Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նյութական վնասը հատուցվեց

Նոյեմբեր 13,2006 00:00

Զրպարտության դառը հետեւանքները

Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ Արմեն Մանուկյանի խանութի աշխատակիցներ, մայր եւ աղջիկ Աստղիկ եւ Հայկանուշ Հակոբյանները հափշտակել էին խանութից 712569 դրամ գումար: Եվ որպեսզի այդ գումարը չտային, նրանք Երեւանի Էրեբունի համայնքի ոստիկանությունում աշխատող իրենց ազգական ոստիկանի միջոցով մշակել էին «բռնաբարության» սցենար, իբր Մանուկյանը «բռնաբարել» է Հ. Հակոբյանին: Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, Մանուկյանը մի ամբողջ գիշեր ապօրինի պահվել էր Էրեբունու ոստիկանությունում:

Կատարված ապօրինության մասին նա տեղյակ պահեց դատախազությանը՝ պահանջելով քրեական գործ հարուցել Հակոբյանների եւ նրան աջակցած իրավապահների նկատմամբ՝ իրեն զրպարտելու, պատիվն ու բարի համբավը արատավորելու համար: Դատախազությունը հարուցեց քրեական գործ, ապա կարճեց այն, քանի որ Աստղիկ Հակոբյանը փաստաթղթեր էր ներկայացրել դատախազություն, հայտնելով, թե իր աղջիկը ստացիոնար բուժման մեջ է:

Մյուս կողմից, դատախազությունը պարզեց, որ Հակոբյանները խոշոր չափերի գումար են հափշտակել Մանուկյանից: Մանուկյանը դիմեց Արարատի մարզի առաջին ատյանի դատարան՝ վերոնշյալ գումարի բռնագանձման պահանջով: Դատարանը բավարարեց այդ պահանջը, սակայն դատական ակտերի հարկադիր կատարողները Հակոբյանների տնտեսությունում բռնագանձման ենթակա գույք չհայտնաբերեցին: Հրապարակային սակարկության դրվեց Մասիսի 3-րդ թաղամասի 10-րդ շենքի 30 հասցեում գտնվող Հակոբյանների բնակարանը:

Այս տարվա հոկտեմբերի 13-ին մարզի առաջին ատյանի դատարանում Աստղիկ Հակոբյանը հայտարարեց, թե իրենք հնարավորություն չունեն հատուցել Մանուկյանին պատճառած վնասը: Տեղեկացնենք, որ դատարանը առժամանակ հետաձգեց վճռի կատարումը, քանի որ նշանակել էր դատաապրանքագիտական փորձաքննություն, բնակարանի շուկայական արժեքը ճշտելու նպատակով:

Արմեն Մանուկյանը օրեր առաջ հրաժարվեց իր հայցից, քանի որ Հակոբյանները գումարն ամբողջովին վերականգնել են: Բնականաբար, բնակարանի վրա դրված արգելանքը հանվել է:

Մանուկյանը եւ նրա ներկայացուցիչ փաստաբանը՝ Սեդա Սաֆարյանը նյութական վնասի հատուցման մասով կարծես բավարարված են, սակայն բարոյական վնասի մասով նրանք մտադիր են շարունակել իրենց պայքարը:

Նախկին ազատամարտիկին՝ Արմեն Մանուկյանին Մասիսում ճանաչում եւ հավատում են նրա ընկերները, որոնք դատական գրեթե բոլոր նիստերին մասնակցել եւ աջակցել են նրան: Մեր տեղեկություններով, Հակոբյանները մտադիր են հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենց նախկին գործատուից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել