Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կրծքագեղձի ուռուցքը «երիտասարդացել է»

Նոյեմբեր 13,2006 00:00

Քաղցկեղի պատճառ կարող են լինել չամուսնանալը, երեխա չունենալը եւ երեխային կրծքով չկերակրելը

Եթե տասը տարի առաջ մինչեւ 30 տարեկան կանանցից կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվում էր հազարից մեկի մոտ, ապա այսօր տարեկան մոտ 50 այդ տարիքի կին է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը: Նրա խոսքերով, հիվանդությունը երիտասարդացել է, քանի որ այսօր շատ կանայք չեն ցանկանում ամուսնանալ, երեխաներ ունենալ եւ կրծքով կերակրել, ինչն արդեն իսկ, ըստ մասնագետի, լուրջ պատճառ կարող է լինել այս հիվանդության ի հայտ գալու եւ աճի համար. «Քաղցկեղների առաջացման պատճառները շատ տարբեր են. այն կարող է փոխանցվել գեներով կամ առաջանալ հորմոնալ խանգարումների հետեւանքով եւ այլն: Բացի այդ, կանայք պրոֆիլակտիկ հետազոտության քիչ են դիմում, հատկապես սոցիալապես անապահով խավը։ Շատերը մտածում են, որ դա շատ թանկ կարժենա, մինչդեռ հասարակության գիտակցության մեջ դեռ արմատավորված չէ այն միտքը, որ հիվանդությունը կանխելն ավելի հեշտ է, քան խրոնիկ վիճակում բուժելը: Մեզ մոտ առողջապահական ապահովագրություն չկա, որպեսզի մարդիկ կարողանան ժամանակին հետազոտվել եւ հիվանդությունը կանխել: Այստեղ ավելի շուտ գործատուները հիվանդ աշխատողին գործից ազատում են, քան ապահովագրության համար վճարումներ կատարում»: Կենտրոնի տնօրենի համոզմամբ, եթե կինը տարեկան գոնե մեկ անգամ հաճախի բժշկի կամ տնային պայմաններում ստուգի կրծքագեղձը ու կասկածի դեպքում գնա ամբուլատոր ստուգումների, ապա շատ ավելի հեշտ կլինի հիվանդության բուժումը: Հասարակության մեջ տարածված այն կարծիքը, թե ատոմակայանը, բջջային հեռախոսները, «ԱրմենՏելի» արբանյակային անտենաները եւ շրջակա միջավայրը նպաստում են քաղցկեղների առաջացմանը, պարոն Գալստյանն այնքան էլ չի կիսում:

«Ասել, թե էկոլոգիան կամ ատոմակայանը խթանում են հիվանդության առաջացմանը, ճիշտ չէ, քանի որ մենք չունենք համապատասխան հետազոտությունների տվյալներ»: Հ. Գալստյանի ներկայացմամբ՝ քաղցկեղների աճ է նկատվում ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում. «Օրինակ, կան կլիմայական այնպիսի գոտիներ, որտեղ ուլտրամանուշակագույն ճառագայթներն ավելի ուժեղ են եւ կարող են մաշկի քաղցկեղ առաջացնել, սակայն չի կարելի ասել, որ նման գոտիներ ունեցող երկրներում քաղցկեղի դեպքեր ավելի շատ են արձանագրվում, քան մեկ այլ երկրում»: Բժշկի ներկայացմամբ, կանանց մոտ քաղցկեղներից ամենաշատ հանդիպողը կրծքագեղձինն է, իսկ տղամարդկանց մոտ՝ թոքերինը: Այն հարցին, թե որքանով է կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը նպաստում սիլիկոնային իմպլանտատորը, ուռուցքաբանը պատասխանեց. «Շատ քիչ, սակայն եթե կրծքագեղձից հեռացվել է նորագոյացությունը եւ հետո տեղադրվել է սիլիկոնը, ապա հետագայում դա կարող է խանգարել նոր ուռուցքի հայտնաբերմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել