Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՓՈՂԸ ՄԵՐ ՍՊՈՐՏԻՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՒՄ

Նոյեմբեր 13,2006 00:00

\"\"Մեծ սպորտում կայուն հաջողություններ ունենալու համար հսկայական ներդրումներ պետք է կատարել, մի բան, որ այսօր պետությունն անում է իր ունեցած հնարավորությունների առավելագույն չափով:

Եթե սրանից մոտ տասը տարի առաջ ֆիզիկական կուլտուրային եւ սպորտին պետական բյուջեից ընդհանուր առմամբ տարեկան հատկացվում էր շուրջ 350 մլն դրամ, մրցաշրջան-2006-ում միայն մեծ սպորտին՝ ուսումնամարզական հավաքների, հանրապետության առաջնությունների անցկացում, Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մասնակցություն, ինչպես նաեւ մասսայական միջոցառումների կազմակերպում, տրամադրվել է 684 մլն 347 հազար դրամ: Եկող տարի այդ թիվն աճելու է մինչեւ 764 մլն 347 հազ. դրամ: Սրան ավելացնենք հանրապետության ամբողջ տարածքում լայն թափով ընթացող մարզական շինարարությունը, տարեվերջին լավագույն մարզիկների առատ պարգեւատրությունը, առանձին մարզաձեւերին հովանավորների տրամադրած գումարները, որոնք նույնպես պատկառելի թվեր են կազմում:

Բայց պակաս կարեւոր չէ, որպեսզի այդ գումարները, որոնք սպորտի պետական կառույցն ըստ արդյունքների եւ ներկայացված ծրագրերի բաշխում է ֆեդերացիաներին, մինչեւ վերջին լուման արդյունավետ օգտագործվեն:

Օգոստոսի վերջին հեռավոր Գվատեմալայում անցկացվեց ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու էին նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Հունահռոմեական ոճում պետական միջոցներով մրցավայր գործուղված վեց հոգանոց պատվիրակության միայն ճանապարհածախսը կազմել է 6 մլն 743 հազ. 750 դրամ: Սակայն մեր երկու ըմբիշներ` 60 կգ քաշային Խոսրով Մելիքյանը եւ 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, ում հետ մեդալների լուրջ հույսեր էին կապված, ճանապարհին Լոս Անջելեսի օդանավակայանում հանդիպելով ծանոթ-բարեկամների, գնացել էին քաղաք եւ վերադառնալիս, ընկնելով խցանման մեջ, ուշացել թե օդանավից, թե ժամանակին մրցավայր ներկայանալուց, որի համար զրկվել էին առաջնությանը մասնակցելու իրավունքից: Հետո, երբ արդեն Երեւանում քննարկվել է նրանց հարցը, ֆեդերացիայում բավարարվել են ընդամենը նկատողություն ու նախազգուշացում հայտարարելով: Մինչդեռ, հենց միայն ճանապարհածախսով նրանցից յուրաքանչյուրը պետությանը պատճառել է գրեթե 1 միլիոն 123 հազար դրամի վնաս: Էլ չենք հաշվում, թե սկսած տարեսկզբից, պետության գրպանից որքա՞ն դրամ է ծախսվել նրանց համար հավաքների կազմակերպման, սննդի ու վիտամինների ձեռքբերման, տարբեր մրցումների գործուղման, համազգեստ գնելու, թոշակի կամ աշխատավարձի ու էլի հազար ու մի բանի վրա:

Երբ Գագիկ Ծառուկյանն ընտրվեց ՀԱՕԿ-ի նախագահ, հենց առաջին ելույթում հայտարարեց, որ իր գլխավոր նպատակը 2008 թվականին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի պետական դրոշը բարձրացնելն է, որի համար ոչինչ չի խնայելու: Նա հանրապետության առաջատար մարզիկներին ու հավաքականների մարզիչներին խոստացավ, որ օլիմպիական խաղերի նախապատրաստական ողջ ցիկլում կլուծվեն նրանց բոլոր խնդիրները, սկսած մարզականից, մինչեւ սոցիալական, անձնական ու անգամ ընտանեկան: Միայն թե մինչեւ օլիմպիական խաղերն անցկացվելիք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մրցանակակիրներ ունենանք: Այսինքն, համոզված լինենք, որ հանրապետությունում առաջիկա օլիմպիական խաղերի մեդալների իրական հավակնորդներ կան կամ աճում են: Այդ օրվանից հետո չեմպիոններն ու մրցանակակիրները, նրանց անձնական ու հավաքականների մարզիչները, բժիշկները պարոն Ծառուկյանից որպես խրախուսանք ստացել են ավտոմեքենաներ, դրամական խոշոր պարգեւներ եւ, որքան տեղյակ ենք, անգամ՝ բնակարան: Բայց ՀԱՕԿ-ի նախագահը նաեւ զգուշացրել էր, որ անհրաժեշտության դեպքում դրսից մարզիկներ կգնի, որքան էլ պետք լինի վճարել: Այս տարի պարոն Ծառուկյանը մի քանի լեգեոներական ըմբիշ բերեց Հայաստանի ազգային հավաքականներ: Թե ի՞նչ պայմաններով, հստակ չգիտենք: Ու դրա հարկն էլ, գուցե, չկա: Նրանց ծախսերը ՀԱՕԿ-ի նախագահը կատարում է իր անձնական միջոցներով: Բայց մեզ մտահոգողն այլ բան է: Հասկանալի է, որ այդ լեգեոներականներն էլ պետք է Հայաստանի դրոշի ներքո հանդես գան աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, որպեսզի այս ընթացքում լինեն հնարավորին չափ լավ մարզավիճակում, իսկ եկող տարվանից վարկանիշային մրցումներում պայքարեն մեր երկրին օլիմպիական ուղեգրեր բերելու համար: Նրանց մեջ է նաեւ հունահռոմեական ոճի գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը, ով, ինչպես պարզվեց մոտ մեկ ամիս առաջ, Չինաստանի Գուանչժոու քաղաքում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու իրավունք չունի: Երբ աշխարհի առաջնության ինտերնետային պաշտոնական կայքում Պատրիկեեւի անունը չտեսանք մրցագորգ մտած ըմբիշների ցուցակում, խիստ անհանգստացանք: Հետո միայն ռուսալեզու կայքերը մեկնաբանեցին, որ Պատրիկեեւը Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես է եկել Եվրոպայի առաջնությունում: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնադրությամբ, երբ այս կամ այն երկրի հավաքականի անդամը ցանկանում է փոխել երկիրը, նա երկու տարի ՖԻԼԱ-ի պաշտոնական մրցումներին այլ երկրի դրոշի ներքո հանդես գալու իրավունք չունի: Այս դեպքում էլ երիտասարդների պատմությունը կրկնվում է. մարզիկը պետության փողերով մեկնել է մրցավայր ու չի մասնակցել աշխարհի առաջնությանը: Հունահռոմեական ոճից Չինաստան գործուղվել էր տասը հոգուց կազմված պատվիրակություն, որի համար պետական բյուջեից ճանապարհածախսին հատկացվել էր 8 միլիոն 299 հազար 910 դրամ: Մեկ հոգին, տվյալ դեպքում՝ Պատրիկեեւը, արժեցել է մոտ 829 հազար դրամ: Ստացվում է, որ այդ գումարն էլ անիմաստ կորել է ու դրա համար ոչ ոք չի պատժվելու:

Հնարավոր չէ, որ օլիմպիական կոմիտեի նախագահը հիմնավորապես ծանոթ լինի բոլոր մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների կանոնադրություններին: Հետեւաբար, երբ նա հրավիրում էր լեգեոներական ըմբիշներին, մեր մասնագետները պետք է խորհուրդ տային հրաժարվել Պատրիկեեւին ընտրելու մտքից:

Կամ, ասենք, հաճախ է լինում, որ այս կամ այն մարզաձեւում հավաքականի անդամը ամբողջ տարի նախապատրաստվում է ամենակարեւոր մեկնարկին ու հանկարծ մրցավայր մեկնելուց մի քանի օր առաջ մարզման ժամանակ վնասվածք է ստանում, հիվանդանում է ու մնում տանը: Եթե այդպես է, ուրեմն տվյալ դեպքում մարզիչներն են սխալ աշխատել կամ իրենց պարտականությունների մեջ թերացել: Ու էլի ստացվում է, որ ամիսներ շարունակ պետական միջոցներն անտեղի են վատնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել