Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴՐՎԱԾ Է ՄԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Նոյեմբեր 13,2006 00:00

\"\"Երեկ համալսարանում հայտարարեց Սերժ Սարգսյանը

«Սա լինելու է այն քաղաքական փաստաթուղթը, որը պարտադիր է լինելու պետական բոլոր կառույցների եւ պետական բոլոր պաշտոնյաների համար: Կարծում եմ, որ պիտի արդեն անցնեն այն ժամանակները, երբ պետական տարբեր պաշտոնյաներ նույն խնդրի մասին արտահայտում են տարբեր կարծիքներ եւ շատ դեպքերում՝ իրարամերժ կարծիքներ»,- հայտարարեց պաշտպանության նախարար եւ տվյալ դեպքում՝ անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը: Նա երեկ ԵՊՀ էր այցելել ազգային անվտանգության ռազմավարության շուրջ գիտխորհրդի ընդլայնված նիստում քննարկում ծավալելու նպատակով: ԵՊՀ բուհական խորհրդի նախագահ դառնալուց հետո՝ սա առաջին այցն էր համալսարան:

Պարոն Սարգսյանը հարկ չհամարեց մանրամասնել բուն ռազմավարությունը, այլ ներկայացրեց փաստաթղթի «անցած ուղին»: Կանխելով այն հարցը, թե ինչու է մեր պետության ազգային անվտանգության ռազմավարությունը մշակվում հենց պաշտպանության նախարարությունում, Ս. Սարգսյանը հիշեցրեց՝ քանի որ ինքը անվտանգության խորհրդի քարտուղարն է, իսկ խորհուրդն էլ աշխատակազմ չունի, ուստի այդ գործընթացը դրվել է ՊՆ-ի վրա: Պրն Սարգսյանը հպարտությամբ արձանագրեց, որ փաստաթուղթը մշակելիս իրենք խուսափել են գոյություն ունեցող այն 2 տարբերակներից, երբ պարզապես արտագրում են այլ պետության ազգային անվտանգության ռազմավարությունից կամ փաստաթուղթը մշակելու համար հրավիրում այլ երկրների մասնագետների: Մերոնք հենց իրենք են մշակել մեր ազգային անվտանգության ռազմավարությունը, փորձաքննության ուղարկել ԱՄՆ, ՌԴ եւ ՆԱՏՕ, եւ բոլոր տեղերից ստացել են դրական պատասխաններ:

Ահա սա էր, որ առանձնապես դուր չեկավ համալսարանի գիտխորհրդի որոշ անդամների: Մասնավորապես, պատմության ֆակուլտետի դեկան Բ. Հարությունյանը շեշտեց, որ պետք չէ ուրախանալ այլ պետությունների փորձագետների դրական կարծիքով, քանի որ նրանք շահագրգռված չպետք է լինեն մեր պետության ազգային անվտանգության լավ ռազմավարությամբ: Իսկ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի միացյալ կարծիքը ներկայացնող ակադեմիկոս Դ. Հարությունյանը նշեց, որ փաստաթղթի 5-րդ էջում գրված է. «Հայաստանը ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության շահերի հանգուցակետն է». եւ ավելացրեց. «մի քիչ պետք է զուսպ գրենք՝ կետերից մեկը, թե չէ ամբողջ աշխարհը չի ֆոկուսացվել մեր Հայաստանի հարցերի վրա»:

Ընդհանրապես հարցերի մեծ մասն այն մասին էր, որ ռազմավարությունում առավել մեծ տեղ է հատկացված արտաքին քաղաքականության հարցերին, այնինչ ազգային անվտանգության առումով պակաս կարեւոր չեն ներքին խնդիրները՝ աղբի մշակումից մինչեւ գիտությունը արտադրողականության վերածելու հարցը: Հղում կատարելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին՝ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ ազգային անվտանգությանը վերաբերող յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ընդունվի Ազգային ժողովում: Նա համաձայն չէր Ս. Սարգսյանի այն կարծիքի հետ, որ փաստաթուղթը պետք է ընդունվի կառավարության որոշմամբ: Վերջում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ս. Սարգսյանը, միեւնույն է, մնաց իր տեսակետին, պնդելով, որ աշխարհում համարյա չկան այդպիսի օրինակներ, երբ ազգային ռազմավարության հայեցակարգն ընդունում է խորհրդարանը:

Իր տեսակետները հայտնեց նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ հորդորելով գործընկերներին կենտրոնանալ փաստաթղթի նպատակի եւ ձեւաչափի վրա ու չփորձել այս փաստաթղթի մեջ ընդգրկել մեզ հուզող ցանկացած հարց: Անդրադառնալով այն դիտարկումներին, թե ռազմավարության մեջ ավելի մեծ տեղ է հատկացված արտաքին քաղաքական խնդիրներին՝ պրն Մկրտչյանը նկատեց, որ մեր տիպի պետություններն այսօր առավել շատ կախված են արտաքին ազդակներից եւ ուղղորդումներից, եւ դա է պատճառը, որ փաստաթղթում այդ հարցերին ավելի մեծ տեղ է տրված: Լեւոն Մկրտչյանի այդ մտքի հետ լիովին համաձայնեց Սերժ Սարգսյանը՝ հավելելով. «Պարոն Մկրտչյանը այնպես ասաց, կարծես ես ասացի»: Իբրեւ եզրափակում էլ Ս. Սարգսյանը նշեց, որ այսօր մեր ֆիզիկական գոյության պահպանության խնդիրն է դրված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել