Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՈՒԳԱՐՔԻ ԱՆՏԱՌՆԵՐՆ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՎՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 13,2006 00:00

Իսկ այս մասին բնապահպանության նախարարությունը տեղյակ չէ

Վանաձորում անտառային մեծ մաֆիա է գործում, եւ նույնիսկ անտառապահները, որ կոչված են պահպանելու կանաչ տարածքները, խոստովանում են, որ իրենք այդ մաֆիայի դեմ անզոր են: Օրերս լրագրողներին նման մտահոգություն է հայտնել Լոռու մարզի Գուգարքի անտառտնտեսության անտառապահ Ռոբերտ Ամբարյանը՝ Տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի կազմակերպած մեդիատուրի ժամանակ:

Մաֆիայի հեղինակները հիմնականում այն խոշոր օլիգարխներն են, որոնք հայաստանյան շուկայում մանրահատակի բավականին եկամտաբեր բիզնեսով են զբաղված:

Մասնագետները վստահեցնում են, որ Գուգարքի անտառներից լավորակ մանրահատակ է ստացվում: Թերեւս դա է պատճառը, որ ներկայումս Հայաստանի անտառներից հատկապես Գուգարքինը բնապահպանական առումով, մեղմ ասած՝ տխուր վիճակում է: Սա «Առավոտի» հետ զրույցում հաստատեց նաեւ «Հայանտառի» գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Նրա ներկայացմամբ՝ «անտառապահը, անգամ եթե շատ ուզենա, չի կարող այդքան հսկայական տարածքը վերահսկել: Պետությունը վերջին տարիներին ոչ մի ներդրում չի արել, ոչ մի տեխնիկա չեն տվել, նույնիսկ հակահրդեհային սարքեր չկան: Այս տարվա բյուջեով նոր նախատեսվել է 50 ձի, մեքենաներ ու տրակտորներ»:

Գուգարք այցելած լրագրողներին տեղի բնակիչները տեղեկացրել էին, որ անտառների 90%-ն արդեն ապօրինի հատման է ենթարկվել: Սա բավականին մտահոգիչ ցուցանիշ է, որի մասին, ինչպես պարզեցինք, բնապահպանության նախարարությունում տեղյակ չեն: Ըստ նախարարության բնապահպանական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Թամալյանի, իրենք ոչ մի ահազանգ չեն ստացել, եւ եթե նման բան լիներ՝ իրենք կիմանային: Մինչդեռ այն, որ ապօրինի անտառահատումներ եղել են, տեղյակ էր թե՛ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, թե՛ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Մարզպետը մեզ հետ զրույցում հաստատելով, որ ծառահատումներ իսկապես լինում են, այնուամենայնիվ, 90 տոկոս թիվը չափազանցված համարեց: Ըստ նրա, «կարելի է կարծել՝ էլ անտառ չի մնացել, իհարկե գողանում են, բայց՝ ոչ այդքան»: Ռուբեն Պետրոսյանի խոսքերով՝ «այսօր ոչ ոք չի կարող ասել՝ անտառների քանի՞ տոկոսն է հատվել, որովհետեւ նման տվյալներ գոյություն չունեն, նոր պետք է ուսումնասիրություն անենք եւ միայն մարտին վնասի չափերը տոկոսներով կարող ենք ասել, ուստի աչքաչափով ասել, որ հենց կոնկրետ 90 տոկոսը հատվել է՝ սխալ է, թեեւ բոլորը գիտեն, որ Գուգարքում գողություն շատ է լինում, եւ վիճակն իրոք ծանր է»:

Գուգարքի անտառապահ Ռոբերտ Ամբարյանը նաեւ դժգոհել էր, որ անտառապահի աշխատանքը մինչեւ երեկոյան ժամը 6-ն է, այսինքն՝ 24-ժամյա հսկողություն չկա, ուստի բնական է, որ նման պարագայում գիշերվա ժամերին ծառերը հանգիստ կհատեն: «Հայանտառի» գլխավոր անտառապետն էլ ասաց, որ անտառապահները գիշերը չեն աշխատում. «Նրանք պարտավոր չեն աշխատել, իհարկե, եթե գիշերը մի ահազանգ լինի՝ կգնան, բայց պարտավոր չեն գիշեր-ցերեկ հսկել»: Մինչդեռ երեկ Գուգարքի անտառապետ Գագիկ Ամիրյանն իր գործընկերոջ՝ Ամբարյանի ասածները «սվաղելու» համար «Առավոտին» հավաստիացնում էր, որ իրենց անտառներում ոչ թե 24-ժամյա, այլ նույնիսկ 26-ժամյա հսկողություն է: Նա նաեւ վստահեցնում էր, որ Գուգարքում անտառային մաֆիա էլ չկա, եւ ինքը որեւէ օլիգարխի չի ճանաչում, որն իրենց հետ համագործակցելով՝ մանրահատակի բիզնես անի: Սակայն ընդամենը մի քանի օր առաջ Լոռու մարզի դատախազությունում քրգործ է հարուցվել, ըստ որի՝ հենց Լոռու մարզի բնապահպանական տեսչության պետն ու իր տեղակալը բնակիչ Սվետլանա Սաքանյանի հետ հանցավոր համաձայնության են եկել ու լորենի տեսակի ապօրինի փայտանյութի գործ արել՝ 1 խմ-ի համար ստանալով 15 հազար դրամ:

Նկատենք, որ Գուգարքի անտառների անմիջապես հարեւանությամբ սղոցարաններ են գործում, որտեղ էլ տեղում ծառերը սղոցվում ու տեղափոխվում են շուկա կամ արտադրամաս: Սղոցարանների առկայությունը հեշտացրել է փայտագողերի գործը: Գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն էլ հաստատեց, որ, իրոք, սղոցարաններ կան եւ որ այն մանրահատակի բիզնեսին նպաստում է, բայց, ըստ նրա, «ավելի լավ է փայտը մանրահատակ դառնա եւ արտադրությանը զարկ տա, մեր տնտեսությունը զարգացնի, քան վառարանում վառվի ու գնա»: Անտառապետի այսպիսի տրամաբանությունն առնվազն միամտություն է, որովհետեւ մանրահատակի բիզնեսից ոչ թե տնտեսությունն է զարգանում, այլ՝ մի քանի մարդու գրպանն է լցվում:

Համաշխարհային բանկի վերջին ուսումնասիրության համաձայն, Հայաստանում մեկ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ օգտագործվել է ավելի քան 1 մլն խմ փայտ: Ընդ որում, ընդամենը 100 հազար խմ փայտանյութն է հատվել օրինական ճանապարհով, այսինքն՝ օգտագործված փայտանյութի 90 տոկոսը հատվել է ապօրինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել