Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուսանողները կվերահսկե՞ն բարեփոխումները

Նոյեմբեր 13,2006 00:00

\"\"Երեկ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպել էր խորհրդաժողով՝ «Կրթական բարեփոխումներ, հիմնախնդիրներ» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին մի շարք ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաեւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Հաշվի առնելով բուհական համակարգի բարեփոխումների եւ ուսանողության շրջանում իրազեկության ու մասնակցության կարեւորությունը՝ երիտասարդ դաշնակցականները ստանձնել էին բարենորոգումների ողջ ընթացքը հետեւելու եւ դրանում նաեւ այլ կազմակերպություններ ներառելու նախաձեռնությունը, որը կհաստատվի առաջիկայում ԿԳ նախարարության հետ համատեղ կնքվելիք հուշագրով: Տեղեկացնենք, որ խորհրդաժողովից հետո մասնակից երիտասարդները ցանկության դեպքում կընդգրկվեն բուհական բարեփոխումները վերահսկող կոորդինացիոն խորհրդում: Ըստ «Նիկոլ Աղբալյան» միության հրապարակած հայտարարության, վերոնշյալ խորհրդի թիրախային գործառույթը պետք է լինի բուն կրթական բարեփոխումներին աչալրջորեն հետեւելը, ինչպես նաեւ դրանցում տեղ գտած անհարթություններին արձագանքելը եւ լուծելը: Նախարարն իր կողմից պատրաստակամություն հայտնեց ֆինանսավորել երիտասարդական վերահսկողական կառույցի ցանկացած նախաձեռնություն, եթե այն կծառայի իր բուն նպատակին:

Այսպիսով՝ երիտասարդները պետք է օգնեն ՀՀ կրթության ոլորտի պատասխանատուներին՝ կազմակերպել զանազան մոնիտորինգներ, ստուգել հասարակության վերաբերմունքը բարեփոխումների նկատմամբ, կատարել նաեւ ուսանողական լայն շրջանակների կարծիքների հաշվարկում: Լ. Մկրտչյանը նշեց, որ բարեփոխումների ողջ գործընթացը վերահսկելու համար կստեղծվեն 5 մասնագիտական խմբեր՝ որակավորումների, կրթական ազգային որակի, կրեդիտային համակարգի, կրթական աստիճանների եւ բուհերի կառավարման ու ֆինանսավորման ուղղություններով:

Երեկ «Առավոտը» նախարարից հետաքրքրվեց նաեւ բարեփոխումների՝ հանրակրթությանը վերաբերող հատվածից: Արդյոք ի՞նչ արդյունքներ են գրանցվել վերջերս հայոց լեզու, գրականություն եւ քիմիա առարկաներից անցկացված միասնական եւ ավարտական նոր քննակարգի փորձարկումից: Նախարարը պատասխանեց. «Գնահատականների ստուգումն արդեն ավարտվել է, եւ մենք պիտի փորձենք մեր որոշակի նկատառումները ամրագրել: Նախ եւ առաջ որոշակի արմատական փոփոխություն կլինի տեխնիկական մասով: Բոլորն էլ նկատեցին, որ երեխաների մուտքը, տեղադրումը, գրավորների ներկայացումը շատ ավելի վատ էր կազմակերպված, քան ներկայումս մենք իրականացնում ենք կենտրոնացված ընդունելության քննությունների ժամանակ: Այս փորձարկման արդյունքների հիման վրա որոշվել է, որ եւ՛ առաջին, ե՛ւ երկրորդ տարբերակները կգնան միայն մեքենայական ստուգման: Շարադրության հատվածը եւ երկրորդ տարբերակի ներկայիս ձեւը, իմ կարծիքով, օբյեկտիվ քննությունը դնում է կասկածի տակ: Դա նշանակում էր մոտ 120 ստուգող դասախոս եւ 4 շաբաթ ստուգման ընթացք»: Ըստ նախարարի, թեստերից կհանվի շարադրության կետը եւ որոշակի բեռնաթափում կլինի Ա տարբերակում: Մինչեւ նոյեմբերի 20-ը կներկայացվեն թեստի վերջնական տարբերակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել