Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԵՌ ԾԱԽԵԼՈՒ ԲԱՆ ԿԱ

Նոյեմբեր 13,2006 00:00

\"\"Իսկ 3-4 տարի առաջ, երբ Կապանի քաղաքապետ Արմեն Կարապետյանի ներկայությամբ խոսք էր գնում քաղաքի համայնքային սեփականության ինչ-որ գույք կամ տարածք վարձակալելու կամ օտարելու մասին՝ նա, ըստ «Սյունյաց երկիր» թերթի, անմիջապես հայտարարում էր՝ «Աթաջը (նախկին քաղաքապետ Գագիկ Աթաջանյան) բա՞ն ա թողել, որ տանք: Ամեն ինչ ծախծխվել է»:

Հոկտեմբերի 10-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքում ավագանու աննախադեպ ու մարզկենտրոնում մեծ աղմուկ բարձրացրած նիստ է եղել: Բանն այն է, որ թեեւ անցած մի քանի տարիների ընթացքում, կապանցիների փոխանցմամբ, համայնքի ավագանու ոչ մի նիստ չի եղել, որտեղ համայնքային նշանակության հողատարածքի կամ գույքի օտարման հանելու մասին որոշում կայացրած չլինի, բայց հիշյալ նիստում քննարկված նմանատիպ հարցերի թիվը վեր է եղել, թերեւս, նաեւ ավագանիների երեւակայությունից: Այսպես, հիշյալ օրը ավագանու նիստի օրակարգում եղած 8 հարցից 6-ը ուղղակի կամ անուղղակի վերաբերել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի, գույքի օտարմանը: Դրանցից մեկով Կապանի «հանրապետական» քաղաքապետ Արմեն Կարապետյանն առաջարկել է հրապարակային սակարկությամբ օտարել նաեւ Կապանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի՝ նախկին «Պիոներ պալատի» շենքի 1/3 մասը, որը կազմում է մոտ 950 քմ: Ընդ որում, սույն որոշման մեջ խոսք անգամ չկա, թե ինչո՞ւ է օտարվում կառույցը, որտեղ ներկայումս անցկացվում են մարզական, մշակութային բնույթի միջոցառումներ: Հայտնի չէ նաեւ, թե կառույցի ապագա սեփականատերն այդ տարածքը որպես ի՞նչ է օգտագործելու: Համենայնդեպս, դրա մասին եւս ավագանու կայացրած որոշման մեջ ոչ մի տող չկա:

Կապանցիներից մեկի փոխանցմամբ, քաղաքապետի այս որոշմանը, որը սկսվել ու ավարտվել է նմանատիպ հարցերի քննարկման դեպքում արդեն շաբլոն դարձած սկիզբ ու ավարտով՝ «տալ համաձայնություն Արմեն Կարապետյանի առաջարկությանը» եւ «առաջարկել քաղաքապետ Արմեն Կարապետյանին՝ սակարկություն անցկացնել ՀՀ օրենքով սահմանված կարգով», «կողմ» են քվեարկել ավագանու 15 անդամներից 14-ը: Միակ «դեմը» եղել է ավագանու անդամներից մեկը, որը ներկայացնում է «Օրինաց երկիր» կուսակցությունը: Կապանցիների ասելով, այս մարդու վիճակը մինչ այդ որոշմանը դեմ լինելն էլ մի բան չի եղել. տեղական իշխանությունները երկար են փորձել ստիպել նրան, որ դուրս գա ՕԵԿ-ից, բայց՝ ապարդյուն: Այդուհանդերձ, ՕԵԿ-ի անդամ ավագանուն հատկապես այդ որոշումից հետո սկսել են լրջորեն «նեղել»:

Հիշյալ որոշման առնչությամբ Սյունիքում հրապարակվող «Սյունյաց երկիր» թերթը դեռ հոկտեմբերի 15-ի՝ «Նժդեհի անվամբ ծպտվածները» հոդվածում փոխանցել էր, թե տպավորություն կա, որ քաղաքապետն ուր որ է հեռանալու է քաղաքապետարանից ու դրա համար որոշել է աննախադեպ ինտենսիվությամբ քաղաքում ամեն ինչ վաճառել:

Կապանում մեր աղբյուրներից մեկը ենթադրեց, որ կենտրոնն աճուրդի հանելու համաձայնությունը ավագանիները վաղուց են կայացրած եղել՝ դեռ մինչեւ նիստը, պատրաստ է եղել նաեւ որոշման տեքստը, իսկ նիստում այդ համաձայնությունն ուղղակի ամրապնդվել է: Մյուս կողմից, մտահոգություն կա, թե շենքի 1-ին հարկը մասնավորեցնելուց հետո ի՞նչ նպատակների կծառայի ու արդյոք չի՞ նպաստի կենտրոնի ընդհանրապես վերացմանը, մանավանդ որ՝ մարզում ու առավել եւս Կապանում մանկապատանեկան ու ընդհանրապես մշակութային, մարզական օջախներ, ինչպիսին է աճուրդի հանված կենտրոնը, չկան, իսկ մանկապատանեկան համար ժամանցի վայրերն ու զբաղմունքն այնքան էլ շատ չեն:

Քաջատեղյակ մեր աղբյուրների ասելով, ի դեպ, մինչ այդ էլ քաղաքի օտարվող հողատարածքների մեկնարկային գները էականորեն ցածր են եղել գործող շուկայական գներից, ու կասկած չկա, որ այս մի շենքի դեպքում էլ գնորդը հաստատ այն չնչին գնով է ձեռք բերելու, առավել եւս, որ դրա մեկնարկային գնի մասին ոչ մի տեղ ոչինչ գրված չէ:

Մարզպետարանն առայժմ պաշտոնապես չի արձագանքել Կապան համայնքի ավագանու սույն որոշմանը, թեեւ հայտնի է, որ որոշումից հետո մարզպետարանում խորհրդակցություն է եղել, որտեղ հրավիրված է եղել նաեւ քաղաքապետ Ա. Կարապետյանը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մարզում եղած տեղեկությունների համաձայն, մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ «Լիսկա», ու քաղաքապետի հարաբերություններն այնքան էլ լավ չեն, մենք փորձեցինք ճշտել, թե՝ հնարավո՞ր է, որ դրանք նպաստեն կենտրոնի աճուրդի մասին որոշումը վերանայելուն:

«Մենք լսել ենք, որ քննարկումներ են եղել, բայց պաշտոնական արձագանք չկա: Ցավոք, օրենսդրական դաշտն էլ կատարյալ չի, ու գործող Սահմանադրությամբ մարզպետարանը չի կարող համայնքի ավագանու որոշումը չեղյալ համարել: Սա բարոյական խնդիր է, թեեւ, եթե մարզպետարանն ու տարածքային կառավարման նախարարությունը սկզբունքային մոտեցում ցուցաբերեն՝ հնարավոր է այդ որոշումը վերանայել նաեւ օրինական ճանապարհով»,- ի պատասխան մեր հարցադրմանն ասաց մեր քաջատեղյակ աղբյուրը:

Ի դեպ, Կապան համայնքի ավագանու՝ իր անունը հրապարակել չցանկացող անդամը, «Սյունյաց երկիր» թերթի փոխանցմամբ, հայտարարել է, որ ոչ մի տարածք Կապանում հենց այնպես նիստի օրակարգ չի մտնում ու չի օտարվում: Նրա ասելով, հարցն օրակարգ է մտնում այն ժամանակ, երբ գնորդը քաղաքապետի հետ նախնական ստվերային համաձայնության է եկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել