս կերպ ռեգբին սիրողականից կվերածվի պրոֆեսիոնալի: ՀՌՖ-ն եւս պատրաստակամ է ուսանելու ուղարկել այնպիսի երիտասարդների, ովքեր ունենք ֆիզդաստիարակության, սպորտային բժշկության եւ ռեգբիի որոշակի իմացություններ եւ տիրապետում են անգլերենին կամ ֆրանսերենին:

Ի դեպ, միջազգային մրցաշարերում՝ թե Հայաստանի, թե Սփյուռքի մարզիկները հանդես են գալիս Հայաստանի դրոշի ներքո եւ լայն ճանաչում ունեն մարզաշխարհում:

ՀՌՖ-ի գլխավոր հիմնախնդիրը մարզիչների, մրցավարների վերապատրաստման ու վճարման հարցն է: Գլոբալ աշխատանքներ պետք է տարվեն դաշտերի վերականգնման, ոռոգման ու խնամքի ուղղությամբ: Ֆեդերացիան ներկայումս ունի չորս ակումբ, մարզիկները մարզվում են, մեղմ ասած, վատ պայմաններում՝ փոշոտ, խոտածածկից զուրկ դաշտերում: Կա նաեւ գնդակների, մարզահագուստի, տրանսպորտային միջոցների անհրաժեշտություն: Պետական ֆինանսավորում, մարզաձեւի պահպանման ու զարգացման համար, եւս չկա: Այս տարի ֆեդերացիան Սպորտպետկոմիտեին ներկայացրել է 2007 թվականի ռեգբիի զարգացման ծրագրեր՝ ֆինանսավորում ստանալու ակնկալիքով:

Նշենք, որ Կենտրոն համայնքի մի քանի հանրակրթական դպրոցներում սեպտեմբերից ֆիզկուլտուրայի դասաժամերում ընդգրկված է նաեւ ռեգբի մարզաձեւի ուսուցում: Ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանի ռեկտոր Վահրամ Առաքելյանը եւս պատրաստակամություն է հայտնել, անհրաժեշտության դեպքում, համալսարանում բացել ռեգբիի ֆակուլտետ: Ֆեդերացիայի նախագահի համոզմամբ, այսպես, փոքր հասակից երեխաների մեջ հնարավոր է սեր արթնացնել տղամարդկային այս մարզաձեւի հանդեպ: «Պարտադիր չէ, որ ռեգբիով զբաղվող բոլոր մարզիկները չեմպիոններ դառնան: Պետք է հասնենք նրան, որ սիրողական մակարդակում էլ ռեգբիի սիրահարների մեծ բանակ ունենանք: Ռեգբին երկարակյաց մարզաձեւ է, սակայն եթե ժողովուրդն այն չսիրի, չվստահի՝ չի զարգանա: Ուրեմն, որպես առողջ ապրելակերպի խորհրդանիշ, պետք է հասնենք նրան, որ այն մտնի յուրաքանչյուր բակ կամ ընտանիք»,- նշեց Յուրի Բեգլարյանը:

ՀՌՖ-ի նախագահը դժվարություններից ամենեւին չի նեղսրտում. «Ճիշտ է՝ ռեգբին թանկ հաճույք է, բայց որպես խաղ՝ հետաքրքիր է ու առողջարար: Կարծում եմ, որ Հայաստանում կան ռեգբիի զարգացման բոլոր նախադրյալները. այն մարդկանց տալիս է կամք, ինքնադրսեւորման հնարավորություն, ազարտ եւ ամենակարեւորը՝ կանայք շատ են սիրում ռեգբիստներին»:

Այժմ ՀՌՖ-ն պատրաստվում է դեկտեմբերի 1-ին Փարիզում կայանալիք ռեգբիի ֆեդերացիայի նախագահների ժողովին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել